19:52  ,  28 ապրիլի, 2013

«Շախտյոր» - «Մետալիստ»՝ 1:1. «Շախտյորը»՝ Ուկրաինայի 8-ակի չեմպիոն

Դոնեցկի «Շախտյորը» չորրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն:

Ուկրաինական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում «Շախտյորն» ընդունել էր երրորդ տեղում գտնվող Խարկովի «Մետալիստին»: Հաղթանակի կամ ոչ ոքի խաղալու դեպքում Միրչա Լուչեսկուի թիմն առաջնության ավարտից 4 տուր առաջ կապահովեր չեմպիոնի տիտղոսը: Գրանցվեց 1:1 հաշիվը եւ «Շախտյորը» 8-րդ անգամ հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն:

Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց «Շախտյորի» նախկին հարձակվող Մարկո Դեւիչն՝ առաջ մղելով խարկովցիներին: 84-րդ րոպեին բրազիլացի Իլսիյնոն խփեց դաշտի տերերի պատասխան գնդակը՝ վերջակետ դնելով խաղին:

Ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը կրկնած Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու եւս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում արդյունավետության ռեկորդ կսահմանի:

«Շախտյորն» ունի 71 միավոր եւ 16 միավորով գերազանցում է «Մետալիստին»: Երկրորդ տեղում գտնվող Կիեւի «Դինամոն» ունի 56 միավոր:

Ուկրաինայի առաջնություն. 26-րդ տուր 

«Շախտյոր» - «Մետալիստ»՝ 1:1

Իսլիսնյո, 84 – Մարկո Դեւիչ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում