00:36  ,  25 ապրիլի, 2013

Չեմպիոնների լիգա. Լեւանդովսկի - «Ռեալ»՝ 4:1

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:

Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով, սակայն արձանագրվեց դարպասի 2 գրավում: Դորտմունդցիներն ավելի ակտիվ էին խաղի սկզբնամասում, եւ 8-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին առաջ մղեց դաշտի տերերին: «Ռեալի» խաղը չէր ստացվում ոչ դաշտի կենտրոնում, ոչ էլ առջեւի գծում, իսկ «Բորուսիան» դանդաղ ու անշտապ քայլերով շարժվում էր առաջ: Մեկնարկային 45 րոպեներին Ժոզե Մոուրինյոյի թիմը գոլային պահեր չստեղծեց, բայց 43-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Եվրոպայի լավագույն կոնտրոնական պաշտպաններից մեկի՝ Մատս Հումելսի մանկական սխալի հետեւանքով գնդակը հայտնվեց «Բորուսիայի» դարպասում: Գոնսալո Իգուաինը մեն-մենակ դուրս եկավ «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերի դեմ եւ փոխանցում կատարեց Կրիշտիանու Ռոնալդուին, ով իր 12-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում:

Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց: Արքայական ակումբը կաղում էր գրոհելիս, իսկ «Բորուսիան» գնալով մեծացնում էր ճնշումը: 50-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին խփեց գերմանացիների երկրորդ գնդակը, իսկ 5 րոպե անց ապացուցեց, որ Եվրոպայի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Եվ սա դեռ վերջը չէր: 66-րդ րոպեին Խաբի Ալոնսոն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում:  «Ռեալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն, իհարկե, իրացրեց հանդիպման գլխավոր հերոս, անկրկնելի Ռոբերտ Լեւանդովսկին, ով դարձավ պոկերի հեղինակ:

Հանդիպման վերջնամասում Արքայական ակումբը չկարողացավ ոչինչ փոխել եւ պարտվեց 1:4 հաշվով՝ ամբողջ խաղի ընթացքում չստեղծելով ոչ մի գոլային պահ, իսկ Յուրգեն Կլոպի թիմը եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Մադրիդում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչառաջին հանդիպում 

«Բորուսիա» - «Ռեալ»՝ 4:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 8, 50, 55, 66 (11մ.) – Կրիշտիանու Ռոնալդու, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում