00:36 25 ապրիլի, 2013Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով, սակայն արձանագրվեց դարպասի 2 գրավում: Դորտմունդցիներն ավելի ակտիվ էին խաղի սկզբնամասում, եւ 8-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին առաջ մղեց դաշտի տերերին: «Ռեալի» խաղը չէր ստացվում ոչ դաշտի կենտրոնում, ոչ էլ առջեւի գծում, իսկ «Բորուսիան» դանդաղ ու անշտապ քայլերով շարժվում էր առաջ: Մեկնարկային 45 րոպեներին Ժոզե Մոուրինյոյի թիմը գոլային պահեր չստեղծեց, բայց 43-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Եվրոպայի լավագույն կոնտրոնական պաշտպաններից մեկի՝ Մատս Հումելսի մանկական սխալի հետեւանքով գնդակը հայտնվեց «Բորուսիայի» դարպասում: Գոնսալո Իգուաինը մեն-մենակ դուրս եկավ «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերի դեմ եւ փոխանցում կատարեց Կրիշտիանու Ռոնալդուին, ով իր 12-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում:
Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց: Արքայական ակումբը կաղում էր գրոհելիս, իսկ «Բորուսիան» գնալով մեծացնում էր ճնշումը: 50-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին խփեց գերմանացիների երկրորդ գնդակը, իսկ 5 րոպե անց ապացուցեց, որ Եվրոպայի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Եվ սա դեռ վերջը չէր: 66-րդ րոպեին Խաբի Ալոնսոն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում: «Ռեալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն, իհարկե, իրացրեց հանդիպման գլխավոր հերոս, անկրկնելի Ռոբերտ Լեւանդովսկին, ով դարձավ պոկերի հեղինակ:
Հանդիպման վերջնամասում Արքայական ակումբը չկարողացավ ոչինչ փոխել եւ պարտվեց 1:4 հաշվով՝ ամբողջ խաղի ընթացքում չստեղծելով ոչ մի գոլային պահ, իսկ Յուրգեն Կլոպի թիմը եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Մադրիդում:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բորուսիա» - «Ռեալ»՝ 4:1
Ռոբերտ Լեւանդովսկի, 8, 50, 55, 66 (11մ.) – Կրիշտիանու Ռոնալդու, 43
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.