15:05  ,  23 ապրիլի, 2013

Մահացել է վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը

68 տարին չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտի սպորտի վարպետ, ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն Լեւոնի Անտոնյանը: Նա բազմիցս նվաճել է Հայաստանի եւ «Բուրեւեստնիկ» մարզական ընկերության համամիութենական խորհրդի չեմպիոնի կոչումը: 

Մարզիկի կարիերան ավարտելուց հետո Արմեն Անտոնյանը անդավաճան նվիրվեց իր մարզաձեւին եւ համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին նրա մասնագիտական հմտությունները: Ընդամենը մի քանի տարում նրա սաներից Հակոբ Պողոսյանը դարձավ ԽՍՀՄ երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր: Այնուհետեւ Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Նրա հարյուրավոր սաներից առանձնացավ նաեւ ԽՍՀՄ եւ Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր, անկախ Հայաստանից աշխարհի առաջին չեմպիոն (1993) ու մրցանակակիր, աշխարհի գավաթակիր (1994) Նշան Մունչյանը: 

Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ-ի եւ Հայաստանի հավաքականներում. նա ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում: 

Վաստակաշատ մարզչի կորստի պատճառած վիշտն անափ է գործընկերների,  նախկին ու ներկա բռնցքամարտիկների համար: Հուշերն անսահման են, քանի որ նա, հիանալի մասնագետ լինելով, նաեւ անթերի ընկեր էր` օժտված նուրբ հումորով, զարմանալի հմտությամբ նմանակում էր ու հանպատրաստի բառախաղեր ստեղծում բռնցքամարտի մարդկանց մասին: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցել է անվանի մարզիչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին: 

Արմեն Անտոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ ժամը 18-ին  Բագրատունյաց 1 հասցեում գործող հոգեհանգստի սրահում (մայրաքաղաքի 6-րդ հիվանդանոցի հարեւանությամբ):  Հուղարկավորությունը՝ ապրիլի 25-ին՝ ժամը 14-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում