15:05 23 ապրիլի, 201368 տարին չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտի սպորտի վարպետ, ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն Լեւոնի Անտոնյանը: Նա բազմիցս նվաճել է Հայաստանի եւ «Բուրեւեստնիկ» մարզական ընկերության համամիութենական խորհրդի չեմպիոնի կոչումը:
Մարզիկի կարիերան ավարտելուց հետո Արմեն Անտոնյանը անդավաճան նվիրվեց իր մարզաձեւին եւ համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին նրա մասնագիտական հմտությունները: Ընդամենը մի քանի տարում նրա սաներից Հակոբ Պողոսյանը դարձավ ԽՍՀՄ երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր: Այնուհետեւ Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Նրա հարյուրավոր սաներից առանձնացավ նաեւ ԽՍՀՄ եւ Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր, անկախ Հայաստանից աշխարհի առաջին չեմպիոն (1993) ու մրցանակակիր, աշխարհի գավաթակիր (1994) Նշան Մունչյանը:
Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ-ի եւ Հայաստանի հավաքականներում. նա ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում:
Վաստակաշատ մարզչի կորստի պատճառած վիշտն անափ է գործընկերների, նախկին ու ներկա բռնցքամարտիկների համար: Հուշերն անսահման են, քանի որ նա, հիանալի մասնագետ լինելով, նաեւ անթերի ընկեր էր` օժտված նուրբ հումորով, զարմանալի հմտությամբ նմանակում էր ու հանպատրաստի բառախաղեր ստեղծում բռնցքամարտի մարդկանց մասին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցել է անվանի մարզիչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Արմեն Անտոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ ժամը 18-ին Բագրատունյաց 1 հասցեում գործող հոգեհանգստի սրահում (մայրաքաղաքի 6-րդ հիվանդանոցի հարեւանությամբ): Հուղարկավորությունը՝ ապրիլի 25-ին՝ ժամը 14-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.