12:43  ,  15 ապրիլի, 2013

Միխայիլ Մարկոսով. Մի՞թե ինձ պետք է պատժեն Հայաստանի հավաքական գնալու համար

«Ուֆայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Միխայիլ Մարկոսովը կասկածներ ունի, որ իրեն պատժում են Հայաստանի հավաքականից հրավեր ընդունելու համար: «Սիբիրի» դարպասապահ Իլյա Տրունինի հետ բախվելու համար Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն ավելացրել է Մարկոսովի որակազրկումը մինչեւ վեց հանդիպում: «Սիբիրի» դարպասապահը ուղեղի ցնցում էր ստացել, իսկ մեղավոր ճանաչված Մարկոսովը՝ ուղեղի ցնցում եւ քթի կոտրվածք: Մարկոսովը չի ընդունում մեղքը եւ նշում է, որ բախումից առաջ չի տեսել դարպասապահին, փոխանցում է Sportbox-ը:

«Արդեն հարյուր անգամ ասել եմ, որ բախման պահին չէի տեսնում Տրունինին: Կրկնապատկերում երեւում է, որ ինձ են հարվածում: Դա ընդունեցին նաեւ լրատվամիջոցներում: Իսկ հիմա տեղի ունեցող իրադարձությունների բացատրություն չկա: Չեմ ցանկանում, որ ինձ օգտագործեն: Ես ցանկանում եմ միայն ֆուտբոլ խաղալ: Ինչո՞ւ են ինձ զրկում դրանից: Ես վերլուծել եմ բոլոր տարբերակները: Տպավորություն է, որ կամ ակումբին են հարվածում, կամ ես եմ այնպիսի քայլ կատարել, որ ինչ-որ մեկին դուր չի եկել: Եթե այս ամենը Հայաստանի հավաքական գնալու իմ որոշման պատճառով է, ապա ինչու ես պետք է հրաժարվեի: Ազգային հավաքականից հրավեր ստանալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն: Ես ծնվել եմ Ռուսաստանում, բայց իմ ընտանիքի արմատները Հայաստանից են: Մի՞թե դրա համար պետք է պատժեն»,- ասել է Մարկոսովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում