15:52  ,  2 ապրիլի, 2013

Հակոբ Աբրահամյան. Պետությունը հաշմանդամային սպորտով չի զբաղվում

«Պետությունը հաշմանդամային սպորտով չի զբաղվում: Բացարձակ որեւէ ֆինանսավորում չկա: Ֆինանսական միջոցների ահռելի պակաս ունենք: Երբ կստեղծվի առանձին հաշմադամային սպորտի կառույց, այդ ժամանակ, նոր կարող ենք հույս ունենալ, որ պարալիմպիկ մարզաձեւերը կֆինանսավորվեն ու կզարգանան Հայաստանում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյան:

Պարոն Աբրահամյան, Դուք պարբերաբար ահազանգում եք ֆինանսական խնդիրների մասին: Իրականում ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

Խոսքը մեծ խնդիրների մասին է, որոնք չեն լուծվում, որքան էլ մենք բարձրաձայնում ենք:

Ամեն տարի կառավարությունը Հայաստանի հաշմանդամների միությանը տրամադրում է 9 միլիոն դրամ: Իսկ 9 միլիոն դրամը իրականում ծիծաղելի թիվ է մեր ոլորտի համար: Այդ 9 միլիոն դրամից հաշմանդամային սպորտին հասնում է ընդամենը 3  միլիոն դրամը, ինչը բավականացնում է միայն հաշմանդամային մարզաձեւերի մեկ փառատոն անցկացնելուն:

Վերջերս մի քանի հաշմանդամային կազմակերպությունների ղեկավարներով, այդ թվում նաեւ հաշմանդամային սպորտով հետաքրքրվող անձանցով հանդիպեցինք սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Նախարարին ներկայացրեցինք հաշմանդամային սպորտում առկա խնդիրները եւ ինչ է իրականում տեղի ունենում պարալիմպիկ մարզաձեւերում: Նա խոստացավ ավելի ակտիվ կերպով հաջորդիվ շարունակել աշխատանքը այս ոլորտում:

Ընդամենը խոստացավ: Որեւէ լուրջ քայլեր չձեռնարկվեցի՞ն:

Դեռեւս կան միայն նպատակներ`hաշմանդամներին տրամադրվող 9 միլիոն դրամը հաջորդ տարի դարձնել 20 միլիոն դրամ: Իսկ այդ 20 միլիոն դրամից հաշմադնամ մարզիկներին կհասնի ընդամենը  9  միլիոնը: Սա կրկին մեզ ոչինչ չի տա, քանի որ 9 միլիոն դրամով մենք չենք կարող մեր մարզիկներին ուղարկել միջազգային մրցաշարերի, նրանց համար նոր մարզագույք, շարժասայլակ գնենք, համազգեստով ապահովենք, էլ չեմ ասում` նրանց մշտական մարզումների մասին:

Նախարարը քննարկման մասնակիցներին խնդրեց մեր կարծիքներն ու առաջարկները թղթին հանձնել, թե ինչ քայլեր անել, որպեսզի սայլը տեղից շարժվի: Ես անձամբ մեր պարալիմպիկ միության կողմից ներկայացրեցի առաջարկ, որ նախեւառաջ պետք է ստեղծվի պետական կառույց: Պետությունը հաշմանդամային սպորտով չի զբաղվում: 9 միլիոնով հաշմանդամային սպորտը երբեք չի զարգանա: 3 միլիոնը, որ մեզ հասնում է, միեւնույն է` ոչնչին չի բավականացնում, որովհետեւ տարվա բոլոր ամիսներին հովանավորներ փնտրելու գործընթացի մեջ ենք: Օրինակ` անցյալ տարի երբ անցկացնում էինք պարալիմպիկ մարզաձեւրերի փառատոն Կարմի Խաչի վերականգնողական կենտրոնում, այդ ժամանակ մեզ հովանավորեց «Հայ Ջրմուղ» ընկերությունը, մեկ միլիոն դրամ մեզ տրամադրեց, որպեսզի լիարժեք ամբողջացնեինք մեր փառատոնը:

Իսկ քանի որ մենք չենք սահմանափակվում միայն տարին մեկ անգամ փառատոն անցկացնելով, Օլիպիական խաղերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ նման

այլ կարեւորագույն միջազգային մրցաշարերի համար մշտապես նամակներ ենք գրում սպորտի նախարարությանը, ՀԱՕԿ-ին, այլ կազմակերպություններին, որպեսզի մեզ ֆինանսավորեն: Որպես կանոն, մեզ ընդառաջում են: Բայց բանն այն է, որ նամակներ գրելով՝ ոլորտը չենք կարող զարգացնել: Իսկ նամակ գրելն ու դրական պատասխան ստանալը այդքան էլ հեշտ բան չէ` նամակ գրել, հետեւից գնալ, վազվզել մինչեւ արդյունքի հասնելը: Այս ամենում մոտեցումն է սխալ:

Այսինքն՝ ստացվում է, մինչեւ Դուք չեք տեղեկացնում, որ այս ինչ օրերին, այս ինչ վայրում տեղի է ունենալու, օրինակ, աշխարհ առաջնություն, խնդրում ենք` աջակցեք, ոչ սպորտի նախարարությունը եւ ոչ հարակից կազմակերպությունները չեն ֆինանսավորում ձեզ, այո՞:

Այո: Ամբողջ խնդիրն էլ հենց դա է, որ սպորտի նախարարությունը ստեղծի մի կառույց, մարդկանց մի խումբ, որը կզբաղվի այդ հարցերով: Որպեսզի պարալիմպիկ մարզաձեւերը միայն Հակոբ Աբրահամյանից կախված չլինեն:

Մենք ունենք շատ լավ մարզաբազա, մարզագույք, ամեն ինչ ունենք, միայն թե ֆինանս չունենք այդ ամենը ճիշտ եւ տեղին օգտագործելու համար: Նախկինում բոլոր մարզաձեւերում մենք առաջինն էինք, մասնավորապես, մեր տարածաշրջանում, իսկ այժմ ամենավերջին տեղում ենք: Որեւէ կարեւոր մրցաշարի մասնակցելուց առաջ, կամ նույն Օլիմպիական խաղերին մասնակցելու համար մենք ամեն անգամ խնդրում ենք միջազգային ֆեդերացիաներին, որպեսզի մեզ «սպիտակ քարտ» տան, եւ մենք հնարավորություն ունենանք մասնացել: Իսկ եթե լինի ֆինանսը, մենք ակտիվ մասնակցենք բոլոր մրցաշարերին, վարկանիշային մրցաշարերին, արդեն մեր տեղը կկարողանանք ապահովել Օլիմպիական խաղերում:

Ասացիք՝ նախկինում տարածաշրջանում առաջինն ենք եղել պարալիմպիկ մարզաձեւերում: Իսկ ֆինանսական խնդիրները ե՞րբ ենք առաջ եկել, որ նախարարի կամ նախագահի օրոք: Պետության այդ անուշադրությունը ո՞ր շրջանից եք նկատել:

Իրականում բոլոր ժամանակներում էլ դա եղել է, որովհետեւ հաշմանդամությունը եւ հաշմանդամային սպորտը բոլոր կառավարությունների ժամանակ էլ դիտվել է որպես սոցիալական ծրագիր` հաշմանդամին սայլակ տալու պես մի բան: Միշտ եղել  է այն մտածելակերպը` մի հատ սայլակ տանք, ձայնները կտրեն: Կամ մի մրցաշար ֆինանսավորում են, ասում են` լավ է, մի երկու մասնակցություն ունեցանք, բավական է: Բայց այդպես չի կարելի:

Ունենք այնպիսի երիտասարդներ, որ լուրջ գումարներ ներդնելու դեպքում լուրջ հաջողություններ կունենանք: Օրինակ` այս պահին ունենք տասը հրաշալի երիտասարդ մարզիկ, ովքեր Ռիո-2016-ի Պարալիմպիկ խաղերում օլիմպիական մեդալների լուրջ հավակնորդներ կլինեն, եթե այսօրվանից սկսեն մարզվել: Բայց մարզվելու համար ֆինանսներ, միջոցներ չկան:

Պետությունը, 9 միլիոն դրամ տալով, համարում է, որ մեծ գործ է արել ու երբ այդ գումարը հասնում է մեզ, պետությունը ձեռքերը լվանում է:

Հարեւան պետություններում սպորտի նախարարից հետո երկրորդ մարդը` փոխնախարարը  հաշմանդամային սսպորտի պատասխանատուն է: Այս նույն կառուցվածքը ես առաջարկեցի Հրաչյա Ռոստոմյանին, որպեսզի մեր սպորտի նախարարության կառուցվածքն էլ դառնա այդպիսին: Այնտեղ ասում են, մենք զարգացնում ենք մասսայական սպորտը, որի հաշվին կզարգանա նաեւ հաշմանդամային սպորտը: Բանն այն է, որ մասսայական սպորտը չի հասցնում զարգացման քայլեր անի, ուր մնաց հաշմանդամային սպորտի հարցերով զբաղվի:

Առջեւում ի՞նչ մրցաշարեր կան եւ ի՞նչ միջոցներով եք մասնակցելու այդ մրցաշարերին:

Մոնրեալում օգոստոսի 12-18-ը հաշմանդամային լողի աշխարհի առաջնությունն է, որին կմասնակցի Մարգարիտա Հովակիմյանը: Նրան ֆինանսավորել է «Գրանդ սպորտ» մարզահամալիրը, որտեղ նա նաեւ մարզվում է:

Իսկ նախարարությանը դիմել եք այդ առաջնության հայ մարզիկի մասնակցությունը ֆինանսավորելու հարցով:

Ոչ, քանի որ այնտեղ մոտեցումն այսպիսին է` բերեք ձեր ստացած երեք միլիոնի հայտը, մենք կմտածենք: Մեզ ոչ ոք չի հարցնում, ինչ մրցումներ կան, բերեք ձեր մրցումների ցուցակը մենք որոշենք, որը ֆինանսավորել:

Ձեզ որքա՞ն գումար է անհրաժեշտ կառավարությունից, որպեսզի լիարժեք հոգաք հաշմանդամային սպորտի եւ մարզիկների բոլոր հարցերը:

Ես հաշվել եմ՝ մոտ 60 միլիոն դրամ, բայց այդ գումարը միայն տրամադրվի պարալիմպիկ կոմիտեին: Չբաժանվի, ինչպես 9 միլիոնը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում