«Մարտի 1-ից ես հացադուլ եմ անելու` այդպիսով արտահայտելով իմ բողոքը ըմբշամարտը օլիմպիական ծրագրից հանելու մասին ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ: Հացադուլս կշարունակեմ մինչեւ մարտի 22-ը` խմելով միայն օշարակ»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը։
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ, ըմբշամարտը բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, մարզական ժայռամագլցման, սկվոշի, ուշուի, վեյկբորդինգի, ռոլերսպորտի հետ ընդգրկված է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրի հավակնորդ մարզաձեւերի ցուցակում։
«Ես հացադուլով իմ բողոքն եմ արտահայտելու ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ, որպեսզի այդ որոշումը չընդունվի: Ըմբշամարտի պաշտպանման համար ամեն ինչ կարելի է անել` օլիմպիական մեդալից հրաժարվել, մոտ մեկ ամիս հացադուլ հայտարարել եւ այլն: Ըմբշամարտը միշտ եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում եւ սխալ է այն հանել Օլիմպիական խաղերից: Հացադուլ եմ անելու, չեմ ուտելու, միայն խմելու եմ օշարակ: Հացադուլիս միանալու է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Մենք միասին ենք հացադուլ անելու: Այդ մեկ ամսվա ընթացքում ես հավաքականի հետ լինելու եմ ուսումնամարզական հավաքների: Կավարտեմ Եվրոպայի առաջնության ժամանակ:
Այս կերպ բողոք ներկայացնելը, կարծում եմ, կազդի ՄՕԿ-ի գործկոմի վրա, եւ նրանք կվերանայեն որոշումը նախքան ընդունումը:
Ամեն մեկս փորձում ենք մեր ձեւով արտահայտել մեր դժգոհությունը, ինչպես, օրինակ, Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարվեց իր օլիմպիական մեդալից: Բոլորը հերթով իրենց մեդալները հետ են տալիս, ես էլ հացադուլ եմ անում, որպեսզի պահպանենք ըմբշամարտը:
Կարծում եմ` ըմբշամարտի ներկայացուցիչների բողոքը թույլ կտա, որ ՄՕԿ-ի որոշումը, հարցը ավելի շուտ լուծում գտնի, չձգվի մինչեւ սեպտեմբեր:
Հացադուլս կավարտեմ մարտի 22-ին` Եվրոպայի առաջնության մեկնարկի ժամանակ, որը տեղի կունենա Թբիլիսիում»,- ասաց Արմեն Նազարյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 30 օգոստոսի
01:30 , 30 օգոստոսի
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի