Արմեն Նազարյան. Մարտի 1-ից ես հացադուլ եմ անելու

21:49   26 փետրվարի, 2013

«Մարտի 1-ից ես հացադուլ եմ անելու` այդպիսով արտահայտելով իմ բողոքը ըմբշամարտը օլիմպիական ծրագրից հանելու մասին ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ: Հացադուլս կշարունակեմ մինչեւ մարտի 22-ը` խմելով միայն օշարակ»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը։

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ, ըմբշամարտը բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, մարզական ժայռամագլցման, սկվոշի, ուշուի, վեյկբորդինգի, ռոլերսպորտի հետ ընդգրկված է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրի հավակնորդ մարզաձեւերի ցուցակում։

«Ես հացադուլով իմ բողոքն եմ արտահայտելու ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ, որպեսզի այդ որոշումը չընդունվի: Ըմբշամարտի պաշտպանման համար ամեն ինչ կարելի է անել` օլիմպիական մեդալից հրաժարվել, մոտ մեկ ամիս հացադուլ հայտարարել եւ այլն: Ըմբշամարտը միշտ եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում եւ սխալ է այն հանել Օլիմպիական խաղերից: Հացադուլ եմ անելու, չեմ ուտելու, միայն խմելու եմ օշարակ: Հացադուլիս միանալու է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Մենք միասին ենք հացադուլ անելու: Այդ մեկ ամսվա ընթացքում ես հավաքականի հետ լինելու եմ ուսումնամարզական հավաքների: Կավարտեմ Եվրոպայի առաջնության ժամանակ:

Այս կերպ բողոք ներկայացնելը, կարծում եմ, կազդի ՄՕԿ-ի գործկոմի վրա, եւ նրանք կվերանայեն որոշումը նախքան ընդունումը:

Ամեն մեկս փորձում ենք մեր ձեւով արտահայտել մեր դժգոհությունը, ինչպես, օրինակ, Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարվեց իր օլիմպիական մեդալից: Բոլորը հերթով իրենց մեդալները հետ են տալիս, ես էլ հացադուլ եմ անում, որպեսզի պահպանենք ըմբշամարտը:

Կարծում եմ` ըմբշամարտի ներկայացուցիչների բողոքը թույլ կտա, որ ՄՕԿ-ի որոշումը, հարցը ավելի շուտ լուծում գտնի, չձգվի մինչեւ սեպտեմբեր:

Հացադուլս կավարտեմ մարտի 22-ին` Եվրոպայի առաջնության մեկնարկի ժամանակ, որը տեղի կունենա Թբիլիսիում»,- ասաց Արմեն Նազարյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.