10:02  ,  29 նոյեմբերի, 2026

Հայկ Մարտիրոսյան․ Ես շատ հայրենասեր եմ, իմ ամենամեծ նպատակն է՝ ներկայացնել իմ երկիրը

Մագնուս Կարլսենն իմ կուռքն է: Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ նրան: Դեռ լիարժեք չեմ գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, բայց երբ պատահական մարդիկ մոտենում են, շնորհավորում, երկրպագում են ինձ, շատ եմ ուրախանում: Երբ հայրս փոքր տարիքում ասում էր, որ մի օր նրան հաղթելու եմ, ծիծաղում էի՝ չհավատալով: Այսօր դա իրականություն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Total World Chess Championship Tour-ում Հայկ Մարտիրոսյանն (2669) աննախադեպ հաղթանակ գրանցեց:  Մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար շախմատիստը սպիտակ ֆիգուրներով հաղթեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին (2823): Պատասխան պարտիայում ոչ ոքի արդյունք գրանցեց: Ուժեղագույն շախմատիստի նկատմամբ տարած հաղթանակը մեծ արձագանք ստացավ ինչպես միջազգային, այնպես էլ հայ հանրության շրջանում:

Հայկ, մի քանի օր շարունակ հայկական եւ միջազգային մամուլը խոսում էր 26-ամյա հայ երիտասարդի մասին, որը հաղթեց աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին: Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել Բուդապեշտից:

Ինձ համար իսկապես շատ հաջող ստացվեց այս մրցաշարը, Մագնուսի նկատմամբ հաղթանակը, մյուս շատ ուժեղ շախմատիստների նկատմամբ հաղթանակներս: Հաջող մրցաշար անցկացրի եւ հույզերով լի վերադարձել եմ հայրենիք: Total World Chess Championship Tour-ը համարվում է պատմության ուժեղագույն մրցաշարն իր ձեւաչափով: Այդտեղ հայտնվելն ինձ համար արդեն շատ մեծ հաղթանակ է: Դրանից բացի, ես հաղթեցի աշխարհի առաջին համարին, թոփ-10-ի շախմատիստներին, վարկանիշս բարձրացրի 26-ով, որը նույնպես աննախադեպ եւ աշխարհահռչակ ձեռբերում ունեցա: Այս ամենը նպաստեց նաեւ իմ երկրին ավելի մեծ ճանաչում բերելուն:

Առաջին անգամ էր անցկացվում Total World Chess Championship Tour-ը: Ի՞նչպես ընդգրկվեցիր լավագույն 24-ի մեջ:

Սա աննախադեպ մրցաշար էր, որի գլխավոր հովանավորներից մեկն էլ նաեւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էր: Այս մրցաշարում պատահական շախմատիստ չէր կարող հայտնվել: Մասնակցում էին աշխարհի չեմպիոն, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, առաջին 9 համարի խաղացողները: Տարվա ընթացքում շատ մրցաշարերում էի հաղթել, որոնց շնորհիվ բոնուս միավորներ էի ստացել: Դրա հաշվին ընդգրկվեցի 24 լավագույնի մեջ:

Ինչպիսի՞ն էր արձագանքդ, երբ իմացար, որ խաղալու ես Կարլսենի հետ: 

Երբ դասավորվում էին խմբերը, ես ընկա ամենաուժեղ՝ «մահվան» խումբը: Մեծ էր ոգեւորությունս, երբ իմացա, որ պետք է խաղամ նաեւ նրա հետ. անբացատրելի էմոցիաներ էր: Նա իմ կուռքն է եղել դեռ փոքր տարիքից, ամենուժեղ շախտամիստն է, 15 տարի աշխարհի առաջին համարն է, անփոխարինելի: Փոքր տարիքից նրա խաղերին հետեւել եմ, ինձ համար նա մեծագույն շախմատիստ է:

Երբ փոքր էի, հայրս ասում էր, որ ես մի օր խաղալու եմ նրա հետ եւ հաղթեմ. չէի հավատում, ծիծաղում էի: Ստացվեց, որ իսկապես խաղացի եւ հաղթեցի: Ինձ համար սա շատ մեծ ձեռքբերում է իմ կարիերայում, ավելի մեծ հաջողություն էր, քան եթե 20 մրցաշար իրար հաջորդելով հաղթեի:

Մրցաշարում զբաղեցրի 9-րդ տեղը: Մրցաշարում լավագույն տասնյակում հայտնվելը շատ լուրջ արդյունք է: Մագնուսի նկատմամբ հաղթանակից եւ ոչ ոքիից հետո, հուզական ֆոնը շատ էր, բայց շարունակում էի կենտրոնացած խաղալ, քանի որ մեծ էր ցանկությունս լավ հանդես գալ: Մրցաշարում էլի մի քանի շատ կարեւոր հաղթանակներ եմ տարել՝ հնդիկ ամենաուժեղ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ: Որպես փաստ նշեմ, օրինակ՝ Անիշ Գիրին եզրափակիչում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային (Ֆրանսիա), բայց ամբողջ մրցաշարի ընթացքում դասական շախմատում միակ պարտությունն ինձանից էր կրել: Նույնը Մագնուսի դեպքում եղավ: Որքան էլ նա դժվարությամբ էր հաղթում, բայց ամբողջ մրցաշարում դասական շախմատում միակ պարտությունն ինձանից կրեց:

Ի դեպ, 24 ուժեղագույն շախմատիստների մեջ երեւի եզակիներից էի, որ հովանավոր չունեի: Գուցե եւս մեկ-երկու շախմատիստ չունեին հովանավոր, բայց մնացած բոլորը հովանավորներով էին: Օրինակ՝ Արջուն Էրիգաիսին տարեկան կես միլիոն դոլարի հովանավորչություն ունի: Շախմատիստներն այդ գումարներն օգտագործում են լավ մարզիչ վարձակալելու, ֆիզիկական պատրաստվածության, ուժեղ, շատ լավ համակարգիչներ ձեռք բերելու վրա, որոնք բավականին թանկ են:

Փոքր տարիքից երազանք է եղե՞լ Կարլսենի հետ խաղալ: Հուզական ի՞նչ ապրումներ ունեիր խաղի ընթացքում, լարվածություն կա՞ր:

Սա մեր առաջին հանդիպումը չէր, խաղացել էինք կայծակնային եւ օնլայն մրցաշարերում, բայց դասական շախմատ չէինք խաղացել: Իրականում շատ մեծ է տարբերությունը. դասական պարտիայում հաղթելն անհամեմատելի է կայծակնային կամ օնլայն պարտիաների հետ: Դասականի պարագայում նույն բանն է, ինչ ֆուտբոլային ոչ ուժեղ թիմը, օրինակ՝ «Վիլյառեալը» «Ռեալ Մադրիդի» հետ 10 րոպե խաղա եւ միամիտ հաղթի եւ «Ռեալ Մադրիդին» 90 րոպե խաղալուց հետո հաղթի:

Մագնուսի հետ առաջինում լավ պարտիա խաղացի: Մի պահ կար, որ կարող էի ոչ ոքի անել, բայց ռիսկի գնացի՝ հասկանալով, որ ավելի վստահ եմ ինձ զգում, ժամանակով եմ նրան ճնշում, այդ պահը օգտագործեցի: Շախմատում այդ մի պահն է լինում: Օգտագործեցի եւ հաղթեցի:

Դժվարն այն էր, որ ընդամենը 45 րոպե հետո պատասխան պարտիան սեւ ֆիգուրներով պետք է խաղայի: Հասկանում էի, թե ինչ է կատարվել, այդ հույզերը այնքան շատ էին: Գիտակցում էի, որ պատասխան պարտիան շատ դժվար է լինելու սեւերով: Հենց նստեցի խաղատախտակի առջեւ, հասկացա, որ ավելի մոտիվացված եմ, վստահ: Երկրորդ պարտիան էլ լավ խաղացի: Վերջում Մագնուսն էլ ասաց, որ շատ հետաքրքիր պարտիա ստացվեց երկրորդը: Նա ամեն ինչ անում էր, որ հաղթեր, բայց ես լավ խաղացի: Երկու պարտիաներից հետո զրուցեցինք: Կարծում եմ, որ նա ինչ-որ տեղից լսած կլիներ, որ ես իրեն համարում եմ իմ կուռքը: Շատ ջերմ զրուցեցինք: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Նորմալ ընդունեց պարտությունը, ոչ ոքին:

Հաղթական պարտիայի ընթացքում ինչպիսի՞ն էր հայացնքերի հանդիպումը, ի՞նչ էիր «կարդում» նրա աչքերում:

Ես միշտ սիրում եմ մրցակցի աչքերի մեջ նայել, որպեսզի հասկանամ, թե հոգեբանական առումով ինչ վիճակ է նրա մոտ: Երբեմն ինձ այդ հայացքներն օգնում են: Մագնուսին էլ էի նայում, բայց այնպես էի անում, որ չնկատի: Ինչ-որ առումով հասկանում էի, թե ինչ է տեղի ունենում, ինչ վիճակում է, լարվում է, թե ոչ:

Ինչպե՞ս անցավ գիշերը հաղթանակից հետո, կարողացե՞լ ես քնել:

Այդ հարցն ինձ այնտեղ էլ տվեցին, թե ինչպես է անցել գիշերը հաղթանակից հետո: Ես էլ պատմեցի, որ աննախադեպ լավ գիշեր էր, քան նախորդները, անգամ իմ երազում էի շատ ուրախ այդ փաստով, որ հաղթել եմ աշխարհի չեմպիոնին: Այնքան լավ ու խաղաղ քնով գիշեր էր, որ երազում էլ էի շատ ուրախ:

Երբ նրան հաղթեցի, գիտեի, որ շատ մեծ հաջողություն եմ գրանցել, բայց գիտակցումն ավելի ուշ եկավ, երբ շատ մարդիկ դարձան իմ երկրպագուները, ինչը շատ հաճելի է: Սովորաբար համաշխարհային շախմատում երկրպագում են հայտնիներին, բայց երբ անհայտն է կարողանում պայքարել եւ հաղթել, ավելի շատ են սկսում սիրել, հետեւել: Մրցաշարի ավարտից հետո Հունգարիայից մեկնեցի Իսպանիա, որտեղ Իսպանիայի լիգայում պետք է խաղայի: Այնտեղ շատերը մոտենում, շնորհավորում էին, ճանաչում ինձ: Այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչ եմ արել, որովհետեւ նույնիսկ պատահական մարդիկ տեղյակ էին իմ հաղթանակի մասին այնպես, ինչպես, օրինակ, տեղյակ են ընտանիքիս անդամները: Զարմացած էի այդ փաստից:

Ի՞նչ խոսքերով շնորհավորեց հայրդ, ով քեզ ուղղորդել է շախմատում եւ հավատացել, որ մի օր հաղթելու ես Կարլսենին:

Հաղթանակից անմիջապես հետո շատ էի ուզում խոսել հայրիկիս հետ, բայց սպասեցի պատասխան պարտիան էլ չպարտվեմ, նոր զանգահարեմ նրան: Մտածեցի, որ այդպես ավելի հետաքրքիր կլինի: Զանգեցի եւ հայրիկիս հիշեցրի տարիներ առաջվա մեր զրույցը, երբ 11 տարեկանում Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ասաց, որ մի օր խաղալու եմ եւ հաղթելու եմ նրան. այդ նույն տարում Կարլսենը դարձավ աշխարհի չեմպիոն: Հայրս միշտ այդպիսի խոսքերով ինձ մոտիվացրել է եւ հավատացրել, որ ես կդառնամ ուժեղ շախմատիստ: Իմ կյանքում շատ կարեւոր եւ լավ մարզիչներ են եղել, բայց առաջին մարզիչը հայրս է եղել եւ ինձ շատ է օգնել իր ոգեւորությամբ: Գուցե նա չլիներ առաջին մարզիչս, մեկ ուրիշը լիներ, այդպես ինձ չմոտիվացներ: Եթե նրա մոտիվացիան ու հավատն իմ հանդեպ չլիներ, դժվար կլիներ մեծ բարձունքների հասնել: Ես դեռ չեմ հասել մեծ բարձունքների, նոր պետք է հասնեմ, բայց առանց նրա, գուցե այստեղ էլ չկարողանայի հասնել:

Դու ներկայացնում ես Հայաստանը, քո անվան կողքը Հայաստանի դրոշն է. որքանո՞վ է մոտիվացնում քեզ եռագույնը:

Ամենակարեւոր բանն է ինձ համար: Իմ կարծիքով՝ ես շատ հայրենասեր եմ: Իմ ամենամեծ նպատակն է՝ ներկայացնել իմ երկիրը, ոչ միայն ինձ: Բացի անձնական հաջողություններից, ամեն ինչ անում եմ, որ իմ երկրի դրոշը բարձրացնեմ, Հայաստանի անունը հնչեցնեմ, որպեսզի աշխարհում մեր երկրի մասին ավելի շատ լսեն, իմանան:

Օրինակ՝ Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակի հաշվին Հայաստանի անունը շատ հնչեց, լսելի դարձավ, մարդիկ սկսեցին հետաքրքրվել մեր երկրով: Գիտեմ, որ շատերն արդեն տեղեկություններ էին ուսումնասիրում, թե Հայաստանում քանի միլիոն մարդ է ապրում, ինձ բազմաթիվ հարցեր էին տալիս իմ հայրենիքի մասին, ինչը շատ հաճելի էր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News