13:47  ,  31 հոկտեմբերի, 2026

Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը այսօր մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա Գոռ Սահակյանը 75 կգ քաշային կարգում:

Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 10 ծանրորդ: Գոռ Սահակյանի  նախնական հայտը երկամարտում 350 կգ է:

A խմբի մրցումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին։

Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:

Մեծահասակներում նորամուտը նշել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):

2023 թ. սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):

2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171)։

Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճեց ոսկե մեդալ:

2024 թ. Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) եւ պայքարն ավարտեց 8-րդ տեղում:

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի  338 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (153+185):

2025 թ. հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում 154 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած քաշը՝ 182 կգ եւ երկամարտում արդյունք չգրանցեց։

2026 թ. Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվացված  Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի 330 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (150+180):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print