21:11  ,  29 հոկտեմբերի, 2026

«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը նվաճեց Սևանի թիմը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՖԻՖԱ հիմնադրամի հետ գործակցությամբ, իրականացնում է «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ամենամյա ծրագիրը։

Ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա սկզբին։ Ձևավորվել է փախստականի կարգավիճակ ունեցող երեխաների 15 թիմ։ Նրանց տրամադրվել են մարզիչներ, որոնց գլխավորությամբ երեխաները մարզվել են։ Երեխաներն ապահովվել են նաև անհրաժեշտ մարզական գույքով։

Ծրագիրն ամփոփվեց «Համերաշխության գավաթով»։ Եզրափակիչ անցան Աբովյանի, Վանաձորի, Սևանի և Երևանի թիմերը։ Եզրափակիչում մրցեցին Երևանի և Սևանի թիմերը։ Համերաշխության գավաթը նվաճեց Սևանի թիմը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

«Ծրագրի հիմնական նպատակն է ֆուտբոլի միջոցով նպաստել փախստականի կարգավիճակ ունեցող երեխաների սոցիալական ներառմանը, համայնքային կյանքին մասնակցությանը և ինտեգրմանը։ «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծում է սպորտի կարևոր դերը երեխաների միջև բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի ձևավորման, ինչպես նաև հասարակության մեջ նրանց լիարժեք ներգրավման գործում»,- ընդգծեց ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը։

«Այսպիսի մրցաշարերը մեծապես նպաստում են երեխաների անհատականության ձևավորմանը, թիմային ոգու և առաջնորդի հատկանիշների զարգացմանը։ Այս ամենն օգնում է, որպեսզի փախստական երեխաները և ոչ միայն իրենց տանը զգան, ընկերանան և էլ ավելի շատ սիրեն ֆուտբոլը։ Մեզ համար սպորտը համերաշխության խթանման կարևորագույն միջոց է։ Սպորտի շնորհիվ երեխաները ոչ միայն ֆիզիկապես կոփվում են, այլև ձեռք են բերում կյանքի համար կարևորագույն հմտություններ ու արժեքներ՝ կարգապահություն, դիմացկունություն, կամքի ուժ, ինչպես նաև հարգանք մրցակցի նկատմամբ», - կարևորեց ՄԱԿ ՓԳՀ Արտաքին կապերի ղեկավար Կիրի Ատրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news