18:04  ,  28 հոկտեմբերի, 2026

Արթուր Դավթյան. Պատրաստվում եմ Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերին

Բոլորիս մեդալների համար շատ ուրախ եմ: Պատրաստվում եմ Օլիմպիական խաղերին, չնայած տարիքս մեծ է: Կարեւոր է լուրջ վնասվածք չստանալը, ուրիշ խանգարող հանգամանք չկա: Կփորձեմ նվաճեց օլիմպիական ուղեգիր, ապա կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ, աշխարհի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, բրոնզե մեդալակիրներ Մամիկոն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանն ամփոփել են Նիդերլանդներում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

Արթուր Դավթյանը Ռոտերդամում երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը: Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը երկու փայլուն ցատկերի հանրագումարում վաստակեց 14.850 միավոր: Աշխարհի կրկնակի չեմպիոնը հայտարարեց, որ չնայած տարիքին, պատրաստվում է Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերին:

 «Եվրոպայի առաջնությունից հետո շատ դժվար էր ինձ համար, որովհետեւ այնտեղ առաջին ցատկս շատ լավ էի կատարել, երկրորդն ցատկը ձախողեցի: Դրանից հետո շատ բարդ էր: Սպորտում չի լինում հաղթանակ, առանց պարտության: Փառք Աստծո, այս անգամ հավաքվեցի եւ կարողացա անել: Շնորհակալ եմ իմ մարզիչներին, տղաներին էլ եմ շնորհակալ: Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք հասնենք այս արդյունքներին: Այս ամենը թիմային աշխատանքի արդյունք է: Շատ լավ էր: Բոլորիս մեդալների համար ուրախ եմ: Նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար:

Ես արդեն մեկ անգամ դարձել էի աշխարհի չեմպիոն եւ շատ դժվար էր երկրորդ անգամ նվաճել, պահել տիտղոսը: Զագցողությունները տարբեր են: Շատ մեծ մրցակցություն կար հենացատկում:

Աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ունեի, բայց հասցրել էի վերականգնվել էի: Երկար ժամանակ չէի մարզվում, բայց հետո կարճ ժամանակում պատրաստվեցի: Մտահոգիչ էր, որովհետեւ արդեն մոտենում էր առաջնությունը: Հավաքների ընթացքում մարզումների կեսը բաց եմ թողել: Կարծում եմ՝ տիրապետում եմ ես այս ցատկերին, մտքերով կարողացա հավաքվել եւ արեցի այն, ինչ-որ ինձ մոտ շատ լավ է ստացվում: Լարվածություն կար: Չկա մի մարզիկ, որ դուրս է գալիս աշխարհի առաջնության մեկնարկի ու լարված չի: Ես չեմ կարողանում ցույց տալ այդ լարվածությունը, բայց այդ ընթացքում սիրտդ այնքան արագ է զարկում, որ չես կարող բացատրել: Կարեւորն այն է, որ այդ պահին մտքով կարողանաս հավաքվել:

Պատրաստվում եմ Օլիմպիական խաղերին: Տարիքս մեծ է, բայց պատրաստվում եմ: Միայն թե այդ ընթացքում լուրջ վնասվածքներ չլինեն, այլ խանգարող հանգամանք չի լինի: Ամեն ինչ անելու եմ, որ նախ վարկանիշ ձեռք բերենք, հետո արդեն կպատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- ասաց Արթուր Դավթյանը:   

Ռոտերդամում առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Համլետ Մանուկյանը: 19-ամյա մարմնամարզիկը նժույգ թափեր վարժության եզրափակիչում ոսկե մեդալակիր դարձավ 15.300 միավորով: Աշխարհի նորընծա չեմպիոնը նշում է, որ իր հաղթանակում մեծ դեր ունի Արթուր Դավթյանը:

«Շատ ուրախ եմ ինձ համար, նաեւ անչափ ուրախ եմ իմ ընկերների համար: Շնորհակալ եմ մեր մարզիչներին, Արթուր Դավթյանին: Այս հաղթանակներում մեծ դեր ունի Արթուր Դավթյանը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս հաղթանակում իրենց լուման են ունեցել:

Անցած տարվա ձախողված աշխարհի առաջնությունից հետո, սպասում էի այս առաջնությանը: Ստացվեց ինձ մոտ: Երբ նոր էի սկսել զբաղվել մարմնամարզությամբ, սկզբում հիասթափություն եղավ: Հետո երբ մեդալ նվաճեցի, առաջընթաց եղավ, հասկացա, որ պետք է շարունակել:

Մեր գործիքի վրա մրցակցությունը շատ մեծ էր: Գնացել էինք մեր լավագույն կատարումն անելու: Այդ օրը իմ եւ Մամիկոնի օրն էր»,- նշեց Համլետ Մանուկյանը:

Նժույգի վարժությունում բրոնզե մեդալակիր է դարձել Մամիկոն Խաչատրյանը, որը եզրափակիչում վաստակել է 15.000 միավոր: Մամիկոնի խոսքով, Նիդերլանդներում իր եւ Համլետի երազանքն իրականացավ:

«Շատ բարդ էր մրցակցությունը մեր եզրափակիչում: Բոլոր 8 մասնակիցներն էլ շատ ուժեղ էին: Մենք պատրաստ էինք եւ մեր խնդիրն էր կատարել այն, ինչ կարողանում ենք անել, ինչին պատրաստվել ենք: Այդ մեդալների համար շնորհակալ եմ մարզիչներին, ընտանիքի անդամներին:

Մեր երազանքն է եղել աշխարհի առաջնությունում միասին դառնալ մեդալակիր: Աննկարագրելի է այդ զգացողությունը, երբ ընկերոջդ հետ ես կիսում պատվո հարթակը: Անցած տարի չհաջողվեց մեզ, բայց այս տարի մեր երազանքը կատարվեց, կարողացանք դառնալ չեմպիոն եւ մեդալակիր: Յուրաքանչյուր մարզիկի մեծ նպատակն ու երազանքն է, մրցաշարերից հայրենիք վերադառնալ մեդալով»,- ասաց Մամիկոն Խաչատրյանը:  

Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը արժանացավ բրոնզե մեդալի՝ 14.233 միավոր: Սա նրա առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում: Եվրոպայի չեմպիոնը չնայած դժգոհ է իր մցրելույթից ԱԱ-ում, բայց ուրախ է բրոնզե մեդալի համար:

 «Շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Ես ինքս իմ կատարումից գոհ չեմ, որովհետեւ չարեցի այն, ինչ կարող եմ անել: Եթե Եվրոպայի առաջնության նման անեի վարժությունս, շատ ավելի բարձր գնահատական կստանայի: Շատ ուրախ եմ այս մեդալի համար, որը համարում եմ Աստծո կողմից տրված էր: Առաջինն մոտեցա եւ այնպիսի գնահատական ստացա, որ մի քիչ կասկածելի էր՝ մրցանակային տեղ կզբաղեցնեի, թե չէ: Օղակներին այնպիսի գործիք է, որ հիմնականում չեն վրիպում: Առաջին անգամ տեսա, որ օղակների վրա 3-4-ը վրիպեն: Ես էլ իմ վրիպումը թույլ տվեցի: Կաշխատեմ, որ այսպիսի խոշոր մրցաշարերում վրիպումներ չլինեն: Շնորհակալ եմ մեր մարզիչներին, թիմի տղաներին, Արթուր Դավթյանին: Արթուր դերը մեր հաջողություններում շատ մեծ է: Մարզիչները չեն կարողանում մրցելույթի ժամանակ հուշեն, օգնեն, այդ դերակատարումն անում է Արթուրը, միշտ մեր կողքին է, հուշում է, օգնում, ոգեշնչում»,- ասաց Արթուր Ավետսիյանը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print