09:58  ,  27 հոկտեմբերի, 2026

Արթուր Դավթյան. Աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ունեի եւ այդքան էլ լավ մարզավիճակում չէի (տեսանյութ)

Աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ունեի եւ այդքան էլ լավ մարզավիճակում չէի: Փառք Աստծո, կարողացա հավաքվել եւ անել այն, ինչ կարողանում եմ անել: Մի ուրիշ զգացողություն է, որ 4 մասնակցով էինք եւ 4-ս էլ մեդալով վերադարձել ենք հայրենիք:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դաթվյանը:

Երկրորդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Դավթյանը նախորդ գիշեր Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմի հետ վերադարձավ հայրենիք:

«Այս աշխարհի առաջնությունում մեր թիմը նոր ռեկորդ սահմանեց. 4 մասնակցով մեկնեցինք եւ վերադարձանք նույնքան մեդալով, որից երկուսը ոսկի, երկուսը՝ բրոնզ: Սա մեզ համար, կարելի է ասել, 100 տոկոսանոց արդյունք էր: Այս ամենի համար շնորհակալ եմ մեր մարզիչներին՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, շնորհակալ եմ նաեւ Հայկ Նազարյանին, Արտակ Այդինյանին, որոնք մեր կողքին են եղել մրցահարթակում եւ ամեն ինչ արեցին, որպեսզի մենք կարողանանք այդ մեդալները նվաճել:

Աշխարհի առաջնության մեդալն ինքն իրենով արդեն մեծ կարեւորություն ունի, բայց ոսկե մեդալ նվաճելը պաշտխանել տիտիղոսը, որն ունեցել ես, իմ կարծիքով, մի քիչ ուրիշ է, բարդ է, ավելի դժվար: Աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ունեի եւ այդքան էլ լավ մարզավիճակում չէի մրցաշարին մեկնելուց առաջ: Փառք Աստծո, կարողացա հավաքվել եւ անել այն, ինչ կարողանում եմ անել:

Շատ-շատ էի ուրախացել Համլեդ Մանուկյանի հաղթանակի եւ Մամիկոն Խաչատրյանի, Արթուր Ավետիսյանի բրոնզե մեդալների համար: Ինձ համար այս հաղթանակները նոր չեն, իրենց համար ամեն ինչ նոր է: Անբացատրելի պահ էր նժույգի վարժության եզրափակիչը՝ միանգամից երկու մեդալ, որից մեկը ոսկի, ապա Արթուր Ավետիսյանի բրոնզե նվաճումը: Մեր թիմին միշտ ինչ-որ մի բան պակասում էր. 4-5 հոգով մեկնում էինք աշխարհի առաջնության եւ 1 կամ 2 մեդալ էինք նվաճում, այս անգամ 4-ով էինք մեկնել եւ 4-ս էլ մեդալով վերադարձանք. մի ուրիշ զգացողություն է: 

Ինչ վերաբերում է իմ երեխաների արձագանքին չեմպիոնությանս առիթով, երբ տեսա, հուզվել էի: Ինձ համար այդ ամենը տեսնելն ավելի շատ ուժ է տալիս, որպեսզի ավելի շատ մարզվեմ, մրցաշարերի մասնակցեմ: Նրանց ուրախությունն ինձ ոգեւորում է, մոտիվացիա է տալիս»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտված աշխարհի առաջնությունում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը երկու փայլուն ցատկերի հանրագումարում վաստակեց 14.850 միավոր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news