Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր հնչում էր զուռնա-դհոլ. երկրպագուները, մարզաշխարհի ներկայացուցիչները դիմավորում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանին, աշխարհի նորընծա չեմպիոն Համլետ Մանուկյանին եւ մյուս մեդալակիրներին, որոնք Հայաստանի թիմի հետ վերադարձան հայրենիք:
Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը, Մամիկոն Խաչատրյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Հայկ Նազարյանն ու Արտակ Այդինյանը Ռոտերդամից վերադարձան հոկտեմբերի 27-ին կեսագիշերն անց 04:14-ին Ռոտերդամ – Վարշավա – Երեւան չվերթով:
Աշխարհի չեմպիոնների եւ մեդալակիների ժամանումից ժամեր առաջ «Զվարթնոցի» սպասասրահում արդեն մեծ թվով երկրպագուներ էին հավաքվել: Չեմպիոններին դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ծնողները, հարազատները, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, ընկերներ, երկրպագուներ: Աշխարհի չեմպիոններին եւ մեդալակիրներին դիմավորեցին չեմպիոններին վայել՝ աղուհացով եւ զուռնա-դհոլով:
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանին ժամանման սրահում սպասում էին գիշերային քունը դժվարությամբ հաղթահարող դուստրերը՝ Ալիսան եւ Ադրիանան՝ մայրիկի Անահիտ Շեղունցի հետ, իսկ Արթուր Ավետիսյանին դիմավորելու էր եկել առաջնեկին սպասող կինը՝ Միլենա Միքայելյանը:
Ժամանման սրահում սպասողների թվում էին նաեւ աշխարհի երկու չեմպիոնների հայրերը՝ Վահրամ Դավթյանը եւ Հակոբ Մանուկյանը, որոնք նախ գրկախառնվեցին, միմյանց շնորհավորեցին, ապա մեծ հուզմունքով սպասեցին որդիների դուրս գալուն:
Աշխարհի չեմպիոններին ու բրոնզե մեդալակիրներին սպասասրահում դիմավորեցին ծափահարություններով եւ դափնիներով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-25-ը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ երկու ոսկի եւ երկու բրոնզ:
Առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Համլետ Մանուկյանը: 19-ամյա մարմնամարզիկը նժույգ թափեր վարժության եզրափակիչում ոսկե մեդալակիր դարձավ 15.300 միավորով:
Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը երկու փայլուն ցատկերի հանրագումարում վաստակեց 14.850 միավոր:
Նժույգի վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը` 15.000 միավոր:
Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը արժանացավ բրոնզե մեդալի՝ 14.233 միավոր: Սա նրա առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:10 , 27 հոկտեմբերի
13:03 , 27 հոկտեմբերի
12:22 , 27 հոկտեմբերի
12:07 , 27 հոկտեմբերի 
11:27 , 27 հոկտեմբերի
11:02 , 27 հոկտեմբերի
10:30 , 27 հոկտեմբերի
10:18 , 27 հոկտեմբերի 
09:58 , 27 հոկտեմբերի
09:11 , 27 հոկտեմբերի