16:32  ,  12 հոկտեմբերի, 2026

Անի Հովսեփյանը պայմանագիր է կնքել անգլիական Real Boxing Champions-ի հետ

Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը պայմանագիր է կնքել անգլիական Real Boxing Champions պրոմոութերական ընկերության հետ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բռնցքամարտիկը:

«Պայմանագրի առաջարկ եմ ստացել Real Boxing Championships-ի կողմից, համաձայնել եմ եւ կնքել ենք պայմանագիր: Մինչեւ այդ ազատ բռնցքամարտիկի կարգավիճակով էի մասնակցում մրցաշարերին եւ մենամարտեր անցկացնում պրոֆեսիոնալ ռինգում: Այս պայմանագիրն ինձ հնարավորություն կտա պրոֆեսիոնալ ռինգում»,- ասաց Անի Հովսեփյանը:

Նոր համագործակցության եւ պայմանագրի մասին սոցցանցերում արված հրապարակումով հայտարարել է նաեւ Real Boxing Champions-ը:

«Real Boxing Champions-ը հպարտությամբ հայտարարում է Անի Հովսեփյանի հետ պայմանագիր կնքելու:  

Անի Հովսեփյանը ցուցադրելով իր հմտությունները RBC The Road Ahead նախագծում՝ տեւական ժամանակ մեր ուշադրության կենտրոնում էր եւ նա այն մարզիկներից էր, ում հետ պայմանագիր կնքելու ցանկությունը վաղուց կար: Սիրողական բռնցքամարտում նվաճած բազմաթիվ տիտղոսները, մեծ ներուժը, մարտական ոգին եւ նրա կողքին կանգնած ուժեղ թիմը ստեղծում են բոլոր նախադրյալները պրոֆեսիոնալ ռինգում լուրջ հաջողությունների հասնելու համար։

Նրա ունակությունները, հաղթելու ձգտումն ու նպատակասլացությունը հենց այն հատկանիշներն են, որոնք մենք փնտրում ենք մարզիկների մեջ։ Ուրախ ենք լինել նրա կողքին եւ աջակցել պրոֆեսիոնալ կարիերայի շարունակական զարգացմանը։

Ուրախ ենք մեր թիմում ողջունել Անիին եւ նրա թիմին ու անհամբերությամբ սպասում ենք այն ամենին, ինչին միասին կհասնենք»,- նշված է RBC-ի հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտեց 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտի հետ (7-9-1) եւ հաղթանակի հասավ մրցավարների միաձայն որոշմամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print