Իմ կարծիքով Չեռնոգորիան մեր խմբի ֆավորիտն է, բայց երբ մենք խաղում ենք տանը, յուրաքանչյուր մրցակցի հեշտ չի խաղալ մեր հավաքականի, մեր ազգային ոգու դեմ:
Այս մասին Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի նախախաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի եւ հունական «Օլիմպիակոսի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը:
«Այն, ինչ տեսնում եք մարզադաշտում, մեր համագործակցությունը, այդ ամենը մարզիչների աշխատանքն է: Եթե մենք հաղթեցինք Լատվիային, նշանակում է, որ կատարեցինք մարզչական շտաբի բոլոր առաջադրանքները, մեր առջեւ դրված խնդիրը: Մեզ համար դա կարեւորագույն խնդիրն է:
Երբ ես ազգային հավաքականում եմ, չեմ սիրում խոսել ակումբի մասին: Երբ լինում ենք հավաքականի ճամբարում, առավելագույն կենտրոնացվածությունը առաջիկա խաղի վրա է: Մենք այս խմբում ունենք երեք կարեւոր հանդիպում եւ կենտրոնացած ենք այդ հանդիպումների վրա: Այո, «Օլիմպիակոսի» դարպասապահը Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահն է: Վաղը նա լինելու է իմ մրցակիցը: Նա շատ լավ դարպասապահ է եւ հավաքականի հիմնական անդամն է:
Լատվիային հաղթելուց հետո շարունակում ենք համեստ լինել: Առջեւում 5 խաղ ունենք եւ ամեն ինչ կարող է փոխվել: Ինչ վերաբերում է, թե որքանով ենք վերակագնվել այդ խաղից հետո, կլինեմ անկեղծ. հավաքականի ֆուտբոլիստների մի մասը չունի մշտական խաղային պրակտիկա տարբեր պատճառներով: Չեմ կարող վստահ ասել, որ մենք 100 տոկոսով վերականգնված ենք մոտենում վաղվա խաղին: Ամեն ինչ անում ենք դա համար: Կարծում եմ, որ առաջիկա երեք խաղերում կառաջնորդվենք ինքնանվիրումով, կամքի ուժով եւ բնավորությամբ: Գրաֆիկը նեղ է, խաղերը շատ են: Մեզ համար շատ բարդ է լինելու, բայց կանենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ:
Երբ լսում եմ Հայաստանի հիմնը եւ գիտեմ, որ դրանից հետո հնչելու է խաղի մեկնարկն ազդարարող սուլիչի ձայնը, նույն զգացողություններն եմ ապրում, ինչ բոլորը:
Հավաքականի ամեն ֆուտբոլիստ, երբ հագնում է հավաքականի մարզաշապիկը, այդ պահից կրում է պատասխանատվություն բոլոր այն մարդկանց համար, որոնք երկրպագում, աջակցում ենք մեզ: Ամեն անգամ փշաքաղվում ենք, բայց պետք է կարողանանք ճիշտ վարվել այդ զգացողությունների հետ, եւ այն ուղղել դեպի խաղադաշտ եւ փորձել այդ զգացողությունները օգտագործել արդյունավետ խաղ ցուցադրելու, լավագույն խաղն անցկացնելու համար:
Ես ինձ անհարմար եմ զգում, երբ Հայաստանում պատասխանում, խոսում եմ ռուսերեն: Հասկանում եմ, որ շատ կարեւոր է սովորել հայերեն: Անկեղծ կլինեմ՝ իմ տարիքում շատ դժվար է սովորել հայերեն: Կփորձեմ հաջորդ ասուլիսների համար մի քանի նախադասություն սովորել»,- ասաց Նաիր Թիկնիզյանը:
Հայաստանի հավաքականի պաշտպանի խոսքին միջամտեց թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Հավաքականում հայերեն խոսող շատ ֆուտբոլիստներ են եղել, բայց ասյօր այստեղ չեն: Նաիրը Հայաստանի հավաքականի համար շատ բան է արել եւ դեռ շարունակում է»,- նկատեց Եղիշե Մելիքյանը:
Անդրադառնալով Ազգերի լիգայի երկրորդ տուրի մրցակցին, Նաիր Թիկնիզյանի կարծիքով Չեռնոգորիան C2 խմբի ֆավորիտն է:
«Իմ կարծիքով Չեռնոգորիան մեր խմբի ֆավորիտն է: Մենք գիտենք այս մրցակցին, ուժեղ եւ թույլ կողմերը, բազմիցս հանդիպել ենք նրանք խաղադաշտում: Բայց երբ մենք խաղում ենք տանը՝ որեւէ մրցակցի հեշտ չի լինում խաղալ մեր հավաքականի, մեր ազգային ոգու դեմ: Վաղը խաղադաշտը ցույց կտա:
Շատ լավ թիմ ունենք, բոլորս միասնական ենք: Մեզ միավորում է միասնականությունը, հաղթելու մեծ ցանկությունը»,- ասաց Նաիր Թիկնիզյանը:
C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լատվիային, Չեռնոգորիան 2:1 հաշվով հաղթել էր Կիպրոսին։
Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի 
18:11 , 27 սեպտեմբերի 
17:40 , 27 սեպտեմբերի
15:48 , 27 սեպտեմբերի 
11:40 , 27 սեպտեմբերի
10:03 , 27 սեպտեմբերի
09:06 , 27 սեպտեմբերի 
01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի