18:15  ,  27 սեպտեմբերի, 2026

Եղիշե Մելիքյան․ Վաղվա խաղը շատ կարեւոր է Հայաստանի համար

Վաղվա խաղը շատ կարեւոր է Հայաստանի համար: Եթե մենք ուզում ենք լինել առաջին տեղում, իսկ մենք ուզում ենք հաղթել խմբում, այդ առումով վաղվա հաղթանակը մեզ համար չափազանց կարեոր է: Մեր մեջքը կոտրում են վնասվածքները:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 

Ասուլիսը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։

«Վերլուծել ենք մրցակցին: Գիտենք՝ ում հետ գործ ունենք, լավ պատրաստվել ենք: Ունենք խաղի պլան: Պետք է հասկանանք, թե որքանով ստացվեց այս երեք օրվա ընթացքում վերականգնվել եւ պատրաստվել խաղին: Դժվար է ասել, թե որքանով ենք հասցրել պատրաստվել: Լատվիայից առաջ շատ ժամանակ ունեինք պատրաստվելու համար:

Վաղվա խաղը շատ կարեւոր է Հայաստանի համար: Եթե մենք ուզում ենք լինել առաջին տեղում, իսկ մենք ուզում ենք հաղթել խմբում, այդ առումով վաղվա հաղթանակը մեզ համար չափազանց կարեոր է: Շատ ենք ուզում հաղթել, շատ կարեւոր է, որ այս թիմին չպարտվենք: Մեզ ժամանակ է պետք եւ դրա համար պետք է չպարտվենք, որպեսզի կարողանանք մինչեւ հաջորդ խաղը լուծել մեր խնդիրները, վնասվածքներ ունեցողները վերադառնան: Հաղթելու դեպքում շատ մեծ հարցեր կկարողանանք լուծել:

Խուլիո Բուենոյի վնասվածքը լուրջ է: Մենք նրան կորցրինք առաջիկա երեք խաղում: Նարեկ Հովհաննիսյանի վնասվածքը լուրջ չի, վաղը կլինի թիմի հետ: Չեմ կարծում, որ հավաքականը վաղը լիովին վերականգնված կմտնի խաղադաշտ, բայց մրցակիցը նույնպես խաղից հետո է գալիս եւ երկար ճանապարհ է անցնելու, նրանք էլ կունենան այդ խնդիրը: Եթե մեր թիմը հոգեբանորեն լավ պատրաստված լինի, կկարողանանք հաղթահարել ֆիզիկապես վերնականգնվելու խնդիրը:

Մեր բացասական կողմն այն է, որ խաղացող տղաների մեջ խաղային ռիթմը քիչ է: Տակտիկական բացահայտումներ չեմ կարող ասել, դրա մասին կխոսենք խաղից հետո:

Նախորդ խաղում մեզ բոլորն օգնեցին, իմ ֆուտբոլիստներից բոլորից գոհ եմ:

Հավաքից առաջ մտածում էինք 4 պաշտպանով խաղալու մասին: Երբ թիմը հավաքեցինք, սկսվեցին վնասվածքները, ապա եղան հրաժարականները, ստիպված փոխեցինք սխեման եւ խաղացինք երեք պաշտպանով:

Մեր մեջքը կոտրում են վնասվածքները:

Մրցակինցն ունի որակով ֆուտբոլիստներ, որոնք անհատական խաղերով էլ են շատ աչքի ընկնում:

Չեռնոգորիայի հավաքականի ուժեղ կողմը կոմբինացիոն խաղն է, նրանք շատ վտանգավոր են մրցակցի դարպասի մոտ: Ունեն խաղացողներ, որոնք գիտեն ինչպես վերջավորություն անել:

Լատվիան շատ կարգապահ եւ կազմակերպված թիմ էր: Տղաներին ասացի՝ ամեն ինչ չի ստացվելու այնպես, ինչպես պլանավորել ենք, պետք է համբերություն ունենանք: Մեր ծրագրերը ստացվեցին, քանի որ համբերատար գտանք ինչպես ջարդել Լատվիայի 5-4-1 պաշտպանությունը:

Ազգային հավաքականում իմ առաջնահերթությունը հաղթանակն է: Հավաքականում պահանջում են եւ մենք էլ ենք ուզում հասնել հաջողության»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը տանը 2:0 հաշվով հաղթել էր Լատվիային, Չեռնոգորիան 2:1 հաշվով հաղթել էր Կիպրոսին։

Խմբում առաջին տեղ գրացած թիմը դուրս կգա B լիգա։ Երկրորդ տեղը գրաված թիմը անցումային հանդիպում կանցկացնի B լիգայի ուղեգրի համար։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news