11:40  ,  27 սեպտեմբերի, 2026

AFS լիգայի նախագահ Արմեն Ղուլյան․ AFS × OFC երեկոյի բոլոր մենամարտերը շատ դրամատիկ էին

Արման Ծառուկյանը մեծ սեր եւ հետաքրքրություն բերեց Հայաստան խառը մենամարտերի նկատմամբ, Էդուարդ Վարդանյանը կյանքի կոչեց եւ ստեղծեց հնարավորություն դրանով զբաղվելու համար: Հայաստանն ընդդեմ աշխարհի՝ ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC) միջազգային մեծ երեկոն խառը մենամարտերով զբաղվող մարտիկների համար հրաշալի հնարավորություն էր սեփական ուժերը փորձելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց խառը մենամարտերի (MMA) «Առյուծասիրտ» ակադեմիայի նախագահ, Armat Fight Show լիգայի նախագահ Արմեն Ղուլյանը։

Երևանի Tashir Arena-ում անցկացվեց խառը մարտարվեստների (MMA) ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC) միջազգային մեծ երեկոն:

«Իմ ընկերը, որը հիմնադրել է ORION FIGHT ակումբը, ցանկություն հայտնեց Հայաստանում այսպիսի մեծ մրցաշար անցկացնել, որին միացանք նաեւ մենք եւ միասին նախաձեռնեցինք այս մեծ մարզական երեկոն: Այս մրցաշարը հիանալի հնարավորություն է Հայաստանում ММА-ով զբաղվող մարտիկների համար՝ ցուցադրել իրենց ունակությունները, պայքարել, հաղթել, մրցակցել ոչ միայն հայ տղաների հետ, ունենալ նաեւ միջազգային փորձ, քանի որ սա միջազգային մրցաշար է: Կարծում եմ՝ երկու ակումբների համատեղ նախաձեռնությունն այս մրցաշարն ավելի մեծ մասշտաբների հասցրեց: 

Այսօրվա բոլոր մենամարտերը շատ դրամատիկ էին:  Մրցակցությունը շատ մեծ էր, սակայն հայ մարտիկներն ակնհայտ առավելություն ունեին: Տպավորիչ էր առաջին մենամարտը Արտեմ Գալաչյանի մասնակցությամբ եւ հաղթանակով, որտեղ նա ցուցադրեց իր բարձր կարգը: Նարեկ Առուշխանյանի հաղթանակը նույնպես բացառիկ էր, քանի որ նա մրցում էր շատ փորձառու, իրանցի մարտիկի հետ, որը մարզվում է Թաիլանդում: Կառանձնացնեմ նաեւ Արսեն Ալեքսանյանի մենամարտը, որտեղ նա պարտության մատնեց իրանցի մարտիկի, որը մինչեւ այս որեւէ պարտություն չէր կրել, Իրանի ազատ ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոնն էր: Մենք գիտենք, թե ինչ մակարդակի է լինում մարտիկը խառը մենամարտերում, երբ ըմբիշ է:

Փորձել էինք այնպես անել, որ այս մրցաշարում հնարավորինս թեժ եւ հետաքրքիր մրցակիցներ լինեն: Եթե նկատեցիք՝ մեր տղաներից շատերն այսօր նորամուտն էին նշում եւ մրցում էին այնպիսի մարտիկների դեմ, որոնք իրենց ակտիվում ունեն արդեն 2-3 հաղթանակներ, անցկացված մենամարտեր: Հայ մարտիկների համար ստեղծել էինք առավելագույն բարդ իրավիճակ, քանի որ մեզ համար առաջնային է հայ մարտիկների աճը, զարգացումը որպես մարտիկ: Առանց բարդ մրցակցության, չի լինի աճ: Այս մարտիկների մեծ մասը ներկայացնում են մեր՝ «Leon Heart» («Առյուծասիրտ») ակումբը: Սելեկցիա իրականցրինք, որին հրավիրեցինք Հայաստանում գործող բոլոր ММА ակումբների ներկայացուցիչներին, բայց ստացվեց այնպես, որ բոլոր մենամարտերում հաղթեցին մեր ակումբի տղաները: Այդ պատճառով այսօր բոլոր մասնակիցները «Առյուծասիրտ» ակումբից են:

Ինձ այսօր շատ ուրախացրեց այն, որ «Տաշիր Արենայի» տրիբունաները լեփ-լեցուն են, մեծ թվով երկրպագուներ են եկել մեր մրցաշարին հետեւելու, հայ մարտիկների աջակցելու: Սա նշանակում է, որ Հայաստանում խառը մենամարտերը սկսում է մասսայականություն վայելել, եւ այս ամենին նպատել են մեր ընկերները՝ Արման Ծառուկյանը, Էդուարդ Վարդանյանը, Ժորա Այվազյանը, Արեն Հակոբյանը: Այսպիսի մրցաշարերի անցկացումը կնպաստի, որ այսօր ռինգ դուրս եկած տղաներին մոտ ապագայում կտեսնենք արդեն տիտղոսային մենամարտերում: Այս մարտիկները մեծ ուժ են ծախսում մարզադահլիճներում, մարզվում են եւ պետք է լինի հարթակ, որտեղ նրանք կկարողանանք փորձել իրենց ուժերը, նաեւ գումար վաստակեն, որպեսզի այդ քրտնաջան աշխատանքը զուր չանցնի եւ չհիասթափվեն:

Անկեղծ կլինեմ՝ խառը մենամարտերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը Հայաստան բերեց Արման Ծառուկյանը: Նա մեծ ներդրում ունի այս սիրողական մարզաձեւի զարգացման հարցում, բայց մարզվելու պայմանների ստեղծման, հնարավորությունների ընդլայնման առումով մեծ է Էդուարդ Վարդանյանի դերը, քանի որ նրա նախաձեռնությամբ Հայաստանում բացվեցին բազմաթիվ մարզադահլիճներ, որտեղ երեխաները մարզվելու հնարավորություն ունեցան:

Արման Ծառուկյանի շնորհիվ սիրվեց ММА-ը, քանի որ նա ոչ միայն ամենաուժեղ եւ ամենահայտնի ММА մարտիկներից մեկն է աշխարհում, նաեւ աշխարհի ամենահայտնի հայն է: Հայաստանում նա մարզվում է մեր ակումբում: Հազարավոր երեխաներ գալիս են նրան տեսնելու, նրա մարզումներին հետեւելու համար եւ սկսում են հաճախել մարզումների:

Այսօր մեր ակումբում անվճար մարզվում է 560 երեխա: Ունենք 3000 հայտ, բայց չենք կարողանում այդքանին ընդունել առայժմ»,- ասաց Արմեն Ղուլյանը:

Հայաստանն ընդդեմ աշխարհի դիմակայությունում հաղթեց Հայաստանը. Մեծ միջազգային երեկոյի ընացքում անցկացված 12 մենամարտերից 11-ում հաղթանակ տարան հայ մարտիկները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News


  • Latest news