Ինձ համար առայժմ շուտ է ուրախանալ: Ուրախացա, որ հավատացին մեզ: Շնորհակալ եմ իմ տղաներին: Այս հաղթանակից հետո ինձ լավ չեմ զգում, որովհետեւ ներսում գիտեմ՝ առջեւոuմ ինչ հարցերի ու պրոբլեմների եմ բախվելու:
Այսպես Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում Լատվիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը մեկնաբանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Բոլորիդ շնորհավորում եմ: Ուրախ եմ, որ իմ թիմի հետ լավ տրամադրության հիմք ստեղծեցինք: Շատ դժվար էր այս քանի օրը: Միայն ես գիտեմ, թե իմ թիմի հետ ինչ աշխատանք ենք տարել: Շատ դժվար էր տղաների համար: Շնորհակալ եմ նրանց: Հավատացին մեզ, աշխատեցինք եւ շատ աշխատեցինք: Ստացվեց այս խաղում գտնել բանալին: Պետք է մտածենք մյուս խաղերի մասին: Այս խաղը վերջացավ, այդ պահից ինձ համար սկսվեց Չեռնոգորիայի խաղը:
Պլանն աշխատեց: Բանդիկյանից շատ գոհ եմ: Եթե տեսնեք նրա ծունկը... ուրիշը նրա տեղը լիներ, արդեն վիրահատության էր գնացել: Այդ կռվող տղաների մասին էի խոսում, այս կռվող ոգու մասին էի ասում: Շատ չասեմ... «հալալ» է այս տղաներին:
Ես արդեն խուսափում եմ խնդիրներից խոսել, որովհետեւ հանրությունը ճիշտ չի հասկանում, թե ինչ եմ ասում եւ ինչու:
Այդ խոակցությունները կարող են շարունակական լինել, բայց չեն կարող ինձ ճնշել: Ես վախենում եմ՝ տղաների վրա չազդի, տղաները չհիասթափվեն:
Շատ եմ ափսոսում Խուլիո Բուենոյի կորստի համար: Նա չի կարողանա մեզ օգնել առաջիկա խաղերում: Այսօր ե'ւ մենք, ե'ւ «Արարատ-Արմենիան» նրան կորցրինք:
Բուենոյի վնասվածքը լուրջ է, բայց նա կորուստ է լինելու մեզ համար. երեք խաղ չի լինի: Ես շատ քիչ ռեսուրս ունեմ, քանի որ մրցաշարին մոտեցանք կորուստներով: Օրինակ՝ Կարեն Նալբանդյանը հայտացուցակում չկար, բայց ես գիտեմ, որ նա պատրաստ է մտնել խաղադաշտ:
Այս խաղում, հաղթանակից բացի կարեւոր էր, այն, որ բոլորին ապացուցեցինք՝ հավատալ մեզ: Երեկ եկա, ասացի, որ հաղթելու ենք, հավատացեք մեզ: Այսօր ուրախացա, որ մեզ հավատացին:
Գոհ եմ Արթուր Ղարիբյանի խաղից: Երբ նրան հանդիպեցի, մենք խոսեցինք ազգային հավաքականի մասին եւ թե ինչ է նշանակում խաղալ հավաքականում: Նա ինձ ասաց, որ փշաքաղվեց մեր զրույցից: Հայի տեսակ է: Կան հայաստանցիներ եւ կան հայեր: Նա իսկական հայի տեսակ է:
Խանգարողները շատ են, հավատացողներ ունենք, բայց այդքան շատ չեն, որ ես կարողանամ այս մթնոլորտը պահել, թիմի ոգին, նվիրվածությունը եւ այն պայքարը պահել, որ տեսանք այսօր:
Որեւէ մեկից նեղացած չեմ: Եթե թիմը չի հաղթում, նորմալ է, որ դժգոհություն լինի: Ուզում եմ բոլորը հասկանան, որ դժվար ժամանակահատված է հավաքականում: Կուզեի, որ ավելի միասնական լինեինք, օգնեինք մեկս մյուսին: Այս հաղթանակից հետո ինձ լավ չեմ զգում, որովհետեւ ներսում գիտեմ՝ առջեւում ինչ հարցերի ու պրոբլեմների եմ բախվելու:
Այսքան կորուստներով երեք խաղ պետք է անցկացնենք: Առայժմ ինձ համար շուտ է ուրախանալ»,- ասաց Եղիշե Մելիքյանը:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի