Որպես գլխավոր մարզիչ, իմ առջեւ խնդիր եմ դրել, որ այս Եվրոպայի առաջնությունում անպայման ունենանք հաղթող՝ Եվրոպայի չեմպիոն: Ֆեդերացիան ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր այդ նպատակն իրականություն դառնա: Բոլորիս խնդիրն էլ մեկն է՝ ունենալ Եվրոպայի չեմպիոն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց տղամարդկանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկչրտչյանը:
Սեպտեմբերի 15-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+90 կգ):
Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք ընտրել կազմը Եվրոպայի առաջնության համար եւ ի՞նչ մարզումային փուլերով եք պատրաստվել:
Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք տարվա սկզբից: Մի քանի միջազգային մրցաշարերի ենք մասնակցել, աշխարհի գավաթի խաղարկության ենք մասնակցել, 4 մարզական հավաք ենք ունեցել, վերջինը Ծաղկաձորում ենք անցկացրել եւ ավարտեցինք նախօրեին: Ծաղկաձորում երկու հավաք անցկացրինք, քանի որ մարզադահլիճ չունեինք, որ իջնեինք ներքեւ:
Կազմն ընտրել ենք տարվա ընթացքում տղաների ցույց տված արդյունքներով, մրցաշարերում մասնակցության, հաղթանակների ցուցանիշներով: Այնպես չի, որ Հայաստանի առաջնության արդյունքներով եմ ընտրել, քանի որ մեր ներքին առաջնությունը սովորաբար անցկացնում ենք տարեսկզբում եւ արդեն բավականին երկար ժամանակ է անցել, որպեսզի թիմի կազմ ընդգրկենք այն տղաներին, որոնք հաղթել են Հայաստանի առաջնությունում:
Հասկանալի է, որ Երեւանի «Օլիմպավանում» հավաք անելու հնարավորություն չունեցաք կապարակքված լինելու պատճառով, իսկ Ծաղկաձորը բարձրադիր գոտի է, որտեղ հավաքականները սովորաբար ֆիզիկական պատրաստվածության համար են մեկնում: Այս տեսանկյունից, որքանո՞վ էր ճիշտ երկու եւ, մասնավորապես, վերջին հավաքն անցկացնել այնտեղ:
Միշտ հաշվի ենք առել բարձրության աստիճանները եւ եկել ենք մի եզրակացության, որ բռնցքամարտիկների համար էականորեն նշանակություն չունի, թե ինչ գոտում են պատրաստվում: Օրինակ՝ Հայաստանի առաջնության ժամանակ փորձը ցույց է տվել, որ գյումրեցիներն ավելի լավ են մասնակցում: Նրանք էլ գալիս են գրեթե նույն բարձրության գոտուց՝ 1500-1800 մետր ծովի մակարդակից բարձր գոտում են պատրաստվում առաջնությանը եւ շատ լավ արդյունքներ են գրանցում: Բռնցքամարտն այնպիսի մարզաձեւ է, որ եթե բռնցքամարտիկը լավ պատրաստ է, նրան ոչինչ չի խանգարի: Սա նաեւ իմ անձնական կարծիքն է:
Այս Եվրոպայի առաջնությունում ովքե՞ր են մեր թիմի ֆավորիտները: Ի՞նչ մարզավիճակում են առաջատարները:
Մենք ունենք տիտղոսակիր տղաներ՝ Դավիթ Չալոյան, Արթուր Բազեյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Նարեկ Մանասյան, մյուսները: Բոլորից սպասելիքներ ունենք: Այս պահին կարող եմ ասել, որ բոլորն էլ պատրաստ են եւ կարող են մեդալային պայքարում լինել: Ով ավելի ուժեղ է, բախտը ում ժպտա, նա էլ կհաղթի:
Ի՞նչ վիճակում են բռնցքամարտիկները եկել հավաքականի ճամբար, ինչպե՞ս եք գնահատում անձնական մարզիչների կատարած աշխատանքն այս ընթացքում:
Հայաստանի առաջնությանը, Հայաստանի գավաթի մրցաշարին տղաները պատրաստվել էին իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ: Շատ լավ էին պատրաստվել: Հատուկ թողել էինք, որ իրենց մարզիչների հետ աշխատեն եւ արդյունքը շատ գոհացնող էր: Գոհ եմ անձնական մարզիչների կատարած աշխատանքից: Հավաքի ընթացքում անձնական մարզիչները շարունակում են իրենց սաների հետ աշխատել, թույլ ենք տվել, որ գան եւ մարզումներին հետեւեն, անհատական աշխատանք տանեն: Համատեղ թիմային մեծ աշխատանք ենք անում: Իսկապես ես շատ եմ գոհ եմ անձնական մարզիչներից, որովհետեւ շատ լավ են աշխատում: Ծաղկաձորում էլ մեզ հետ էին: Մի քանիսին վերցրել էինք թիմ, մյուսներն էլ մարզումներին գալիս էին:
Պարոն Մկրտչյան, Հովհաննես Բաչկովից հետո, հավաքականի մյուս անդամներին դեռ չի հաջողվում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել: Արդեն հասկացե՞լ եք, թե ինչն է պակասում՝ փո՞րձը, հավա՞տը սեփական ուժերի նկատմամբ:
Հովհաննես Բաչկովի երեւանյան չեմպիոնությունից հետո մենք մեկ Եվրոպայի առաջնություն ենք ունեցել, որտեղ նվաճեցինք 5 բրոնզե մեդալ: Թե ինչու մյուսներին չի հաջողվում տիտղոս նվաճել, կարծում եմ՝ ոչ փորձի պակասն է, ոչ էլ հավատը սեփական ուժերի նկատմամբ, այլ լավ մարզավիճակում լինելը: Շատ լավ պատրաստված լինելու դեպքում հավատը սեփական ուժերի նկատմամբ անպայման կլինի: Նաեւ մեծ դեր ունի վիճակահանությունը, թե ինչպիսին այն կընկնի մեր բռնցքամարտիկներին: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ բախտը միշտ ժպտում է ուժեղին:
Ի դեպ, Բաչկովը պաշտոնապես չի հայտարարել հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին: Ինչո՞ւ է բաց թողնում Եվրոպայի առաջնությունը:
Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջիկա մենամարտին է պատրաստվում, այդ պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը: Նրա հետ միշտ կապը կա, գիտեմ, որ պատրաստվում է աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտին: Ամեն դեպքում՝ նա հավաքականում է: Գուցե նա պայքարի օլիմպիական ուղեգրի համար:
Եվ ո՞ր մրցաշարից են բռնցքամարտիկները մեկնարկելու Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը:
Այս Եվրոպայի առաջնությունը վարկանիշ չի տալիս: Բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարերը մեկնարկում են 2027 թ. Եվրոպական խաղերից, ապա կլինի աշխարհի առաջնությունը եւ 2028թ. եւս երկու վարկանիշային մրցաշար: 4 մրցաշարով ենք նվաճելու օլիմպիական ուղեգրերը. Եվրոպական խաղերին՝ չեմպիոն կամ մրցանակակիր, աշխարհի առաջնությունում՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը, վարկանիշային մրցաշարերում՝ առաջին-երկրորդ տեղերը:
Որպես գլխավոր մարզիչ, Ձեր առջեւ ի՞նչ խնդիր եք դրել այս Եվրոպայի առաջնությունում եւ ի՞նչ խնդիր է դրել ֆեդերացիան Ձեր առջեւ:
Որպես գլխավոր մարզիչ, իմ առջեւ խնդիր եմ դրել, որ այս Եվրոպայի առաջնությունում անպայման ունենանք հաղթող՝ Եվրոպայի չեմպիոն: Ֆեդերացիան ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր այդ նպատակն իրականություն դառնա, ինչի համար շատ շնորհակալ եմ ֆեդերացիային: Բոլորիս խնդիրն էլ մեկն է՝ ունենալ Եվրոպայի չեմպիոն: Սպասելիքները մեծ են: Տղաները լավ պատրաստված են, մարտական տրամադրություն ունեն բոլորը: Գնում ենք հաղթանակի հետեւից: Եթե ամեն ինչ հաջող ստացվի, 3-4 մեդալի հույս ունենք:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:21 , 14 սեպտեմբերի 
13:54 , 14 սեպտեմբերի
13:16 , 14 սեպտեմբերի
12:45 , 14 սեպտեմբերի
12:09 , 14 սեպտեմբերի
11:42 , 14 սեպտեմբերի
11:09 , 14 սեպտեմբերի
10:39 , 14 սեպտեմբերի
10:06 , 14 սեպտեմբերի 
09:33 , 14 սեպտեմբերի