22:26  ,  26 մարտի, 2012

Ի՞նչ սպասել «Արարատից»

Անցյալ մրցաշրջանում Երեւանի «Արարատը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում զբաղեցրեց վերջին տեղը` 28 խաղերում վաստակելով ընդամենը տասը միավոր: Թիմը բարձրագույն խմբի հրաժեշտ չտվեց միայն այն պատճառով, որ առաջին լիգայում հանդես էին գալիս միայն բարձրագույն խմբի թիմերի դուստր թիմերը: Բնական է, որ նման արդյունքը չի կարող բավարար համարվել: Իսկ թե ինչպես է նախապատրաստվել «Արարատը» գալիք մրցաշրջանին, NEWS.am Sport-ի թղթակիցը պարզեց` զրուցելով թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանի հետ:

Պարոն Սաֆարյան, «Արարատը», ի տարբերություն մյուս ակումբների, իր նախապատրաստական փուլում  երկար ժամանակ մարզվում էր Հայաստանում եւ միայն մեկ արտագնա հավաքի մեկնեց` Վրաստան: Այս պահի դրությամբ դուք ինչպե՞ս եք գնահատում «Արարարտի» նախապատրաստությունը:

Ասեմ, որ մենք մարզվել սկսել ենք 2011 թվականի դեկտեմբերի 7-ից: Այսինքն շատ թիմեր իրենց խաղացողներին հանգիստ էին տվել, բայց մենք առաջնության ավարտից համարյա անմիջապես հետո սկսեցինք նախապատրաստվել 2012-ի մրցաշրջանին: Սա ոչ մի ձեւական կողմ չուներ, ուղղակի մեր ծրագրի առաջին փուլն էր: Շուտ սկսելով` մենք փորձեցինք նաեւ արագ կազմակերպել թիմի համալրումը: Նպատակ ունեինք ֆուտբոլիստներին իրար հետ ավելի լավ ծանոթացնել գործում, իսկ հունվարին արդեն սկսվեցին պլանավորված մարզումները: Մեզ համար շատ կարեւոր էր տղաների մոտ բարձր էմոցիոնալ տրամադրություն սերմանել: Երկուական մարզումներ կատարելով դահլիճներում եւ ֆիթնես դահլիճներում: Այս փուլում զուգահեռաբար նաեւ ստուգողական հանդիպումներ էինք անցկացնում: Ասեմ, որ «Արարատում» մարզվում էին 36 ֆուտբոլիստներ: Ստուգողական խաղերում մենք սկսեցինք ընտրություն կատարել ֆուտբոլիստների մեջ, քանի որ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ էին փորձարկվում «Արարատում» եւ նրանք բոլորն էլ հնարավորություն ունեին համալրել թիմը, եթե համապատասխանեին մեր պահանջներին:

Ուսումնամարզական հավաքի արտերկրում «Արարատը» ի վերջո մեկնեց: Թիմը շարունակեց մարզվել Վրաստանում:

Այո, մենք մեկնեցինք Վրաստան ու անմիջապես ասեմ, որ այդ հավաքը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ուներ: Բացի ֆիզիկական պատրաստականությունից մենք այլ խնդիրներ էլ ունեինք լուծելու: Ֆուտբոլիստները պետք է հավատան իրենց ուժերին եւ նպատակային աշխատանքներ ենք տարել թիմում բարոյակամային վիճակը շտկելու ու բարձր մակարդակի հասցնելու համար:

Հարեւան երկրում դուք անցկացրեցիք նաեւ ստուգողական հանդիպումներ: Այդ խաղերում արդյունքը ձեզ համար կարեւո՞ր էր, թե ուզում էիք ուղղակի հստակեցնել թիմի խաղային օղակների համագործակցությունը:

Մեզ համար ամեն ինչն էլ նշանակություն ուներ, այդ թվում եւ արդյունքը: Մենք Երեւանում ծանրաբեռնված մարզումներ անցկացնելով` տղաներին մոտեցնում էինք հենց խաղերին սեփական ուժերի նկատմամբ վստահության պայմաններում: Հենց այդ ֆոնի վրա արդյունքը կարեւորվում էր: Ու  նման պայմաններում էլ մենք ձգտում ենք խաղային ձեռագիր ստանալ: Բոլոր աշխատանքները կատարվել են փուլ առ փուլ:

Նախապատրաստական փուլում «Արարատից» հեռացան մի քանի խաղացողներ:

Նման երեւույթը բնական եմ համարում: Կային ֆուտբոլիստներ, որոնք խնդիրներ ունեին, ասենք սոցիալական, ընտանիքի հետ կապված, կարճ ասած տարբեր պատճառներով հեռացողներ եղան: Մենք ոչ մի ֆուտբոլիստի խոչընդոտ չենք հանդիսացել: Բաժանվել ենք որպես բարեկամներ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվել է, ցանկություն է հայտնել խաղալ այլ թիմում` հաջողություն: Տեսեք, Գեւորգ Կարապետյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է, եւ նա այդ աստիճանին հասավ հանդես գալով «Արարատում»: Գեւորգը ցանկություն հայտնեց հանդես գալ  «Բանանցում», ես որպես գլխավոր մարզիչ ողջունել եմ նրա ցանկությունը եւ թեկուզ ի վնաս «Արարատի» ու ինձ, նրան հաջողություններ մաղթելով` ճանապարհ դրել:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով