22:26 26 մարտի, 2012Անցյալ մրցաշրջանում Երեւանի «Արարատը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում զբաղեցրեց վերջին տեղը` 28 խաղերում վաստակելով ընդամենը տասը միավոր: Թիմը բարձրագույն խմբի հրաժեշտ չտվեց միայն այն պատճառով, որ առաջին լիգայում հանդես էին գալիս միայն բարձրագույն խմբի թիմերի դուստր թիմերը: Բնական է, որ նման արդյունքը չի կարող բավարար համարվել: Իսկ թե ինչպես է նախապատրաստվել «Արարատը» գալիք մրցաշրջանին, NEWS.am Sport-ի թղթակիցը պարզեց` զրուցելով թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանի հետ:
Պարոն Սաֆարյան, «Արարատը», ի տարբերություն մյուս ակումբների, իր նախապատրաստական փուլում երկար ժամանակ մարզվում էր Հայաստանում եւ միայն մեկ արտագնա հավաքի մեկնեց` Վրաստան: Այս պահի դրությամբ դուք ինչպե՞ս եք գնահատում «Արարարտի» նախապատրաստությունը:
Ասեմ, որ մենք մարզվել սկսել ենք 2011 թվականի դեկտեմբերի 7-ից: Այսինքն շատ թիմեր իրենց խաղացողներին հանգիստ էին տվել, բայց մենք առաջնության ավարտից համարյա անմիջապես հետո սկսեցինք նախապատրաստվել 2012-ի մրցաշրջանին: Սա ոչ մի ձեւական կողմ չուներ, ուղղակի մեր ծրագրի առաջին փուլն էր: Շուտ սկսելով` մենք փորձեցինք նաեւ արագ կազմակերպել թիմի համալրումը: Նպատակ ունեինք ֆուտբոլիստներին իրար հետ ավելի լավ ծանոթացնել գործում, իսկ հունվարին արդեն սկսվեցին պլանավորված մարզումները: Մեզ համար շատ կարեւոր էր տղաների մոտ բարձր էմոցիոնալ տրամադրություն սերմանել: Երկուական մարզումներ կատարելով դահլիճներում եւ ֆիթնես դահլիճներում: Այս փուլում զուգահեռաբար նաեւ ստուգողական հանդիպումներ էինք անցկացնում: Ասեմ, որ «Արարատում» մարզվում էին 36 ֆուտբոլիստներ: Ստուգողական խաղերում մենք սկսեցինք ընտրություն կատարել ֆուտբոլիստների մեջ, քանի որ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ էին փորձարկվում «Արարատում» եւ նրանք բոլորն էլ հնարավորություն ունեին համալրել թիմը, եթե համապատասխանեին մեր պահանջներին:
Ուսումնամարզական հավաքի արտերկրում «Արարատը» ի վերջո մեկնեց: Թիմը շարունակեց մարզվել Վրաստանում:
Այո, մենք մեկնեցինք Վրաստան ու անմիջապես ասեմ, որ այդ հավաքը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ուներ: Բացի ֆիզիկական պատրաստականությունից մենք այլ խնդիրներ էլ ունեինք լուծելու: Ֆուտբոլիստները պետք է հավատան իրենց ուժերին եւ նպատակային աշխատանքներ ենք տարել թիմում բարոյակամային վիճակը շտկելու ու բարձր մակարդակի հասցնելու համար:
Հարեւան երկրում դուք անցկացրեցիք նաեւ ստուգողական հանդիպումներ: Այդ խաղերում արդյունքը ձեզ համար կարեւո՞ր էր, թե ուզում էիք ուղղակի հստակեցնել թիմի խաղային օղակների համագործակցությունը:
Մեզ համար ամեն ինչն էլ նշանակություն ուներ, այդ թվում եւ արդյունքը: Մենք Երեւանում ծանրաբեռնված մարզումներ անցկացնելով` տղաներին մոտեցնում էինք հենց խաղերին սեփական ուժերի նկատմամբ վստահության պայմաններում: Հենց այդ ֆոնի վրա արդյունքը կարեւորվում էր: Ու նման պայմաններում էլ մենք ձգտում ենք խաղային ձեռագիր ստանալ: Բոլոր աշխատանքները կատարվել են փուլ առ փուլ:
Նախապատրաստական փուլում «Արարատից» հեռացան մի քանի խաղացողներ:
Նման երեւույթը բնական եմ համարում: Կային ֆուտբոլիստներ, որոնք խնդիրներ ունեին, ասենք սոցիալական, ընտանիքի հետ կապված, կարճ ասած տարբեր պատճառներով հեռացողներ եղան: Մենք ոչ մի ֆուտբոլիստի խոչընդոտ չենք հանդիսացել: Բաժանվել ենք որպես բարեկամներ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվել է, ցանկություն է հայտնել խաղալ այլ թիմում` հաջողություն: Տեսեք, Գեւորգ Կարապետյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է, եւ նա այդ աստիճանին հասավ հանդես գալով «Արարատում»: Գեւորգը ցանկություն հայտնեց հանդես գալ «Բանանցում», ես որպես գլխավոր մարզիչ ողջունել եմ նրա ցանկությունը եւ թեկուզ ի վնաս «Արարատի» ու ինձ, նրան հաջողություններ մաղթելով` ճանապարհ դրել:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.