Եվրոպայի առաջնությանը թիմային պայքարում չենք լինի մի քանի պատճառներով: Մրցաշարին մոտենում ենք ուժեղ կազմով, երկու գործող չեմպիոնով եւ մարտական տրամադրվածությամբ: Շնորհակալ եմ սպորտային վաշտի հրամանատար Արման Դավթյանին, որ Համլետ Մանուկյանը, զինծառայության մեջ գտնվելով, առանց որեւէ խնդրի մասնակցեց ամբողջ նախապատրաստական փուլին, մեզ հետ մեկնեց Օսիեկ՝ հավաքի եւ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը Զագրեբում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Օգոստոսի 19-24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 6 մարմնամարզիկով:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից Զագրեբում կպայքարեն Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ), Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր):
Հայաստանի թիմն արդեն գտնվում է Խորվաթիայում, որտեղ երկշաբաթյա հավաք է անցնում Օսիեկ քաղաքում:
Պարոն Սերոբյան, Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացին հաշված օրեր: Ի՞նչ փուլերով պատրաստվեցիք, ի՞նչ մարզավիճակում է թիմը եւ ի՞նչ տրամադրվածությամբ եք մոտենում առաջնությանը:
Թիմն Օսիեկում երկշաբաթյա հավաք է անցնում: Այն մարզադահլիճում ենք հավաքն անցնում, որտեղ անցկացվում են աշխարհի գավաթի փուլերը: Ամեն ինչ շատ լավ է, ասես՝ տանը լինենք, լավագույն պայմաններում ենք մարզվում: Մարզումներն ընթանում են ըստ ծրագրի: Մարտական տրամադրվածությամբ ենք մոտենում առաջնությանը:
Աշխատում ենք մեր հիմնական գործիքների վրա եւ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ենք միայն առանձին գործիքների պայքարին, թիմային պայքարում չենք լինելու:
Ինչու՞, ինչը խանգարեց թիմային պայքարում լինելու համար: Նախկինում նշում էիք, որ կմասնակցեք:
Թիմային պայքար չենք անելու, մասնակցելու ենք միայն առանձին գործիքների վրա: Հիմնականում վնասվածքների վտանգը խանգարեցին եւ նաեւ այն, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է օգոստոսին, իսկ մենք պետք է 6 գործիք աշխատեինք: Թիմային պայքարից հրաժարվելու գլխավոր պատճառն այն էր, որ գործիքների հերթականությունը մեզ նպատակահարմար չէր: Նժույգ թափերը պետք է լինի վերջինը: Այդ մասին տեղեկացել ենք 15 օր առաջ: Տեղի է ունեցել գործիքների դասավորության վիճակահանություն եւ որոշվել է, թե որ թիմը որ գործիքից է սկսելու պայքարը: Մենք սկսելու ենք օղակներից, հետո կլինի հենացատկը, ապա՝ պտտաձող, զուգափայտ, ազատ վարժություն եւ վերջում նոր նժույգը: Մենք նժույգում ունենք ուժեղ տղաներ: Տղաներին չենք տանջի մինչեւ վերջին իրենց հիմնական գործիքը գա: Միանգամից կմասնակցեն իրենց գործիքների վրա, որպեսզի լավ կատարեն վարժությունները: Այս ամենը մասնագիտական հաշվարկներ են: Ամեն ինչ անում ենք, որ տղաներն իրենց հիմնական վարժությունների վրա լավ մասնակցեն, մեդալային պայքարում լինեն:
Թիմային պայքարը ոչինչ չէր տալո՞ւ, աշխարհի առաջնության մասնակցության խնդիրը լուծե՞լ եք:
Դա նույնպես հաշվարկել ենք, որ թիմային պայքարը մեզ որեւէ առավելություն չէր տալու: Արդեն ունենք աշխարհի առաջնության 4 ուղեգիր, որոնք ձեռք ենք բերել աշխարհի գավաթների խաղարկություններից. Արթուր Ավետիսյանը՝ օղակներ, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգ եւ Արթուր Դավթյանը՝ հենացատկ եւ օղակներ:
Ի՞նչ սպասելիքներ կան Եվրոպայի առաջնությունից, որին կմասնակցեք երկու գործող չեմպիոններով:
Տղաները պետք է անեն այն, ինչ կարողանում են: Այս պահի դրությամբ նորմալ անում են: Եթե այդպես անեն, ամեն ինչ լավ կլինի: Լավ մարզավիճակում են: Դեռ մի փոքր աշխատանք ունենք անելու, բայց, կարելի է ասել, մոտ ենք: Դժվար է օգոստոսին հասնել եւ պահել մարզավիճակը գագաթնակետին: Աշխարհի առաջնությունն էլ երկու ամսից է: Շատ մոտ են իրար եւ պետք է կարողանանք պահել մարզավիճակը: Այն, ինչ այսօր անում են իրենց գործիքների վրա, լավ է: Չեմ ասում՝ շատ գոհ եմ, որովհետեւ ավելի շատ հնարավորություններ ունեն:
Խանգարող վնասվածքներ չունեն: Եթե գնայինք թիմային պայքարի, ծանրաբեռնեի տղաներին, այդ ժամանակ լուրջ վնասվածքների վտանգ կունենայինք: Այս առումով ես խուսափեցի ռիսկի գնալ, նախընտրեցի՝ անենք մեր գործիքները: Արթուր Դավթյանը դարձավ 34 տարեկան, այս պարագայում 6 գործիք անելը նրա համար ռիսկային կլիներ: Ամեն ինչ հաշվարկած գնում ենք:
Ամեն դեպքում՝ մեդալային ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Ոչինչ նախապես չեմ կարող ասել, քանի որ սա մարմնամարզություն է, որտեղ մեկ քայլը, մեկ տասներրորդական միավորը փոխում են ամեն բան: Չեմ կարող ասել՝ ֆավորիտի կարգավիճակով ենք մոտենում, բայց այդպիսի հոգեբանության ենք մասնակցելու, քանի որ կազմում ունենք երկու գործող չեմպիոն Արթուր Դավթյանը եւ Համլետ Մանուկյանը: Ամեն ինչ ցույց կտա մրցահարթակը: Կարեւոր է, որ տղաներն անեն այն, ինչ կարողանում են: Օսիեկից Զագրեբ կմեկնենք օգոստոսի 16-ին:
Համլետ Մանուկյանն արդեն զորակոչվել է բանակ: Մարզումներին, մրցաշարերին մասնակցելու, Խորվաթիա մեկնելու հետ կապված խնդիրն ինչպե՞ս լուծեծիք: Մեր նախորդ զրույցում անհանգստություն էիք հայտնում, որ Եվրոպայի առաջնությունը համընկնում է տղաների զինակոչի հետ:
Համլետ Մանուկյանն արդեն պարտադիր զինծառայության է անցել, զինվոր է, բայց այս պահին թիմի հետ է, մասնակցում է հավաքի եւ թիմի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Համլետի զինվորական երդման արարողությունը, որից հետո նա երեկոյան միացավ թիմին եւ մեկնեցինք Խորվաթիա: Կլինեմ շատ օբյեկտիվ. զինծառայությունն այժմ մեզ չի խանգարում, մեր մարզիկին տրամարդում են ֆեդերացիային, որեւէ խոչընդոտ չկա: Մարզում բաց չի թողնում, գրությունով գալիս է դահլիճ եւ լիարժեք մարզում անցկացնում: Ասում եմ այն, ինչ կա: Հուլիսի 22-ից անցել է ծառայության սպորտային վաշտում, այդ ընթացքում երկու օր է մարզում բաց թողել: Քանի որ պատրաստվում էինք Եվրոպային, գրությամբ եւ թույլտվությամբ գնում, վաշտից բերում էինք Համլետին, մարզում անցկացնում եւ վերադարձնում վաշտ: Ամեն ինչ արել են, որ մեր նախապատրաստական փուլին չխանգարեն: Այդ ամենի համար շնորհակալ եմ սպորտային վաշտի հրամանատար Արման Դավթյանին, քանի որ նա ամեն ինչ արեց Համլետի համար: Վիզայի հետ կապված խնդիր էլ չունեցանք: Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ արեց, Համլետի անձնագիրն ունեցանք, վիզան ստացանք: Ոչ մի խոչընդոտի առջեւ չենք կանգնել, ինչի համար շնորհակալ եմ բոլորին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի