11:11  ,  16 հունիսի, 2026

Արթուր Ոսկանյան․ Մեր նպատակներից է ֆուտբոլը վերադարձնել Աշտարակ

Մեծ ֆուտբոլը վերադառնում է Աշտարակ քաղաք: Վերջին շրջանում Աշտարակի «Քասախի մարզիկ» ստադիոնում շինարարական աշխատանքներ էին ընթանում, վերակառուցվում էր հին մարզադաշտը՝ նոր աթոռներ, հանդերաձարաններ, սանհանգույցներ, ֆուտբոլիստների համար նախատեսված հանգստի, հանդիպումների սենյակներ: 1971 թ. կառուցված մարզադաշտն աստիճանաբար նոր շունչ է ստանում. այստեղ մարզումներ եւ տնային հանդիպումներ է անցկացնելու նորաստեղծ «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբը:

Հունիսի 15-ին ակումբի առաջին թիմն առաջին մարզումն է անցկացրել «Քասախ Մարզիկ» ստադիոնում՝ նոր խոտածածկով մարզադաշտում: Առաջին մարզումով տրվել է նորաբաց ակումբի եւ թիմի մեկնարկը, որն օգոստոսին կսկսի պայքարը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

NEWS.am Sport-ի թղթակիցը եղել է «Քասախի Մարզիկ» մարզադաշտում, հետեւել վերակառուցման եւ շինարարական աշխատանքներին, նաեւ հանդիպել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը եղել է Հայաստանի մինչեւ 17, 18, 19, 21 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչ, «Նոայի» մարզական տնօրեն, այժմ զբաղեցնում է «Օլիմպիա» նորաբաց ակումբի սպորտային տնօրենի եւ զարգացման գծով բաժնի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով՝ «Օլիմպիան» նոր շունչ է բերելու հայկական ակումբային ֆուտբոլին, ֆուտբոլի երկրպագուներին, մարզադաշտին, աշտարակցիներին:

Պարոն Ոսկանյան, ինչպե՞ս «ծնվեց» «Օլիմպիա» ակումբը:

Իրականում՝ «Օլիմպիան» այդքան էլ նոր ակումբ չի. Աշտարակում նախկինում գործում էր «Օլիմպիա» մանկապատանեկան ակումբ: Կար խոսակցություն, կային մարդիկ, որոնք Հայաստանում ցանկություն ունեին ակումբ ձեռք բերել: Սկսեցին հետաքրքրվել տարբեր թիմերով, նույնիսկ Բարձրագույն խմբի թիմերից էին դիտարկում: Միասին բանակցեցինք եւ եկանք ընդհանուր եզրակացության, որ պետք  է ստեղծել նոր թիմ, որը կլինի մարզային: Ավելի լավ է՝ սկսենք զրոյից, ունենանք մեր թիմն Առաջին լիգայում, մանկապատանեկան թիմեր ունենանք, աստիճանաբար զարգացնենք, քան արդեն գործող ակումբ, թիմ ձեռք բերենք: Շուտով հանրությանը կներկայացնենք, կծանոթացնենք հովանավորներին, ակումբի նախագահին, որոնք ոչինչ չեն խնայում, որպեսզի ակումբը լինի պրոֆեսիոնալ: Այսօր արդեն ունենք «Օլիմպիա» մանկապատանեկան թիմեր, մեր առաջին թիմը ձեւավորված է, անցկացրել ենք նաեւ մեր առաջին մարզումը:

Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ «Քասախի Մարզիկ» մարզադաշտի վրա: Այն լինելո՞ւ է տնային մարզադաշտ:

Նպատակը մարզային թիմ ունենալն էր, որպեսզի մեր ֆուտբոլիստները հիմնականում լինեն մարզերից: Պայմանագիր ունենք «Քասախի Մարզիկ» մարզադաշտի հետ, որ խաղերը եւ մարզումները  անցկացնենք այստեղ: Միայն Աշտարակի մարզադաշտով չենք սահմանափակվում: Ակումբի նախագահը որոշել է ձեռք բերել նաեւ Նոր Հաճնի մարզադաշտը: Այնտեղ արդեն ունենք մարզաբազա, որը վերջնական փուլում է: «Օլիմպիան» կլինի Նոր Հաճնում եւ Աշտարակում:

Մեր նպատակներից է նաեւ այն, որ ֆուտբոլը բերենք, ավելի ճիշտ կլինի ասել՝ վերադարձնենք Աշտարակ: Մարզադաշտի խոտածածկն արդեն պատրաստ է, նստատեղերը, հանդերձարանները փոփոխությունների են ենթարկվել,  նաեւ լինելու է էլեկտրական ցուցատախտակ: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի «Քասախ Մարզիկ» մարզադաշտը համապատասխանի նաեւ Բարձրագույն խմբի խաղերի համար:

Ապագայի համար ավելի մեծ նպատակներ ունենք: Բարձրագույն խմբում հանդես գալու դեպքում արդեն նոր փոփոխություններ կանենք ստադիոնում, հանդերձարաններն ավելի կմեծացնենք, կողքի դաշտերը պատրաստ կլինեն: Այստեղ կլինի մարզադաշտ, փոքր մարզումային դաշտեր, որպեսզի մանկապատանեկան թիմերն էլ ունենան լավ պայմաններ:

«Քասախ Մարզիկը» 55 տարվա պատմություն ունի: Դուք այստեղ խաղացե՞լ եք, ի՞նչ հիշողություններ ունեք:

Երբ 1992-1993 թթ. սկսվեց Հայաստանի առաջնությունը, ես այդ ժամանակ խաղում էի: Աշտարակի «Քասախ» թիմ կար, որը խաղում էր հենց այս մարզադաշտում: Հիշում եմ, որ շատ խաղեր այստեղ ենք անցկացրել: Շատ լավ հիշողություններ են մնացել այդ հանդիպումներից, վառ են տպավորված լեփ-լեցուն տրիբունաները մեր խաղերի ժամանակ: Աշտարակում ֆուտբոլ շատ են սիրում: Հիշում եմ, որ մարդիկ միշտ գալիս էին բոլոր խաղերին: Մեր նպատակն է՝ աշտարակցիներին վերադարձնել իրենց սիրելի ֆուտբոլը, մարզադաշտը, նպաստել, որ նրանք գան ֆուտբոլ դիտելու, մեր հաղթանակներով ուրախանան եւ ֆուտբոլային տոն ունենան: Արդեն մեծ արձագանքներ կան քաղաքի բնակիչներից, հետաքրքրվում են, ուրախ են մեր նախաձեռնությամբ եւ սպասում են, թե երբ են լինելու առաջին հանդիպումները:

Ի՞նչ նպատակ է իր առջեւ դրել «Օլիմպիան»:

Նպատակներն ու ծրագրերն այս ակումբի հետ մեծ են: Արդեն ունենք Առաջին խմբի մասնակցության իրավունք: Մեծ նպատակներ կան հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Ինձ «Օլիմպիա» նախագծում ամենաշատն ուրախացրեց այն, որ մարզում է այս ամենը կատարվելու, մարզային թիմ է լինելու: Շեշտը հիմնականում դրվելու է հայ ֆուտբոլիստների վրա: Մենք ուզում ենք ստեղծել հայկական մշակույթով, հայկական մտածելակերպով թիմ, որտեղ կմտածեն, կխոսեն հայերեն, կունենանք մեր ձեռագիրը, փիլիսոփայությունը: Կփորձենք ստեղծել մերը, հայկականը: Առանձին ուշադրության կենտրոնում կլինեն երկրպագուները, որպեսզի մեր թիմն ունենա իր երկրպագուների խումբը, ինչպես դրսի եվրոպական ակումբներում է: Մարզչական թիմը կլինի տեղացի մասնագետներով:

Ակումբի ղեկավարությունը համաձայն է ինձ հետ գնալ այս ճանապարհով: Իրենք էլ հասկանում են, որ այս ճանապարհը բավականին բարդ է, երկար, պահանջկոտ: Մեկ օրում չի լինելու. ժամանակի ընթացքում աշխատանքն իր արդյունքները կտա:

Աշխատելու ենք երիտասարդ ֆուտբոլիստներին ուղարկել եվրոպական թիմեր: Հասկանում ենք, որ այս ծրագրի իրականացման համար ժամանակ է պետք: Պատանի ֆուտբոլիստների, մանկապատանեկան թիմերի հետ մեծ աշխատանք կա տանելու: Սկսել ենք, պետք է գնանք առաջ, փորձենք հայկական ֆուտբոլին օգտակար լինել:  «Օլիմպիայի» կազմում կլինեն այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք հավաքականի թեկնածուներ են: Ինչ վերաբերում է մանկապատանեկան թիմերին, այստեղ 5-7 տարի ծավալուն աշխատանք է պետք տանել: Նպատակն այն է, որ Աշտարակի մանկապատանեկան թիմերից ունենանք ֆուտբոլիստներ Առաջին թիմում, նաեւ տարբեր տարիքային հավաքականներում ունենանք մեր ֆուտբոլիստները, որոնք կլինեն մեր ակումբի սաները:

«Օլիմպիան» հավակնոտ նախագիծ է: Արդեն առաջին մարզումն ենք անցկացրել:  Պատրաստվում ենք օգոստոսին մեկնարկելիք նոր մրցաշրջանին: Երկրպագուներին կհայտարարենք խաղերի օրերը եւ բոլորին սիրով կսպասենք մարզադաշտում: Իսկ ակումբի նախագահին, մարզչական թիմին կներկայացնենք շուտով: Ուրախ եմ, որ այս նախագծի մասնիկն եմ: Բարդ է զրոյից ակումբ, թիմ ստեղծել, բայց բոլորս հավատում ենք, որ այս նախագիծը կհաջողի: Ի դեպ, մարզադաշտի վերակառուցման ամբողջ ընթացքին մի արագիլ էր այստեղ լինում, ամեն օր գալիս էր եւ շրջում դաշտի կենտրոնում: Բոլորս նկատել էինք նրան եւ մեզ համար շատ խորհրդանշական էր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News