11:11 16 հունիսի, 2026Մեծ ֆուտբոլը վերադառնում է Աշտարակ քաղաք: Վերջին շրջանում Աշտարակի «Քասախի մարզիկ» ստադիոնում շինարարական աշխատանքներ էին ընթանում, վերակառուցվում էր հին մարզադաշտը՝ նոր աթոռներ, հանդերաձարաններ, սանհանգույցներ, ֆուտբոլիստների համար նախատեսված հանգստի, հանդիպումների սենյակներ: 1971 թ. կառուցված մարզադաշտն աստիճանաբար նոր շունչ է ստանում. այստեղ մարզումներ եւ տնային հանդիպումներ է անցկացնելու նորաստեղծ «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբը:
Հունիսի 15-ին ակումբի առաջին թիմն առաջին մարզումն է անցկացրել «Քասախ Մարզիկ» ստադիոնում՝ նոր խոտածածկով մարզադաշտում: Առաջին մարզումով տրվել է նորաբաց ակումբի եւ թիմի մեկնարկը, որն օգոստոսին կսկսի պայքարը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:
NEWS.am Sport-ի թղթակիցը եղել է «Քասախի Մարզիկ» մարզադաշտում, հետեւել վերակառուցման եւ շինարարական աշխատանքներին, նաեւ հանդիպել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը եղել է Հայաստանի մինչեւ 17, 18, 19, 21 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչ, «Նոայի» մարզական տնօրեն, այժմ զբաղեցնում է «Օլիմպիա» նորաբաց ակումբի սպորտային տնօրենի եւ զարգացման գծով բաժնի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով՝ «Օլիմպիան» նոր շունչ է բերելու հայկական ակումբային ֆուտբոլին, ֆուտբոլի երկրպագուներին, մարզադաշտին, աշտարակցիներին:
Պարոն Ոսկանյան, ինչպե՞ս «ծնվեց» «Օլիմպիա» ակումբը:
Իրականում՝ «Օլիմպիան» այդքան էլ նոր ակումբ չի. Աշտարակում նախկինում գործում էր «Օլիմպիա» մանկապատանեկան ակումբ: Կար խոսակցություն, կային մարդիկ, որոնք Հայաստանում ցանկություն ունեին ակումբ ձեռք բերել: Սկսեցին հետաքրքրվել տարբեր թիմերով, նույնիսկ Բարձրագույն խմբի թիմերից էին դիտարկում: Միասին բանակցեցինք եւ եկանք ընդհանուր եզրակացության, որ պետք է ստեղծել նոր թիմ, որը կլինի մարզային: Ավելի լավ է՝ սկսենք զրոյից, ունենանք մեր թիմն Առաջին լիգայում, մանկապատանեկան թիմեր ունենանք, աստիճանաբար զարգացնենք, քան արդեն գործող ակումբ, թիմ ձեռք բերենք: Շուտով հանրությանը կներկայացնենք, կծանոթացնենք հովանավորներին, ակումբի նախագահին, որոնք ոչինչ չեն խնայում, որպեսզի ակումբը լինի պրոֆեսիոնալ: Այսօր արդեն ունենք «Օլիմպիա» մանկապատանեկան թիմեր, մեր առաջին թիմը ձեւավորված է, անցկացրել ենք նաեւ մեր առաջին մարզումը:
Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ «Քասախի Մարզիկ» մարզադաշտի վրա: Այն լինելո՞ւ է տնային մարզադաշտ:
Նպատակը մարզային թիմ ունենալն էր, որպեսզի մեր ֆուտբոլիստները հիմնականում լինեն մարզերից: Պայմանագիր ունենք «Քասախի Մարզիկ» մարզադաշտի հետ, որ խաղերը եւ մարզումները անցկացնենք այստեղ: Միայն Աշտարակի մարզադաշտով չենք սահմանափակվում: Ակումբի նախագահը որոշել է ձեռք բերել նաեւ Նոր Հաճնի մարզադաշտը: Այնտեղ արդեն ունենք մարզաբազա, որը վերջնական փուլում է: «Օլիմպիան» կլինի Նոր Հաճնում եւ Աշտարակում:
Մեր նպատակներից է նաեւ այն, որ ֆուտբոլը բերենք, ավելի ճիշտ կլինի ասել՝ վերադարձնենք Աշտարակ: Մարզադաշտի խոտածածկն արդեն պատրաստ է, նստատեղերը, հանդերձարանները փոփոխությունների են ենթարկվել, նաեւ լինելու է էլեկտրական ցուցատախտակ: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի «Քասախ Մարզիկ» մարզադաշտը համապատասխանի նաեւ Բարձրագույն խմբի խաղերի համար:
Ապագայի համար ավելի մեծ նպատակներ ունենք: Բարձրագույն խմբում հանդես գալու դեպքում արդեն նոր փոփոխություններ կանենք ստադիոնում, հանդերձարաններն ավելի կմեծացնենք, կողքի դաշտերը պատրաստ կլինեն: Այստեղ կլինի մարզադաշտ, փոքր մարզումային դաշտեր, որպեսզի մանկապատանեկան թիմերն էլ ունենան լավ պայմաններ:
«Քասախ Մարզիկը» 55 տարվա պատմություն ունի: Դուք այստեղ խաղացե՞լ եք, ի՞նչ հիշողություններ ունեք:
Երբ 1992-1993 թթ. սկսվեց Հայաստանի առաջնությունը, ես այդ ժամանակ խաղում էի: Աշտարակի «Քասախ» թիմ կար, որը խաղում էր հենց այս մարզադաշտում: Հիշում եմ, որ շատ խաղեր այստեղ ենք անցկացրել: Շատ լավ հիշողություններ են մնացել այդ հանդիպումներից, վառ են տպավորված լեփ-լեցուն տրիբունաները մեր խաղերի ժամանակ: Աշտարակում ֆուտբոլ շատ են սիրում: Հիշում եմ, որ մարդիկ միշտ գալիս էին բոլոր խաղերին: Մեր նպատակն է՝ աշտարակցիներին վերադարձնել իրենց սիրելի ֆուտբոլը, մարզադաշտը, նպաստել, որ նրանք գան ֆուտբոլ դիտելու, մեր հաղթանակներով ուրախանան եւ ֆուտբոլային տոն ունենան: Արդեն մեծ արձագանքներ կան քաղաքի բնակիչներից, հետաքրքրվում են, ուրախ են մեր նախաձեռնությամբ եւ սպասում են, թե երբ են լինելու առաջին հանդիպումները:
Ի՞նչ նպատակ է իր առջեւ դրել «Օլիմպիան»:
Նպատակներն ու ծրագրերն այս ակումբի հետ մեծ են: Արդեն ունենք Առաջին խմբի մասնակցության իրավունք: Մեծ նպատակներ կան հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Ինձ «Օլիմպիա» նախագծում ամենաշատն ուրախացրեց այն, որ մարզում է այս ամենը կատարվելու, մարզային թիմ է լինելու: Շեշտը հիմնականում դրվելու է հայ ֆուտբոլիստների վրա: Մենք ուզում ենք ստեղծել հայկական մշակույթով, հայկական մտածելակերպով թիմ, որտեղ կմտածեն, կխոսեն հայերեն, կունենանք մեր ձեռագիրը, փիլիսոփայությունը: Կփորձենք ստեղծել մերը, հայկականը: Առանձին ուշադրության կենտրոնում կլինեն երկրպագուները, որպեսզի մեր թիմն ունենա իր երկրպագուների խումբը, ինչպես դրսի եվրոպական ակումբներում է: Մարզչական թիմը կլինի տեղացի մասնագետներով:
Ակումբի ղեկավարությունը համաձայն է ինձ հետ գնալ այս ճանապարհով: Իրենք էլ հասկանում են, որ այս ճանապարհը բավականին բարդ է, երկար, պահանջկոտ: Մեկ օրում չի լինելու. ժամանակի ընթացքում աշխատանքն իր արդյունքները կտա:
Աշխատելու ենք երիտասարդ ֆուտբոլիստներին ուղարկել եվրոպական թիմեր: Հասկանում ենք, որ այս ծրագրի իրականացման համար ժամանակ է պետք: Պատանի ֆուտբոլիստների, մանկապատանեկան թիմերի հետ մեծ աշխատանք կա տանելու: Սկսել ենք, պետք է գնանք առաջ, փորձենք հայկական ֆուտբոլին օգտակար լինել: «Օլիմպիայի» կազմում կլինեն այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք հավաքականի թեկնածուներ են: Ինչ վերաբերում է մանկապատանեկան թիմերին, այստեղ 5-7 տարի ծավալուն աշխատանք է պետք տանել: Նպատակն այն է, որ Աշտարակի մանկապատանեկան թիմերից ունենանք ֆուտբոլիստներ Առաջին թիմում, նաեւ տարբեր տարիքային հավաքականներում ունենանք մեր ֆուտբոլիստները, որոնք կլինեն մեր ակումբի սաները:
«Օլիմպիան» հավակնոտ նախագիծ է: Արդեն առաջին մարզումն ենք անցկացրել: Պատրաստվում ենք օգոստոսին մեկնարկելիք նոր մրցաշրջանին: Երկրպագուներին կհայտարարենք խաղերի օրերը եւ բոլորին սիրով կսպասենք մարզադաշտում: Իսկ ակումբի նախագահին, մարզչական թիմին կներկայացնենք շուտով: Ուրախ եմ, որ այս նախագծի մասնիկն եմ: Բարդ է զրոյից ակումբ, թիմ ստեղծել, բայց բոլորս հավատում ենք, որ այս նախագիծը կհաջողի: Ի դեպ, մարզադաշտի վերակառուցման ամբողջ ընթացքին մի արագիլ էր այստեղ լինում, ամեն օր գալիս էր եւ շրջում դաշտի կենտրոնում: Բոլորս նկատել էինք նրան եւ մեզ համար շատ խորհրդանշական էր:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.