18:11  ,  8 հունիսի, 2026

Եղիշե Մելիքյան. Վաղվա խաղում հաղթելու ցանկությունը մեծ է, բայց այդ ցանկությունը չի ճնշում

Վաղվա խաղում հաղթելու ցանկությունը մեծ է, բայց այդ ցանկությունը չի ճնշում: Ինքս որեւէ ճնշում չեմ զգում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Մոլդովայի հավաքականին:

«Թիմի վերականգնվելու համար այս խիտ գրաֆիկը մեզ պետք էր, քանի որ աշնանը կանգնելու ենք նման հարցերի առաջ եւ ունենալու ենք վերականգնվելու համար կարճ օրեր: Սա մեզ համար փորձ կլինի եւ կհասկանանք՝ աշնանը կարճ ժամանակում ֆուտբոլիստները կհասցնե՞ն վերականգնվել:

Տղաները տրամադրված են վաղվա խաղին: Այդ տրամադրվածությունը կարող է նպաստել եւ օգնել հոգնածությանը: Փոփոխություններ ենք արել, որը կտեսնենք վաղը խաղադաշտում: Կլինեն ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ կլինեն մեկնարկային կազմում:

Հասկանում եմ, որ առաջին հերթին ինձ եւ բոլորիս հաղթանակ է պետք, բայց ունենք ուղղություն եւ նպատակներ, որոնք հասկանալու, գտնելու եւ լուծելու համար պետք են փորձարկումներ:

Ես էլ եմ ուզում, որ վաղը հաղթենք, բայց ինձ համար այս ընկերական խաղերը շատ բան հասկանալու գերխնդիրն են: Եթե իմ փոփոխություններն արդարացնեն սպասելիքներս, ուրեմն լավ կլինի աշնանը, եթե չարդարացնեն, ուրեմն շատ բան ունենք մտածելու մինչեւ աշուն:

Մոլդովան շատ նման է Կիպրոսին եւ Լատվիան, որոնք մեր մրցակիցներն են լինելու Ազգերի լիգայում: Մոլդովան շատ մոտ խաղաոճ ունի այս երկու հավաքականներին: Ինձ համար խնդիր էր, որ ընկերական եւ պաշտոնական խաղերի մրցակիցները մակարդականերով մոտ լինեն՝ մի քիչ ավել, մի քիչ՝ պակաս:

Կան ֆուտբոլիստբեր, որոնց աշխատանքից նախորդ խաղում շատ գոհ էի, բայց վաղը նրանք մեկնարկային կազմում չեն լինի: Կլինեն նրանք, որոնց ցանկանում եմ տեսնել տարբեր դիրքերում եւ տեսնել, թե ինչ պատկեր կունենանք: Սա տակտիկա է, բայց չի նշանակում, որ որեւէ ֆուտբոլիստից դժգոհ էի, այդ պատճառով վաղը խաղադաշտ դուրս չի գա:

Ինչպես Ղազախստանը մեզ շատ մտածելու տեղիք տվեց, թե դրական, թե բացասական առումով, այնպես էլ, հուսով եմ, վաղվա հանդիպումը կլինի:

Հաղթելու ցանկությունը մեծ է, բայց այդ ցանկությունը չի ճնշում: Ինքս որեւէ ճնշում չեմ զգում:

Օրերս մի հաղորդում տեսա, որտեղ հաղորդավարներն ասում էին, թե ինձ ներում են պարտությունների դեպքում: Պետք չի ինձ ներել պարտվելու դեպքում: Ես լավ գիտեմ իմ դերն ու գործը: Ես այդ դիրքում չեմ, որ ինձ ներեն կամ չներեն: Ինձ պետք է հավատան կամ չհավատան: Ես ոչ գործ կորցնելուց եմ վախենում, ոչ էլ այլ բանից: Կստացվի՞ ինձ մոտ ամեն ինչ, թե՞ ոչ, կարծում եմ չի ստացվի, բայց վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:

Ես առաջ այլ կերպ էի մոտենում բոլոր հարցերին, հիմա՝ այլ: Յուրաքանչյուր քայլ անում եմ մտածված: Երբ հանդիպումն ինչ-որ կերպ չի ստացվում, հասկացա, որ մարդիկ ուրիշ ձեւ են վերլուծում: Այդ պահից որոշեցի խոսեմ այնպես, ինչպես իրականում կա՝ խնդիրների մասին բարձրաձայնելով: Երբ մի բան ավել ես ուզում ասել, որ տղաներին ոգեւորես, երկրպագուներին ոգեւորես, որոշ ժամանակ անց դրա մասին մոռանում են եւ պահանջում են արդյունք:

Պետք է լսելի լինի, թե ինչ հարցեր ունի հավաքականը եւ գտնել այդ լուծումները: Հավաքականն ունեցել է խնդիրներ, եւ ես այդպես էլ ընդունել եմ թիմը, ուրեմն պետք չի մոռանալ այդ խնդիրների մասին»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Հայաստան – Մոլդովա հանդիպումը հունիսի 9–ին կմեկնարկի 19։00–ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News