23:40  ,  6 հունիսի, 2026

Նաիր Թիկնիզյան․ Հաղթելու մեծ ցանկություն կար այսօր (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի եւ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է Ղազախստանի թիմի հետ ընկերական խաղում 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը: 

«Հաղթելու մեծ ցանկություն կար այսօր: Ամեն դեպքում, խաղից հետո դրական հույզեր ունեմ: Ցավում եմ, որ չկարողացանք առավելության հասնել, հաղթանակը մեզ շատ պետք էր: Առջեւում եւս մեկ հանդիպում կար կփորձենք հաղթանակի հասնել»,- ասել է Նաիր Թիկնիզյանը:

Պաշտպանը նաեւ անդրադարձել է սերբական «Ցրվենա Զվեզդայում» ակումբային կարիերան շարունակելու ծրագրերին եւ Ղազախստանի հետ խաղում «Լանսի» սկաուտների ներկայությանը։ Նրանք, ըստ մամուլի, հետեւել են Թիկնիզյանի խաղին: 

«Ինչ վերաբերում է իմ ակումբային կարիերային «Ցրվենա Զվեզդայում», ակումբը կորոշի՝ շարունակելու եմ այնտեղ հանդես գալ, թե ոչ: Շատ մեծ հարգանք ունեմ իմ ակումբի նկատմամբ եւ շնորհակալ եմ ակումբին, որ «Լոկոմոտիվում» վերջին անհաջող մրցաշրջանից հետո ինձ հնարավորություն տվեց: Ինչ որոշում կայացնի «Ցրվենա Զվեզդան», դրան էլ կհետեւեմ: Այս պահին իմ գերխնդիրն է օգնել ազգային հավաքականին եւ ակումբին, աճել որպես ֆուտբոլիստ: Ուզում եմ, որ լավ լինի ինչպես ակումբին, այնպես էլ ինձ:

Մամուլից տեղեկացել էի, որ այսօր իմ խաղին հետեւելու էին եկել «Լանսի» սկաուտները: Ուզում եմ նշել, որ ազգային հավաքականը տոնավաճառ չի եւ ինձ համար միեւնույն էր, թե ով էր եկել իմ խաղին հետեւելու, սկաուտներ «Լանսից», «Նանսից», թե «Նիսից»: Ես դուրս էի եկել խաղադաշտ եւ ներդրել ամբողջ ուժերս իմ երկրի եւ իմ հավաքականի համար: Թե այնտեղ որ ակումբն ինչ է հետեւում, ինձ այդ ամենը հավաքականի խաղին չի մտահոգում»,- ասել է Նաիր Թիկնիզյանը:

Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կընդունի Մոլդովայի հավաքականին։

Աստղիկ Ադամյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News