20:43  ,  6 հունիսի, 2026

Եղիշե Մելիքյան․ Անտրամադիր եմ, որ հասարակ տեղերում որակը թույլ չի տալիս հաջողության հասնել

Անտրամադիր եմ, որ հասարակ տեղերում որակը թույլ չի տալիս հաջողության հասնել: Խաղային պլանը լավ էր աշխատում, հաղթելու հնարավորություն ունեինք, բայց որակի պակասը որոշ հատվածներում զգացվեց: Թիմը գիտեր՝ դաշտում ինչ էր ուզում:

Այս մասին լրագրողների հետ հետխաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ մեկնաբանելով տնային ընկերական խաղում Ղազախստանի թիմի հետ ոչ ոքին՝ 1:1:

«Երկու խաղակեսում էլ գոլ խփելու եւ հաղթելու հնարավորություն ունեինք: Մեզ հաջողվում էր գրոհել եւ դուրս գալ պրեսինգից: Կարողանում էինք տակտիկապես գնդակը հասցնել մրցակցի դարպասի մոտ, բայց  գոլ չենք խփում: Խնդիրն այն է, որ չկարողացանք գոլեր խփել:

Անտրամադիր եմ նրանից, որ շատ հասարակ տեղերում որակը թույլ չի տալիս հաջողության հասնել:

Երկրորդ խաղակեսում ավելի սուր էինք եւ բազմաթիվ հնարավորություններ ունեինք եւ կարող էինք գոլ խփել:

Գոհ եմ Էդուարդ Սպերցյանի աշխատանքից: Լրիվ այլ մակարդակ է: Սեւիկյանը լավ աշխատանք տարավ, չնայած մարզավիճակ չուներ:

Կառլեն Հովհաննիսյանից նույնպես շատ գոհ եմ: Նա մեր լավ ապագա ունեցող ֆուտբոլիստներից է:

Շնորհակալ եմ տղաներին լավ աշխատանքի համար:

Պաշտպանությունում եւ հարձակման գծում չեմ կարող ասել ամենալավ խաղն էր, որովհետեւ չենք հաղթել: Լավ խաղ էր, բայց լավագույնը չէր:

Թիմը գիտեր՝ դաշտում ինչ էր ուզում: Մտածում էի, որ հանգստից հետո մեր թիմի մոտ դժվար կլինի կազմակերվածությունը, բայց այս առումով լավ խաղ ունեցանք:

Չանչարեւիչին չէի ուզում հրավիրել: Մտածում էի, որ տեղի ֆուտբոլիստներով կառաջնորդվենք: Ես ներկա եմ լինում Հայաստանի առաջնության բոլոր խաղերին եւ հետեւում եմ բոլորի աշխատանքին եւ ունեցա ազդակներ, որ դեռ պետք չի հրաժարվել Օգնյեն Չանչարեւիչին:

Առջեւում Մոլդովայի հետ խաղն է: Թույլ թիմ չկա: Չեմ կարող ասել՝ մեզանից ուժեղ թիմ է, բայց թույլ էլ չի: Ուրախ եմ, որ այսօր շատ ֆուտբոլիստների տեսանք դաշտում եւ հնարավորություն ունեցանք վերլուծել: Պատկերացնում ենք, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղանք Մոլդովայի դեմ»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը Եղիշե Մելիքյանից հետաքրքրվեց՝ հավաքականի ֆուտբոլիստները վաղը՝ հունիսի 7-ին մասնակցելո՞ւ են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, գնալո՞ւ են ընտրության:

«Ես անպայման գնալու եմ ընտրության: Հավաքականի անդամների ընտրության մասնակցելն ըստ իրենց ցանկության է: Չենք ուղղորդելու, բայց ես կմասնակցեմ անպայման»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Հայաստան - Մոլդովա ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News