Իմ գլխավոր նպատակներից մեկն օլիմպիական ոսկին է: Օլիմպիական չեմպիոնի հետ նման գոտեմարտերն ինձ միայն ավելի կուժեղացնեն եւ կմոտեցնեն իմ նպատակին: Ամեն հաղթանակ սկսվում է հենց հաջորդ քայլից։ Ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ ավելի ուժեղ լինել, ավելի մեծ արդյունքների հասնել, չկանգնել նույն տեղում։ Նաեւ գիտակցում եմ, որ ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ մի ամբողջ երկիր, իմ ժողովրդին, այն երեխաներին, որոնք ինձ տեսնում եւ ոգեշնչվում են։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:
Հունիսի 13-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում Արսեն Հարությունյանն իր նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF լիգայում: Նրա մրցակիցը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչին։
Արսեն, շնորհավորում եմ RAF լիգա ընդգրկվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս եւ ու՞մ հրավերով որոշեցիր միանալ լիգային:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Ինձ համար միշտ հետաքրքիր է փորձել ուժերս նոր հարթակներում, մասնակցել այնպիսի նախագծերի, որոնք օգնում են ըմբշամարտն ավելի հետաքրքիր ու դիտարժան դարձնել մարդկանց համար։ RAF լիգայից առաջարկ ստացա, քննարկեցինք բոլոր մանրամասներն ու հասկացա, որ սա լավ հնարավորություն է նոր փորձ ձեռք բերելու, երկրպագուներին հետաքրքիր գոտեմարտ նվիրելու եւ հայկական ըմբշամարտը եւս մեկ հարթակում ներկայացնելու համար։
RAF-ում հանդես գալը քեզ համար նոր մարտահրավե՞ր է ըմբշամարտում, թե՞ հերթական մրցաշար, որին կմասնակցես։
Ինձ համար ամեն մրցելույթ մեծ պատասխանատվություն է՝ անկախ հարթակից: Ես միշտ մրցագորգ եմ բարձրանում միայն հաղթելու նպատալով։ Սա իմ կարիերայում առաջին նման մեծ պայմանագիրն է, որը, բնականաբար, շատ կարեւոր ու պատասխանատու քայլ է ինձ համար։
RAF-ում նորամուտի գոտեմարտիդ մրցակիցը Փարիզի Օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչին է՝ քո հիմնական մրցակիցներից մեկը: Ի՞նչ կասես մրցակցիդ եւ նրա հետ սպասվող մրցակցության մասին:
Ռեյ Հիգուչին շատ ուժեղ եւ փորձառու մարզիկ է, օլիմպիական չեմպիոն: Կարծում եմ՝ բոլորին է հայտնի, թե ինչ մակարդակի ըմբիշ է նա։ Մենք մրցագորգից արդեն լավ ճանաչում ենք միմյանց: Համոզված եմ, որ այս գոտեմարտն էլ շատ հետաքրքիր ու լարված է լինելու։
Ինձ համար կարեւոր չի, թե որտեղ եմ գոտեմարտում՝ աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր, թե RAF լիգա. միշտ մրցագորգ եմ բարձրանում նույն մտածելակերպով՝ հաղթել, հանդիսատեսին գեղեցիկ ու դիտարժան գոտեմարտ պարգեւել։ Կարծում եմ՝ Հիգուչիի հետ ե՛ւ մեծ մրցակցություն կլինի, ե՛ւ լավ շոու հանդիսատեսի համար։ Երբ մրցագորգում հանդիպում են բարձր մակարդակի մարզիկներ, մարդիկ միշտ սպասում են հետաքրքիր եւ լարված գոտեմարտ։
Ռեւա՞նշ, թե՞ շոու: Ի՞նչ սպասել հունիսի 13-ին:
Ինձ համար տարբերություն չկա՝ ռեւանշ է, շոու, թե սովորական մրցում․ իմ նպատակը միշտ նույնն է՝ հաղթել ու լավագույնս ներկայանալ։ Յուրաքանչյուր ուժեղ մրցակից ու յուրաքանչյուր մեծ գոտեմարտ ինձ համար փորձ եւ առաջընթաց է դեպի ավելի մեծ նպատակներ։ Իմ գլխավոր նպատակներից մեկը օլիմպիական ոսկին է, և նման գոտեմարտերն այսպիսի մրցակիցների հետ ինձ միայն ավելի են ուժեղացնում ու մոտեցնում իմ նպատակին։ Հիմա ամբողջ ուշադրությունս առաջիկա գոտեմարտի վրա է, որովհետեւ ամեն հաղթանակ սկսվում է հենց հաջորդ քայլից։
Արսեն, դու մշտապես «շարժման» մեջ ես, տպավորություն է, թե հավաքականի կազմում առաջատարությունը, աշխարհի, Եվրոպայի առաջնությունները, միջազգային մրցաշարերը քեզ չեն «հագեցնում»։ Այլ կերպ ասած՝ մրցելու ծարավդ չի հագենում։ Ինչո՞վ է պայմանավորված։ Ի՞նչն է քեզ մոտիվացնում:
Անկեղծ ասած՝ երբեք չեմ կարողանում բավարարվել ունեցածով։ Ամեն հաղթանակից հետո մի քանի օր ուրախանում ես, բայց հետո նորից սկսում ես մտածել՝ ինչ կարող ես անել ավելի լավ, ինչ բարձունքի կարող ես դեռ հասնել։ Երեւի հենց դա էլ մարզիկին մշտապես «շարժման» մեջ է պահում։ Իմ ներսում միշտ եղել է ապացուցելու մեծ ցանկություն. առաջին հերթին՝ ինքս ինձ։ Ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ ավելի ուժեղ լինել, ավելի մեծ արդյունքների հասնել, չկանգնել նույն տեղում։ Այդ մշտական պայքարից հետո գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ արդեն միայն քեզ համար չես պայքարում։ Երբ տեսնում ես, թե մարդիկ ինչպես են ուրախանում քո հաղթանակներով, ինչպես է ամբողջ Հայաստանը ապրում այդ պահերով, լրիվ ուրիշ պատասխանատվություն ու էներգիա ես ստանում։ Շատ հաճախ, երբ դժվար է լինում, հոգնած եմ լինում կամ ուժերս քիչ են մնում, հենց այդ զգացողությունն է ինձ առաջ մղում։ Գիտակցում եմ, որ ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ մի ամբողջ երկիր, իմ ժողովրդին, այն երեխաներին, որոնք ինձ տեսնում եւ ոգեշնչվում են։ Կարծում եմ՝ իմ այդ «ծարավը» գալիս է հենց ներսի անհանգստությունից՝ միշտ ավելիին հասնելու, միշտ աճելու ցանկությունից։ Ես դեռ չեմ զգում, որ ասել եմ իմ վերջին խոսքը սպորտում: Քանի դեռ այդ կրակը ներսումս կա, շարունակելու եմ նույն քաղցով մարզվել, պայքարել ու առաջ գնալ։
Օրերս ես վերադարձել ԵԱ-ից, որտեղ նվաճեցիր բրոնզե մեդալ։ Ասուլիսում ասացիր որ սխալդ հասկացել ես, երկար ժամանակ պատրաստվել ես մեկ մրցակցի դեմ։ Հասցրե՞լ ես վերականգնվել, եւ ի՞նչ քայլեր ես ձեռնարկել սխալդ ուղղելու համար մինչեւ ԱԱ-2026։ Այս պարագայում Հիգուչիի հետ գոտեմարտը որքանո՞վ քեզ կօգնի։
Եվրոպայի առաջնությունից հետո ես շատ բան վերլուծեցի ու հասկացա, որ սխալ էր ամբողջ ուշադրությունը հիմնականում մեկ մրցակցի վրա կենտրոնացնել։ Ժամանակակից ըմբշամարտում բոլորն էլ շատ ուժեղ են, եւ եթե ուզում ես միշտ մնալ ամենաբարձր մակարդակում, պետք է պատրաստ լինես յուրաքանչյուր մրցակցի։ Իհարկե, բրոնզե մեդալն այն արդյունքը չէր, որի համար գնացել էի, բայց երբեմն նման արդյունքներն ավելի շատ բան են սովորեցնում, քան հաղթանակները։ Կարեւորն այն է, թե ինչ եզրակացություններ ես անում դրանից հետո։ Հիմա արդեն վերականգնվել եմ, վերադարձել եմ մարզումային ռեժիմի ու թիմիս հետ աշխատում ենք այդ սխալները շտկելու ուղղությամբ՝ ֆիզիկապես, տակտիկապես, հոգեբանորեն ավելի բազմակողմանի դառնալու համար։
Ինչ վերաբերում է այս ճանապարհին Հիգուչիի հետ գոտեմարտին, նման բարձր մակարդակի մրցակցի հետ յուրաքանչյուր հանդիպում շատ կարեւոր փորձ է ու լավ հնարավորություն ինքդ քեզ ստուգելու համար։ Կարծում եմ՝ նման գոտեմարտերը միայն կօգնեն ավելի վստահ ու ավելի ուժեղ մոտենալ աշխարհի առաջնությանը։
Ի՞նչ փուլերով, որտեղ ես պատրաստվելու օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտին։ Ո՞վ կլինի քո մարտավկան։ Թիմակիցներից, հավաքականի տղաներից ովքե՞ր կլինեն կողքիդ։
Քանի որ մրցաշարը լինելու է ԱՄՆ-ում, մի փոքր դժվար կլինի ամբողջ թիմով մեկնել այնտեղ։ Այնտեղ ինձ կդիմավորի Արման Ծառուկյանը, միասին կպատրաստվենք գոտեմարտին։ Մեզ հետ պատրաստվելու է նաեւ Խամզատ Չիմաեւը, ինչը, վստահաբար, բոլորիս համար մեծ մոտիվացիա ու էներգիա կլինի պատրաստության ընթացքում։
Վերջին շրջանում քեզ քննադատում են սոցիալական հարթակներում շատ ակտիվ լինելու համար։ Նաեւ կան կարծիքներ, որ փորձում ես նմանակել Արման Ծառուկյանին։ Այդ քննադատությունների ֆոնին, հնչեցին նաեւ անուղղակի մեղադրանքներ ԵԱ-ում բրոնզե մեդալով բավարարվելու համար, որովհետեւ տարված էիր սոցցանցերում ակտիվություն ապահովելով։ Ինչպե՞ս ես վերաբերվում այդ քննադատություններին։ Չեն ընկճե՞լ կամ հակառակը՝ մոտիվացրել։
Քննադատություններին շատ հանգիստ եմ վերաբերում։ Այսօր սոցիալական հարթակներում կան մարդիկ ու նույնիսկ ամբողջ թիմեր, որոնք զբաղվում են միայն այդ ամենով։ Ինձ համար դա երբեք առաջնային չի եղել։ Ես միշտ սիրել եմ ակտիվ կյանքով ապրել, պարզապես հիմա կողքիս կան մարդիկ, որոնք նկարահանում ու ցույց են տալիս այդ ամենը մարդկանց։ Ինձ համար կարեւորն ուրիշ բան է. երբ մտնում եմ մարզադահլիճ ու տեսնում եմ, թե քանի երեխա է ոգեւորվում, գալիս ասում՝ «քեզ նայելով ենք սկսել ըմբշամարտով զբաղվել», կամ երբ ծնողները մոտենում ու շնորհակալություն են հայտնում, որովհետեւ իրենց երեխան սկսել է մարզվել ու նպատակներ դնել իր առջեւ, ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Այդ կարծիքներն ինձ համար շատ ավելի արժեքավոր են, քան սոցցանցերում նստած մարդկանց խոսքերը, որոնք հաճախ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ աշխատանքի, զոհողությունների ու ճանապարհի մասին է խոսքը։
Ինքս շատ քիչ ժամանակ եմ անցկացնում սոցցանցերում։ Երեւի ամբողջ ամսվա ընթացքում ընդհանուր 3-4 ժամ։ Կան մասնագետներ, որոնք զբաղվում են այդ ամենով: Իմ սոցիալական էջերով ես չեմ զբաղվում։ Վերջին շրջանում այդ ակտիվությունից շատ մեծ ոգեւորություն եմ տեսնում մարդկանց կողմից։ Ամեն տեղ, որտեղ գնում եմ, մարդիկ մոտենում են, ծնողները շնորհակալություն են հայտնում, ասում են՝ իրենց երեխաները ինձնից են ոգեշնչվել, սկսել են սպորտով զբաղվել, նպատակներ դնել իրենց առաջ։ Մարզասրահում երեխաների աչքերի ոգեւորությունը տեսնելն ինձ շատ ավելի մեծ ուժ ու մոտիվացիա է տալիս, քան մեկնաբանություններում գրված ցանկացած կարծիք։ Ես ընդհանրապես չեմ հետեւում, թե այնտեղ ինչ են գրում։ Եթե ազատ ժամանակ եմ ունենում, նախընտրում եմ այն անցկացնել ընտանիքիս հետ, հանգստանալ, վերականգնվել ու ավելի լավ պատրաստվել մրցաշարերին։ Եթե ամբողջ օրը նստեի ու կարդայի մարդկանց մեկնաբանությունները, հաստատ ոչ մի լուրջ արդյունքի չէի հասնի կյանքում։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի