19:08  ,  7 մայիսի, 2026

Երիտասարդական ԱԱ. Էմմա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Երկամարտում Պողոսյանը հավաքեց 253 կգ (109+144):

Պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 103 կգ, 106 կգ եւ 109 կգ: Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր:

Հրում վարժությունում 19-ամյա ծանրորդը բարձրացրեց 137 կգ եւ 144 կգ, երրորդ մոտեցումը՝ 147 կգ, ձախողեց: Այս վարժությունում նա վաստակեց փոքր ոսկե մեդալ:

Էմմա Պողոսյանն աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է, Մ20 ԵԱ չեմպիոն, Մ17 Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ15 Եվրոպայի չեմպիոն: 2024 թ. Էմմա Պողոսյանն առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն երիտասարդ մարզիկ:

2025 թ. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Պողոսյանը 5-րդ տեղում ավարտեց պայքարը` երկամարտում գրանցելով 230 կգ արդյունք (100+130):

Նույն տարում Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Էմմա Պողոսյանը երկամարտի 241 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ (105+136):

Օրերս Բաթումիում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունում կանանց 86 կգ քաշայինների պայքարում 19-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (107+141):

Երեկոյան մրցահերթում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վալերիկ Մովսիսյանը:

Մովսիսյանը Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների կրկնակի չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

94 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում