09:06  ,  15 ապրիլի, 2026

Հակոբ Սերոբյան․ Եվրոպայի առաջնությունից առաջ ունենք երկու շատ կարեւոր խնդիր

Աշխարհի գավաթի փուլերի արդյունքները գոհացնող են, մեր առջեւ դրված խնդիրները լուծել ենք, բոլոր 4 մարզիկներն ապահովել են աշխարհի առաջնության մասնակցության իրավունք: Այժմ պատրաստվում ենք օգոստոսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, որից առաջ ունենք երկու շատ կարեւոր խնդիր. Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի զորակոչն է այդ շրջանում, նրանց անձնագիրը վերջանում է, վիզաներ ստանալու խնդրի առաջ ենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը նախօրեին է վերադարձել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքից, որտեղ մասնակցում էր աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը 6 օրում մասնակցել է աշխարհի գավաթի երկու փուլի եւ նվաճել 6 մեդալ՝ 3 ոսկի, 2 արծաթ եւ մեկ բրոնզ:

Պարոն Սերբոյան, Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարն աշխարհի գավաթի փուլերում: Վերջին երկու փուլերում 6 օրում ձեր գլխավորած թիմը նվաճեց 6 մեդալ, որից երեքը՝ ոսկի: Արդյունքները գոհացնո՞ղ են:

Կահիերի եւ Օսիյեկի փուլերի արդյունքները գոհացնող են, կարելի է ասել՝ շատ լավ է, բայց մեր հնարավորությունների չափը չէր: Աստիճանաբար բարձրացնում ենք մեր նշաձողը: Օսիյեկն, ասես, աշխարհի առաջնություն լիներ: Դոհայում նախատեսված 6-րդ փուլը չեղարկվեց, բոլորը եկել էին Օսիյեկ: Մասնակիցները շատ էին եւ տիտղոսակիր: Այսպիսի աշխարհի գավաթ դեռեւս չէր եղել ու շատ բարձր մակարդակով էր կազմակերպած: Մենք ունեինք 4 մասնակից, 4-ն էլ եզրափակիչ են մտել: Ցանկացած երկրի համար թիմի բոլոր անդամների եզրափակիչ մտնելը շատ մեծ հաջողություն է:

Ձեր խոսքում նշեցիք, որ արդյունքները ձեր հնարավորությունների չափը չէր: Այդ դեպքում՝ ինչո՞ւ:

Մամիկոն Խաչատրյանի համար եմ այդպիսի գնահատական տալիս: Երկու փուլերում նա մեդալ չնվաճեց: Լիարժեք հնարավորություն ուներ նժույգի վարժությունում ոսկե մեդալակիր դառնալ. միայն Համլետին կարող էր պարտվել: Ափսոսում եմ նրա համար: Սահմանափակվեց միայն եզրափակիչ մտնելով: Մնացած ամեն ինչ գոհացնող է, 4 եզրափակիչի մասնակից, երեք մեդալ ու այն էլ այնպիսի աշխարհի գավաթի փուլում, որը մրցակցությամբ հիշեցնում էր աշխարհի առաջնություն: Լավ է, նորմալ է, բայց մեր հնարավորություններն ավելի բարձր են եւ մենք կարող ենք ավելին անել: Շնորհակալ ենք այնքանով, որ արեցինք, ինչ կարողանում ենք:

Արթուր Ավետիսյանը դարձավ բացարձակ գավաթակիր: Ինչպե՞ս է հաշվարկվել միավորները: 

Արթուր Ավետիսյանը Կոտբուսում ոսկե մեդալակիր էր դարձել, Կահիրեում՝ արծաթե, Օսիյեկում՝ բրոնզե: Շատ բարձր միավորներով շրջանցեց բոլորին եւ դարձավ բացարձակ գավաթակիր: Մամիկոն Խաչատրյանի շանսերն ավելի շատ էր բացարձակ գավաթակիր դառնալու համար: Ի տարբերություն մյուս թիմերի եւ մասնակիցների, որոնք մասնակցեցին 5 փուլի, մենք կարողացանք մասնակցել միայն 3-ի: Սա նշանակում է, որ մյուս երկրների ներկայացուցիչներն առավելություն ունեին: Քանի որ 6-րդ փուլը չեղարկվեց, հաշվարկվել են 5 փուլերի յուրաքանչյուր գործիքի վրա միավորներով լավագույն եռյակը: Եթե Անթալիայի փուլին հասցնեինք մասնակցել եւ Մամիկոնը դուրս գար եզրափակիչ, նա կլիներ բացարձակ գավաթակիր՝շրջանցելով Համլետ Մանուկյանին: Մամիկոնը Կոտբուսի փուլում արծաթե մեդալակիր էր, շատ բարձր միավորներ էր հավաքել:

Ինչ վերաբերում է Համլետին, եթե առաջին փուլում թեկուզ 5-րդ տեղը գրավեր, վերջին երկու ոսկե մեդալով կարող էր բացարձակ գավաթակիր դառնալ: Առաջին փուլում նա 7-րդ տեղի արդյունք ցույց տվեց, երկու ոսկե մեդալները նրան չօգնեցին:

Աշխարհի գավաթի փուլերի արդյունքներով թիմի բոլոր անդամներն ապահովեցի՞ն իրենց մասնակցությունն աշխարհի առաջնությունում:

Բոլոր 4 մասնակիցներն էլ ձեռք բերեցին առանձին գործիքներում մասնակցության իրավունք: Արթուր Դավթյանը նույնիսկ երկու գործիքի վրա մասնակցելու իրավունք է ստացել. հենացատկից բացի, նաեւ օղակների վարժությունում: Այստեղ այլ խնդիր ունենք: Կան անհատ մարմնամարզիկներ, որոնք աշխարհի գավաթի փուլերի արդյունքներով 9-րդ, 10-րդ տեղերն են գրավել, այժմ մեզ խնդրում են, որպեսզի Եվրոպայի առաջնությանը թիմով մասնակցենք: Եթե մենք թիմով մասնակցենք Եվրոպայի առաջնությանը եւ լավագույն 13-ի մեջ մտնենք թիմով, աշխարհի առաջնությանը թիմով մասնակցելու իրավունք կվաստակենք եւ դուրս կգանք աշխարհի գավաթի փուլերի հաշվարկից: 9-րդ, 10-րդ տեղերը զբաղեցրած մարմնամարզիկները առանձին գործիքներում աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք կստանան: Եթե Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում լավագույն 13-ում չլինենք, այստեղ մեզ օգնության կգա աշխարհի գավաթի փուլերի արդյունքներով առանձին գործիքներում ձեռք բերած մասնակցության իրավունքը: Ցանկացած պարագայում մեզ ապահովագրել ենք՝ ինչ ելք էլ լինի Եվրոպայի առաջնությունում:

Համլետ Մանուկյանը փայլեց երկու փուլերում: Ինչպե՞ս կգնահատեք:

Նժույգի վարժությունում, հատկապես Օսիյեկում, շատ բարդ պայքար էր. աշխարհի առաջնություն էր: Շատ ուժեղ մարզիկներ չհաղթահարեցին որակավորման փուլը: Օլիմպիական չեմպիոնն էր մասնակցում, որը եզրափակիչ չմտավ, աշխարհի փոխչեմպիոնը եզրափակիչ չմտավ: Համլետը շատ լուրջ արդյունք ցույց տվեց, հրաշալի կատարեց երկու փուլերում էլ:

 Արթուր Դավթյանը Օսիյեկում 0,033 միավորով զիջեց բրիտանացի մարմնամարզիկին: Վնասվածքը խանգարե՞ց:

Արթուրի երկրորդ տեղի արդյունքի հետ մի տեսակ համաձայն չեմ, չնայած, որ երկրորդ ցատկում սխալ թույլ տվեց: Եթե ձեռքի թեթեւ շարժումը չաներ, առաջին տեղ կգրավեր: Բրիտանացի մարմնամարզիկի առաջին ցատկը բարդ էր, բայց այնպես չի, որ Արթուրից լավ կատարեց: Արթուրը Կահիրեում այդքան լավ չմասնակցեց, որքան Օսիյեկում: Այստեղ էլ շատ ուժեղ մրցակցություն կար: Որակավորման փուլում փայլուն ցատկեր կատարեց: Եթե նույնն աներ եզրափակիչում, կհաղթեր: Հեփվորֆը 4 տասնորդական բարդ ցատկ արեց, բայց Արթուրը նրան պարտվեց թեթեւ ձեռքի շարժումով:

Արթուրը մասնակցեց երկու փուլերին, Կոտբուսում վնասվածքը խանգարեց: Եթե այնտեղ էլ մասնակցեր, նա էլ բացարձակ չեմպիոն կդառնար: Մենք նախատեսել էինք, որ նա պետք է մասնակցի վերջին երեք փուլերին՝ Կահիրե, Օսիյեկ եւ Դոհա: Վերջինը չեղարկվեց, մեր ծրագրերը խառնվեց: Չեմ կարող ասել, թե վնասվածքը խանգարեց: Նա չի ասում, ցույց չի տալիս, որ ցավ ունի, կանգնում է մրցահարթակին եւ անում իր վարժությունը: Շատ ուրախ եմ, որ այս պահին վնասվածքն այլեւս չի խանգարում: Ոչ լիարժեք, բայց ապաքինվել է: Հուսամ՝ Եվրոպայի առաջնությունում եւս ամեն ինչ լավ կլինի:

Եվրոպայի առաջնությունն այս տարի նախատեսված է օգոստոսին: Ի՞նչ փուլերով կպատրաստվեք, ի՞նչ մրցաշարեր կան առջեւում:

Մեզ համար անսովոր է, որ Եվրոպայի առաջնությունը օգոստոսին է, քանի որ միշտ ապրիլին է եղել: Մեր նպատակը թիմով մասնակցելն է: Այդ առումով մեզ համար լավ է, պատրաստվելու ժամանակ ունենք, բայց դրան զուգահեռ ունենք մի շարք խնդիրներ: Օգոստոսին Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի զորակոչի ժամանակն է, իսկ նրանք նաեւ բազմամարտ են անելու, այսինքն՝ թիմին շատ օգտակար են լինելու: Այս հարցը կարեւոր է: Մեզ շատ է աջակցում սպորտային վաշտի ներկայացուցիչ Արման Դավթյանը: Ամեն ինչով մեզ օգնում է, պատրաստակամ է, ճանաչում է մեզ, հասկանում է մարզաձեւը եւ ասել է, որ ինչ հնարավոր է՝ կարվի տղաների համար:

Մինչեւ առաջնության մեկնարկը, նախատեսում ենք եւս 14-օրյա հավաք մրցավայրում՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Քանի որ Համլետը եւ Մամիկոնը զորակոչիկներ են, նրանց անձնագիրն է վերջանում, վիզաներ չունեն: Պետք է շուտ անձնագիր ունենանք, որ վիզաներ ստանան: Ինձ թվում է՝ խնդիրը կլուծվի:

Շատ աշխատանք ունենք անելու: Մամիկոն Խաչատրյանը մայիսին Վառնայում կմասնակցի World Challenge Cup-ի: Պետք է հասկանանք՝ ինչպես է կատարում իր վարժությունը: Մայիսի 15-19-ը Տաշքենդում կլինի եւս մեկ World Challenge Cup, որտեղ կմասնակցեն Էրիկ Բաղդասարյանը եւ Ռոբերտ Գյուլումյանը: Նրանք նույնպես պետք է միանան թիմին Եվրոպայի առաջնությունում: Հավաքականի մյուս անդամները կհանգստանան: Մայիսին երկշաբաթյա հավաք կունենանք Թբիլիսիում, որտեղ շեշտը կնդնենք պտտաձողի, զուգափայտի, ազատ վարժությունների վրա: Պետք է ուժեղացնենք մյուս գործիքները, որպեսզի թիմը 6 գործիք կատարի:

 Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News