Մրցակցիս՝ Լուիս Ակրոնին Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո, հերթը պրոֆեսիոնալ ռինգինն է: Սպասում եմ հետաքրքիր եւ դիտարժան մենամարտ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄԷ-ից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության հնգակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Հայաստանի հավաքականի ավագն ապրիլի 3-ին Դուբայում BATL Promotions-ի կազմակերպած մրցաշարում 9-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ մրցակիցը կլինի Ռիո -2016-ի Օլիմպիական խաղերում իրեն պարտված վենեսուելացի Լուիս Արկոնը:
Հովհաննես, հերթական մենամարտումդ մրցելու ես Ռիո-2016 Օլիմպիական խաղերում քեզ պարտված վենեսուելացի Լուիս Ակրոնի հետ: Ինչպե՞ս ես պատրաստվում այս մենամարտին:
Գոտու մենամարտ եմ անցկացնելու: Իմ տեղեկություններով WBA Intercontinenal գոտու մենամարտ է լինելու: Ես ունեմ WBA Continental գոտի: Այս պահին դեռ հստակ տեղեկություն չունեմ՝ Intercontinental գոտու համար պետք է պայքարե՞մ, թե՞ պաշտպանելու եմ իմ գոտին: Ամեն դեպքում հստակ է, որ գոտու մենամարտ է լինելու:
Մրցակցիս վաղուց եմ ճանաչում, բայց մենք առաջին անգամ ենք հանդիպելու պրոֆեսիոնալ ռինգում:
Ի՞նչ ես սպասում մրցակցից եւ այս մենամարտից:
Մրցակիցս 33-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնն է, որը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 16 հաղթանակ՝ 15-ը նոկաուտով եւ 1 ոչ ոքի: Ի սկզբանե, արգենտինացի բռնցքամարտիկի հետ էր նախատեսված իմ մենամարտը, բայց Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմական գործողությունների պատճառով նա հրաժարվեց:
Լուիս Ակրոնը վաղուց էր ցանկանում ինձ հետ մենամարտել պրոֆեսիոնալ ռինգում: Մենք հանդիպել էինք 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում: Շատ լավ եմ հիշում այդ մենամարտը: 1/16 եզրափակիչն էր: Առաջին ռաունդում նա ինձ նոկդաունի ենթարկեց, որից հետո ես կարողացա շարունակել պայքարը: Տանուլ տված առաջին ռաունդից հետո կարողացավ հաղթել երկրորդ ռաունդում եւ հավասարեցնել պայքարը, իսկ երրորդ ռաունդն առավելությամբ անցկացրի եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Այդ մենամարտում Ակրոնին հաղթեցի 2:1 հաշվով:
Այժմ հերթը պրոֆեսիոնալ ռինգինն է: Կարծում եմ՝ հետաքրքիր մենամարտ կլինի:
Ի՞նչ կասես մարզավիճակիդ մասին: Այս շրջանում, երբ տարածաշրջանում լարված է, նաեւ Դուբայն է եղել իրադարձությունների կիզակետում, որտեղ դու մարզվում ես, կարողացե՞լ ես լիարժեք մարզավիճակ հավաքել, մարզումներդ անցկացնել:
Լավ մարզավիճում եմ, պատրաստվում եմ, որքան հնարավոր է: Այս օրերին քաշ գցելու շրջանն է, որն իրականում բարդ է:
Այստեղ իրավիճակը հանգիստ է: BATL Promotions-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոն բացօթյա մենամարտ պետք է լիներ, մեծ շոու էին նախատեսել, բայց այս լարված իրավիճակով պայմանավորված, որոշեցին անցկացման վայրը փոխել, փակ դահլիճում է լինելու: Կազմակերպիչները հայտարարեցին, որ շոուն անպայման տեղի կունենա: Անկախ ամեն ինչից, ինքս սպասում եմ իմ հերթական մենամարտին եւ ակնկալում եմ հետաքրքիր եւ դիտարժան պայքար ռինգում:
33-ամյա գյումրեցի Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո նախորդ տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։
Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում պարտության մատնեց վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան եւ նվաճելով WBA Continental տիտղոսը։
Հուլիսի 2-ին էլ Ստամբուլում անցկացված IBA Pro-7 Champions Night մրցաշարում նոկաուտով հաղթեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին եւ նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի
16:44 , 12 նոյեմբերի