Հովհաննես Բաչկով․ Դուբայում իրավիճակը հանգիստ է, շոուն անպայման տեղի կունենա

12:10   2 ապրիլի, 2026

Մրցակցիս՝ Լուիս Ակրոնին Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո, հերթը պրոֆեսիոնալ ռինգինն է: Սպասում եմ հետաքրքիր եւ դիտարժան մենամարտ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄԷ-ից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության հնգակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

Հայաստանի հավաքականի ավագն ապրիլի 3-ին Դուբայում BATL Promotions-ի կազմակերպած մրցաշարում 9-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ մրցակիցը կլինի Ռիո -2016-ի Օլիմպիական խաղերում իրեն պարտված վենեսուելացի Լուիս Արկոնը:

Հովհաննես, հերթական մենամարտումդ մրցելու ես Ռիո-2016 Օլիմպիական խաղերում քեզ պարտված վենեսուելացի Լուիս Ակրոնի հետ: Ինչպե՞ս ես պատրաստվում այս մենամարտին: 

Գոտու մենամարտ եմ անցկացնելու: Իմ տեղեկություններով WBA Intercontinenal գոտու մենամարտ է լինելու: Ես ունեմ WBA Continental գոտի:  Այս պահին դեռ հստակ տեղեկություն չունեմ՝ Intercontinental գոտու համար պետք է պայքարե՞մ, թե՞ պաշտպանելու եմ իմ գոտին: Ամեն դեպքում հստակ է, որ գոտու մենամարտ է լինելու:

Մրցակցիս վաղուց եմ ճանաչում, բայց մենք առաջին անգամ ենք հանդիպելու պրոֆեսիոնալ ռինգում:

Ի՞նչ ես սպասում մրցակցից եւ այս մենամարտից:

Մրցակիցս 33-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնն է, որը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 16 հաղթանակ՝ 15-ը նոկաուտով եւ 1 ոչ ոքի: Ի սկզբանե, արգենտինացի բռնցքամարտիկի հետ էր նախատեսված իմ մենամարտը, բայց Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմական գործողությունների պատճառով նա հրաժարվեց:

Լուիս Ակրոնը վաղուց էր ցանկանում ինձ հետ մենամարտել պրոֆեսիոնալ ռինգում: Մենք հանդիպել էինք 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում: Շատ լավ եմ հիշում այդ մենամարտը: 1/16 եզրափակիչն էր: Առաջին ռաունդում նա ինձ նոկդաունի ենթարկեց, որից հետո ես կարողացա շարունակել պայքարը: Տանուլ տված առաջին ռաունդից հետո կարողացավ հաղթել երկրորդ ռաունդում եւ հավասարեցնել պայքարը, իսկ երրորդ ռաունդն առավելությամբ անցկացրի եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Այդ մենամարտում Ակրոնին հաղթեցի 2:1 հաշվով:

Այժմ հերթը պրոֆեսիոնալ ռինգինն է: Կարծում եմ՝ հետաքրքիր մենամարտ կլինի:

Ի՞նչ կասես մարզավիճակիդ մասին: Այս շրջանում, երբ տարածաշրջանում լարված է, նաեւ Դուբայն է եղել իրադարձությունների կիզակետում, որտեղ դու մարզվում ես, կարողացե՞լ ես լիարժեք մարզավիճակ հավաքել, մարզումներդ անցկացնել:

Լավ մարզավիճում եմ, պատրաստվում եմ, որքան հնարավոր է: Այս օրերին քաշ գցելու շրջանն է, որն իրականում բարդ է:

Այստեղ իրավիճակը հանգիստ է: BATL Promotions-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոն բացօթյա մենամարտ պետք է լիներ, մեծ շոու էին նախատեսել, բայց այս լարված իրավիճակով պայմանավորված, որոշեցին անցկացման վայրը փոխել, փակ դահլիճում է լինելու: Կազմակերպիչները հայտարարեցին, որ շոուն անպայման տեղի կունենա: Անկախ ամեն ինչից, ինքս սպասում եմ իմ հերթական մենամարտին եւ ակնկալում եմ հետաքրքիր եւ դիտարժան պայքար ռինգում:

33-ամյա գյումրեցի Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո նախորդ տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։
Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում պարտության մատնեց վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան եւ նվաճելով WBA Continental տիտղոսը։
Հուլիսի 2-ին էլ Ստամբուլում անցկացված IBA Pro-7 Champions Night մրցաշարում նոկաուտով հաղթեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին եւ նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.