16:27  ,  25 մարտի, 2026

Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշեւան՝ սուսերամարտի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված մինչեւ 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշեւան բրոնզե մեդալակիր է դարձել: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից: 

Հայաստանի քաղաքացիություն ստացած եւ ազգային հավաքականը համալրած ռուսաստանցի Դարյա Մալիշեւան մեդալակիր է դարձել ճկասուսեր մրցաձեւում: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել է գերմանացի Ջորջիա Ռոտեին, որն էլ դարձել է Եվրոպայի գավաթակիր: Խմբային փուլում  Մալիշեւան հաղթանակ է տարել, նոկաուտ փուլում՝ 3 հաղթանակ, որով ապահովել է բրոնզե մեդալը:     

Դարյա Մալիշեւայի անձնական մարզիչը ճկասուսեր մրցաձեւի Հայաստանի թիմի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանն է: Մալիշեւան Հայաստանի հավաքական է տեղափոխվել երկու տարի առաջ: Մասնակցել է տարբեր մրցաշարերի, նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Նախկինում հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքանում, որի կազմում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: 

Հայաստանի հավաքականի կազմում ապրիլին Մալիշեւան կմասնակցի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, հունիսին՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print