09:22  ,  19 դեկտեմբերի, 2012

Յուրա Մովսիսյան. Դեռ չի հաջողվել զրուցել Վալերի Կարպինի հետ

Երբեք չեմ վախեցել մրցակցությունից, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ռմբարկուն պատմել է մոսկովյան ակումբում ունեցած տպավորությունների մասին:

«Դեռ չի հաջողվել զրուցել Վալերի Կարպինի հետ, քանի որ ժամանակ քիչ կար: Կարպինն ինձ ներկայացրեց թիմին: Հպարտ եմ, որ հանդես եմ գալու այս ակումբի կազմում: «Սպարտակի» հարձակման գծում լուրջ մրցակցություն կա: Կպայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Երբեք չեմ վախեցել մրցակցությունից: Որքան այն թեժ է, այնքան ավելի լավ: Դա խթանում է ցուցադրել լավագույն որակները: Ես պատրաստ եմ պայքարի, իսկ մարզիչը կորոշի, թե ո՞վ պետք է խաղադաշտ դուրս գա: Կփորձեմ այնպես անել, որ նա դժվարությամբ որոշում կայացնի, թեեւ վերջին խոսքը նրանն է:

«Կրասնոդարում» հատկապես մտերիմ էի դարպասապահ Նուկրի Ռեւիշվալիի եւ թիմի ավագ Ալեքսանդր Ամիսուլաշվիլիի հետ: Մյուս ֆուտբոլիստների հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունեի: Կարծում եմ՝ նրանք նույնը կարող են ասել իմ մասին: Շատ կկարոտեմ նրանց:

«Սպարտակում» լավ գիտեմ մի քանի ֆուտբոլիստների: Գիտեմ Ժանո Անանիձեին: Նա հիանալի, խելացի տղա է եւ լավ տպավորություն է թողել ինձ վրա: Ժանոյի հետ ծանոթացել ենք Գերմանիայում, որտեղ բուժզննում էի անցնում կրնկի վնասվածքից հետո:

«Սպարտակը» միշտ մեկ նպատակ է ունենում եւ դա չեմպիոնությունն է: Ինձ համար հաճելի է գիտակցել, որ պայքարելու ենք միայն չեմպիոնության համար:

Ես Թիերի Անրիի եւ Ռոնալդոյի մեծ երկրպագու եմ: Այն Ռոնալդոյի, որը բրազիլացի է: Նրանց խաղին հետեւելը միշտ մեծ բավականություն էր ինձ համար: Ես դեռ չեմ որոշել, թե ո՞ր համարով եմ ցանկանում հանդես գալ «Սպարտակում»,- Մովսիսյանի խոսքը փոխանցում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում