09:16  ,  16 փետրվարի, 2026

#MilanoCortina2026. Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը «Արցախ» ծրագրով 12-րդն են

Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը «Արցախ» ծրագրով 12-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրում:

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 66.27 միավոր: Տեխնիկան գնահատվեց 38.66 միավոր, բարդությունը՝ 28.11 միավոր:

Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում որակավորման փուլը հաղթահարեց լավագույն 16 զույգը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄՕԿ-ին բողոք էր ներկայացրել Հայաստանի օլիմպիական զույգի կարճ ծրագրի «Արցախ» անվան վերաբերյալ: Միջազգային Օլիմպիական կոմիտեն բավարարել էր բողոքը եւ փոխել ծրագրի անունը պաշտոնական ցանկում, նշելով՝ «Արա Գեւորգյանի ստեղծագործություն»:

Հայ երկրպագուների շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել անվան փոփոխության կապակցությամբ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան, Հայաստանի Օլիմպիական կոմիտեն խուսափում էին մեկնաբանություններից:

Չնայած Ադրբեջանի ջանքերին, «Արցախ» ստեղծագործությունը Միլանի Ice Skating Arena-ում հնչեց, բայց ներկայացվեց որպես Արա Գեւորգյանի ստեղծագործությունը: Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ հեռարձակման ընթացքում մարզական մեկնաբանները նույնպես չարտաբերեցին «Արցախ» անվանումը՝ հայ օլիմպիականների ծրագիրը ներկայացնելով՝ «Արա Գեւորգյանի հրաշալի ստեղծագործություն»:

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը փայլուն հանդես եկան Օլիմպիական խաղերում, որին մասնակցում էին առաջին անգամ եւ առաջին անգամ էլ ներկայացնում Հայաստանը: Սպորտային զույգը NEWS.am Sport-ի հետ զրույցում նշել էր, որ Օլիմպիական խաղերում կարճ ծրագիրը «Արցախի» հնչյունների ներքո շատ կարեւոր է ինչպես իրենց համար, այնպես էլ Հայաստանի: Նշենք, որ Կարինա Ակոպովան ազգությամբ հայ է եւ նախորդ ամառ է իր մարզական զուգընկերոջ հետ փոխել մարզական քաղաքացիությունը:

Կարինա Ակոպովայի եւ Նիկիտա Ռախմանինի մասնակցությամբ Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի զուգասահքի ազատ ծրագիրը փետրվարի 16-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես կգա հնդկական մոտիվներով երաժշտության ծրագրով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English