«Արարատի» նախկին ֆուտբոլիստ, «Արարատի» կազմում 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր Ալեքսանդր Միրզոյանը, ռուսական ֆուտբոլի լեգենդներ Ալեքսանդր Տիխոնովը, Դմիտրի Ալենիչեւը, Իգոր Սեմշովը, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին Երեւանում են: Անվանի ֆուտբոլիստները ժամանել են ներկա գտնվելու «Արարատ-73»-ին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի շնորհանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 5-ի երեկոյան:
Ֆիլմի պրեմիերայից առաջ լեգենդար ֆուտբոլիստները Երեւանի «Ռուսաստանի տանը» լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ այցի նպատակը նաեւ հայկական կողմի հետ «Սպարտակ» - «Արարատ» լեգենդների խաղ անցկացնելու կազմակերպումն է:
Ռուսաստանի հավաքականի, «Լոկոմոտիվի», «Սպարտակի», «Ռոմայի», «Պերուջայի», «Պորտուի» նախկին ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Դմիտրի Ալենիչեւի խոսքով՝ Նիկիտա Սիմոնյանին նվիրված հիշատակի խաղի կազմակերպումը չափազանց կարեւոր է:
«Մենք առաջին անգամ չենք Հայաստանում եւ ամեն անգամ զարմանում ենք, թե ինչ հյուրընկալությամբ է ընդունում մեզ այս երկիրը: Այստեղ ենք լեգենդար Նիկիտա Սիմոնյանին եւս մեկ անգամ մեծարելու, նրան նվիրված ֆիլմի շնորհանդեսին ներկա գտնվելու առիթով:
Այսօր հնարավորություն ունեցանք վարպետության դաս անցկացնել Երեւանի «Արարատի» պատանի սաների հետ: Հաճելի էր այսքան տարի անց վերադառնալ «Արարատ» ակումբ: Ցավում ենք, որ արդեն մեզ հետ չէ Նիկիտա Սիմոնյանը, բայց այսօր բոլորս ցանկանում ենք եւս մեկ անգամ մեծարել նրան: Կարեւոր է նշել, որ մեր այցի բուն նպատակ հայկական ֆուտբոլային հանրության հետ համաձայնության գալն է:
Մենք նպատակ ունենք այս աշնանը կազմակերպել «Սպարտակ» - «Արարատ» լեգենդների հանդիպում եւ այն նվիրել Նիկիտա Սիոմյանի հիշատակին: Շատ հաճելի կլիներ, որ այդ հանդիպումը անցկացնեինք Երեւանի «Հրազդան» ստադիոնում, բայց քանի որ այն չի գործում, այնտեղ ֆուտբոլային հանդիպումներ չեն անցկացվում, ցանկալի է քննարկել, թե որտեղ կարելի է անցկացնել հանդիպումը:
Ցանկալի է, որ հայկական կողմը գիտակցաբար եւ հասկանալով ընդունի մեր առաջարկը: Կցանկանայինք այդ հանդիպմանը մասնակցեին ինչպես «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստները, այնպես էլ Երեւանի «Արարատի»: Համոզված ենք, որ կստացվի վառ հանդիպում, որը կնպաստի երիտասարդ սերնդին ցույց տալու Նիկիտ Սիմոնյան լեգենդի ավանդը մեծ ֆուտբոլում:
Ուզում ենք, որ հայկական կողմը հասկանա, թե ինչու ենք այսքան կարեւորում հիշատակի խաղի կազմակերպումը: Կարծում եմ՝ կկարողանանք հայկական կողմի հետ գալ ընդհանուր համաձայնության:
«Սպարտակի» ֆուտբոլիստները, մենք, լիարժեք պատրաստ ենք այս նախաձեռնությանը: Այժմն ակնկալում ենք հայկական կողմի արձագանքին, հուսանք կհասկանան մեր ցանկությունը, կաջակցեն եւ կկազմակերպենք»,- ասաց Դմիտրի Ալենիչեւ:
Ռուսաստանի 8-ակի չեմպիոն, Ռուսաստանի կրկնակի գավաթակիր, Ռուսաստանի հավաքականի և Մոկսվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Տիխոնովը մանրամասնեց, թե ում կցանկանային տեսնել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված լեգենդների խաղին եւ մատնանշեց Հենրիխ Մխիթարյանին:
«Այս հանդիպմանը պետք է մասնակցեն այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան վազել, խաղալ: Հասկանալի է, որ ավագ ֆուտբոլիստները հրավիրված կլինեն այս խաղին որպես հյուր, հանդիսատես, բայց կուզեինք այս խաղին հանդես գային երկու երկրների վառ աստղերը, ինչպես օրինակ՝ Հայաստանի համար Հենրիխ Մխիթարյանն է, կամ այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ավարտել են ֆուտբոլային կարիերան, Յուրա Մովսիսյանը: Կարեւոր է, որ նրանք լինեն ֆուտբոլի վառ ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից: Սա չի լինելու մրցակցություն, այլ լինելու է ֆուտբոլային տոն, հիշատակման խաղ: Իմ պատկերացմամբ Հայաստանի լեգենդների թիմի դարպասը կպաշտպանի Ռոման Բերեզովսին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա խաղադաշտ»,- նշեց Անդրեյ Տիխոնովը:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իգոր Սեմշովը նշեց, թե գործող կամ կարիերան ավարտած հայ ֆուտբոլիստներից ում հետ կցանցանար լինել նույն թիմի կազմում:
«Մեր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հայ ֆուտբոլիստներից ում հետ խաղացել են, մեծ սիրով հանդես կգայինք նույն թիմի կազմում: Եթե խոսենք ներկայիս գործող հայ ֆուտբոլիստներին, կառանձնացնեի Էդուարդ Սպերցյանին, Հենրիխ Մխիթարյանին»,- ասաց Իգոր Սեմշովը: Անդրեյ Տիխոնովը մատնանշեց նաեւ Տիգրան Բարսեղյանին, ում հետ աշխատել է «Աստանա» ակումբը գլխավորելիս:
«Տիգրան Բարսեղյանի հետ կխաղայի նույն թիմի կազմում: Նրա հետ աշխատելու փորձ ունեմ «Աստանայում»: Հանդես կգայի նաեւ Յուրա Մովսիսյանի հետ նույն թիմում: Բոլորը նրանք այնպիսի ֆուտբոլիստներ են, որոնք անցել են նաեւ ռուսական ֆուտբոլի դպրոցը»,- հավելեց Տիխոնովը:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի