Եթե հաջորդ տարի տեսնեմ Արթուր Դավթյանի մոտ վնասվածքները շատանում են, հայրաբար խորհուրդ կտամ ավարտել կարիերան: Մեր հավաքականի այս տարվա արդյունքներից շատ գոհ եմ: Որքան էլ շատ եմ բարկանում, պահանջում, միեւնույն է, իմ տղաներին շատ եմ սիրում եմ: Հպարտանում եմ նրանց աշխատանքով:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս խոսքերով տարին ամփոփեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Մրցաշրջան-2025-ը շրջադարձային եղավ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի համար: Չնայած առաջատար Արթուր Դավթյանին չհաջողվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ նվաճել, բայց Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն այս տարի աչքի ընկավ 18-ամյա Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի անուններով: Երիտասարդական հավաքականից մեծահասակներ տեղափոխված եւ առաջին անգամ օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնների հետ պայքարի մեջ մտած տղաներն ապահովեցին հավաքականի սահուն սերնդափոխությունը:
Այդպես՝ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը աշխարհի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը, նրա հասակակից Համլետ Մանուկյանն էլ առաջին անգամ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոնի կոչումը: Արթուր Դավթյանն աշխարհի փոխչեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Պարոն Սերոբյան, մրցաշրջան-2025-ն ազգային հավաքականի համար թերեւս կհիշվի ոչ միայն Արթուր Դավթյանի, նաեւ Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի նվաճումներով: Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարվա նվաճումները:
Այս տարվա մեր արդյունքներից շատ գոհ եմ, բայց մեծ ափսոսանք ունեմ: Երբ աշխարհի չեմպիոնի հետ հավասար գնահատականով դառնում ես աշխարհի փոխչեմպիոն, բնականաբար, ափսոսում ես: Այս մրցաշրջանում իմ թիմը լիարժեք արդարացրեց բոլորիս սպասելիքները: Մեր սպասելիքներից ավելին եղան արդյունքները:
Օրինակ՝ աշխարհի առաջնությունում հոգուս խորքում մտավախություն ունեի երիտասարդների համար: Հասկանում էի, որ շատ բարդ է, ուղղակի չի կարող լինել այնպես, որ առաջին փորձից հաղթեն կամ մեդալակիր դառնան: Անսպասելի էր, որ Մամիկոն Խաչատրյանը փոխչեմպիոն դարձավ: Շատ գոհ եմ, ուրախ եմ այն ամենի համար, ինչ արել են տղաները:
Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ նվաճեցիք: Ինչո՞վ կհիշվի 2025 թ.-ի Եվրոպայի առաջնությունը:
Այս տարվա Եվրոպայի առաջնությունն իսկապես բացառիկ էր անձամբ ինձ համար: Հետաքրքիր բան տեղի ունեցավ. ես ճանաչում եմ Արթուր Դավթյանին, շատ լավ գիտեմ նրան, իր հնարավորությունները... Լայպցիգում մի հրաշք տեղի ունեցավ: Նա առաջին անգամ ինձ ուղղակի զարմացրեց իր ցատկերով, այնպիսի ցատկերով, ինչպիսին չէր արել երբեք:
Եզրափակիչում, երբ արդեն տեսել էի բոլորի ցատկերը եւ գնահատականները, անգլիացի մարզիկի ցատկերը, հույսս կորցրել էի, որ Արթուրը կարող է չեմպիոն դառնալ: Արթուրն ինձ զարմացրեց: Եթե ես այդպես զարմացա, բա մյուսներն ինչպես կզարմանային: Արթուրով հպարտ եմ: Նրան էլ ասացի այդ օրը՝ այնքան գոհ եմ եւ հպարտ, որ ունեմ այդպիսի աշակերտ: Արթուր Դավթյանը վախկոտ չի, հարձակվում է, գնում է չեմպիոնության: Նույնը ցույց տվեց նաեւ աշխարհի առաջնությունում, որտեղ ավելի լավ ցատկեր արեց: Նա պայքարող տեսակ է. ուժեղին տեսնում է, հարձակվում է, իսկ շատերը վախենում են:
Եվրոպայի առաջնությունը բացառիկ էր նաեւ նրանով, որ ունեցանք արդյունք, որը երբեւէ չէինք ունեցել՝ 2 Եվրոպայի չեմպիոն մեկ առաջնությունում: Համլետ Մանուկյանն ուղղակի փայլեց նժույգի վարժությունում, Մամիկոն Խաչատրյանն էլ փոխչեմպիոն դարձավ:
Եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նախագահն ինձ ասաց, որ մենք այլ մակարդակ ենք բերել նժույգ թափեր վարժությունում. ե'ւ բարդություն կա, ե'ւ մաքրություն: Երբ այդպիսի կարծիքներ եմ լսում, հպարտ շրջում եմ: Կարեւորն այն է, որ որեւէ մեկը մեզնից չի պահանջում այս արդյունքները, այլ մենք ենք մեր առջեւ դնում նշաձողեր: Աստիճանաբար գնում ենք վերեւ:
2025 թ. Եվրոպայի առաջնությունում 4 մեդալով առաջընթաց գրանցեցինք: Այսքան մեդալ չէինք ունեցել: Ինձ համար սա ուրախություն է: Միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել: Շատ գոհ եմ մեր տղաների աշխատանքից: Չես կարող նրանցով չհպարտանալ:
Աշխարհի առաջնությունում բոլորն Արթուր Դավթյանից սպասում էին երկրորդ չեմպիոնություն, բայց չստացվեց, Համլետ Մանուկյանն էլ ձախողեց: Ինչի՞ համար եք ափսոսում:
Ես այդքան չեմ ափսոսում Արթուր Դավթյանի չեմպիոնությունը կորցնելուց, այն էլ հավասար պայքարում, որքան Համլետ Մանուկյանի ձախողումից: Նա պոտենցիալ չեմպիոն էր: Ինչ վերաբերվում է Արթուր Դավթյանի արծաթե մեդալին, ոսկե մեդալը նրա ձեռքում էր: Ֆիլիպինցուն պարտվեց զուտ բարդությամբ, շատ չնչին միավորներով: Գոհ եմ երկու արծաթե մեդալից: Մամիկոն Խաչատրյանն իր փոխչեմպիոնությամբ շատ ուրախացրեց: Առաջին անգամ աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների, օլիմպիական չեմպիոնների հետ պայքարում գալ եւ արծաթե մեդալակիր դառնալ, շատ մեծ արդյունք է:
Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի արդյունքները, կարծես, ստվերեցին հավաքականի մյուս անդամներին: Կարելի՞ է համարել, որ թիմում սահուն սերնդափոխություն է: Ո՞ր դեպքում Արթուր Դավթյանին խորհուրդ կտաք ավարտել կարիերան:
Եթե, օրինակ, հաջորդ տարի տեսնեմ Արթուր Դավթյանի մոտ վնասվածքները շատանում են, հայրաբար խորհուրդ կտամ ավարտել կարիերան, ինչպես եղավ Հարություն Մերդինյանի դեպքում: Թույլ չեմ տա իր առողջության հաշվին մեդալների հետեւից գնա:
Շատ ճիշտ եք նկատել, թիմում աստիճանաբար սերնդափոխություն է տեղի ունենում: Սա նախագծած սերնդափոխություն է, որն անխուսափելի էր, բայց, 2026-ում գուցե այն մեզ խանգարի: Հաջորդ տարին Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի համար բանակային է:
Բազմաթիվ հարցեր կան, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ մեզ համար՝ անձնագրերի, վիզաների հարց է: Մրցաշարերը Եվրոպայում են լինում, իսկ անձնագրերը պետք է վավեր լինեն 6 ամիս առաջ: Այսպիսի հարցեր ունենք, որոնց լուծման համար դիմել ենք եւ պետք է փորձենք լուծել:
Այս մասով ունենք որոշակի կասկածներ, որ տղաների բանակային տարիքը գուցե խանգարի մրցաշարերին նրանց մասնակցությանը: Պետք է նշեմ, որ հիմա ամեն ինչ անում են, ամեն ինչ ժամանակին է լինում, ուղղակի պետք է հասցնել:
Ո՞ր մրցաշարի համար մտավախություն ունեք:
Նպատակ ունեմ 2026 թ. Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում լինել: Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու օգոստոսին, պետք է թիմով մասնակցենք: Այստեղ թիմով պետք է 13-րդ տեղը գրավենք, որպեսզի իրավունք ստանանք աշխարհի առաջնությանը թիմով մասնակցել:
Ի հեճուկս մեզ, օգոստոսին է Եվրոպայի առաջնությունը, այն դեպքում, երբ սովորաբար գարնանն են անցկացնում: Օգոստոսին Համլետի եւ Մամիկոնի բանակ զորակոչվելու հարցն է լինելու: Անորոշ վիճակ է: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի:
Կրկնվեմ՝ ամեն ինչ անում են: Երբ հարկ է լինում, դիմում ենք, շատ արագ սպորտային վաշտից Արման Դավթյանը արձագանքում եւ լուծում մեր խնդիրները: Նա շատ պատրաստակամ է մեր տղաներին օգնի, ուղղակի իրենցից կախված չէ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի