Հակոբ Սերոբյան․ Եթե տեսնեմ Արթուր Դավթյանի մոտ վնասվածքները շատանում են, հայրաբար խորհուրդ կտամ ավարտել կարիերան

09:04   28 դեկտեմբերի, 2025

Եթե հաջորդ տարի տեսնեմ Արթուր Դավթյանի մոտ վնասվածքները շատանում են, հայրաբար խորհուրդ կտամ ավարտել կարիերան: Մեր հավաքականի այս տարվա արդյունքներից շատ գոհ եմ: Որքան էլ շատ եմ բարկանում, պահանջում, միեւնույն է,  իմ տղաներին շատ եմ սիրում եմ: Հպարտանում եմ նրանց աշխատանքով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս խոսքերով տարին ամփոփեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մրցաշրջան-2025-ը շրջադարձային եղավ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի համար: Չնայած առաջատար Արթուր Դավթյանին չհաջողվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ նվաճել, բայց Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն այս տարի աչքի ընկավ 18-ամյա Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի անուններով: Երիտասարդական հավաքականից մեծահասակներ տեղափոխված եւ առաջին անգամ օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնների հետ պայքարի մեջ մտած տղաներն ապահովեցին հավաքականի սահուն սերնդափոխությունը:

Այդպես՝ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը աշխարհի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը, նրա հասակակից Համլետ Մանուկյանն էլ առաջին անգամ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոնի կոչումը: Արթուր Դավթյանն աշխարհի փոխչեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Պարոն Սերոբյան, մրցաշրջան-2025-ն ազգային հավաքականի համար թերեւս կհիշվի ոչ միայն Արթուր Դավթյանի, նաեւ Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի նվաճումներով: Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարվա նվաճումները:

Այս տարվա մեր արդյունքներից շատ գոհ եմ, բայց մեծ ափսոսանք ունեմ: Երբ աշխարհի չեմպիոնի հետ հավասար գնահատականով դառնում ես աշխարհի փոխչեմպիոն, բնականաբար, ափսոսում ես: Այս մրցաշրջանում իմ թիմը լիարժեք արդարացրեց բոլորիս սպասելիքները: Մեր սպասելիքներից ավելին եղան արդյունքները:

Օրինակ՝ աշխարհի առաջնությունում հոգուս խորքում մտավախություն ունեի երիտասարդների համար: Հասկանում էի, որ շատ բարդ է, ուղղակի չի կարող լինել այնպես, որ առաջին փորձից հաղթեն կամ մեդալակիր դառնան: Անսպասելի էր, որ Մամիկոն Խաչատրյանը փոխչեմպիոն դարձավ: Շատ գոհ եմ, ուրախ եմ այն ամենի համար, ինչ արել են տղաները:

Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ նվաճեցիք: Ինչո՞վ կհիշվի 2025 թ.-ի Եվրոպայի առաջնությունը:

Այս տարվա Եվրոպայի առաջնությունն իսկապես բացառիկ էր անձամբ ինձ համար: Հետաքրքիր բան տեղի ունեցավ. ես ճանաչում եմ Արթուր Դավթյանին, շատ լավ գիտեմ նրան, իր հնարավորությունները... Լայպցիգում մի հրաշք տեղի ունեցավ: Նա առաջին անգամ ինձ ուղղակի զարմացրեց իր ցատկերով, այնպիսի ցատկերով, ինչպիսին չէր արել երբեք:

Եզրափակիչում, երբ արդեն տեսել էի բոլորի ցատկերը եւ գնահատականները, անգլիացի մարզիկի ցատկերը, հույսս կորցրել էի, որ Արթուրը կարող է չեմպիոն դառնալ: Արթուրն ինձ զարմացրեց: Եթե ես այդպես զարմացա, բա մյուսներն ինչպես կզարմանային: Արթուրով հպարտ եմ: Նրան էլ ասացի այդ օրը՝ այնքան գոհ եմ եւ հպարտ, որ ունեմ այդպիսի աշակերտ: Արթուր Դավթյանը վախկոտ չի, հարձակվում է, գնում է չեմպիոնության: Նույնը ցույց տվեց նաեւ աշխարհի առաջնությունում, որտեղ ավելի լավ ցատկեր արեց: Նա պայքարող տեսակ է. ուժեղին տեսնում է, հարձակվում է, իսկ շատերը վախենում են:

Եվրոպայի առաջնությունը բացառիկ էր նաեւ նրանով, որ ունեցանք արդյունք, որը երբեւէ չէինք ունեցել՝ 2 Եվրոպայի չեմպիոն մեկ առաջնությունում: Համլետ Մանուկյանն ուղղակի փայլեց նժույգի վարժությունում, Մամիկոն Խաչատրյանն էլ փոխչեմպիոն դարձավ:

Եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նախագահն ինձ ասաց, որ մենք այլ մակարդակ ենք բերել նժույգ թափեր վարժությունում. ե'ւ բարդություն կա, ե'ւ մաքրություն: Երբ այդպիսի կարծիքներ եմ լսում, հպարտ շրջում եմ: Կարեւորն այն է, որ որեւէ մեկը մեզնից չի պահանջում այս արդյունքները, այլ մենք ենք մեր առջեւ դնում նշաձողեր: Աստիճանաբար գնում ենք վերեւ:

2025 թ. Եվրոպայի առաջնությունում 4 մեդալով առաջընթաց գրանցեցինք: Այսքան մեդալ չէինք ունեցել: Ինձ համար սա ուրախություն է: Միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել: Շատ գոհ եմ մեր տղաների աշխատանքից: Չես կարող նրանցով  չհպարտանալ:

Աշխարհի առաջնությունում բոլորն Արթուր Դավթյանից սպասում էին երկրորդ չեմպիոնություն, բայց չստացվեց, Համլետ Մանուկյանն էլ ձախողեց: Ինչի՞ համար եք ափսոսում:

Ես այդքան չեմ ափսոսում Արթուր Դավթյանի չեմպիոնությունը կորցնելուց, այն էլ հավասար պայքարում, որքան Համլետ Մանուկյանի ձախողումից: Նա պոտենցիալ չեմպիոն էր: Ինչ վերաբերվում է Արթուր Դավթյանի արծաթե մեդալին, ոսկե մեդալը նրա ձեռքում էր: Ֆիլիպինցուն պարտվեց զուտ բարդությամբ, շատ չնչին միավորներով: Գոհ եմ երկու արծաթե մեդալից: Մամիկոն Խաչատրյանն իր փոխչեմպիոնությամբ շատ ուրախացրեց: Առաջին անգամ աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների, օլիմպիական չեմպիոնների հետ պայքարում գալ եւ արծաթե մեդալակիր դառնալ, շատ մեծ արդյունք է:

Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի արդյունքները, կարծես, ստվերեցին հավաքականի մյուս անդամներին: Կարելի՞ է համարել, որ թիմում սահուն սերնդափոխություն է: Ո՞ր դեպքում Արթուր Դավթյանին խորհուրդ կտաք ավարտել կարիերան:

Եթե, օրինակ, հաջորդ տարի տեսնեմ Արթուր Դավթյանի մոտ վնասվածքները շատանում են, հայրաբար խորհուրդ կտամ ավարտել կարիերան, ինչպես եղավ Հարություն Մերդինյանի դեպքում: Թույլ չեմ տա իր առողջության հաշվին մեդալների հետեւից գնա:

Շատ ճիշտ եք նկատել, թիմում աստիճանաբար սերնդափոխություն է տեղի ունենում:  Սա նախագծած սերնդափոխություն է, որն անխուսափելի էր, բայց, 2026-ում գուցե այն մեզ խանգարի: Հաջորդ տարին Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի համար բանակային է:

Բազմաթիվ հարցեր կան, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ մեզ համար՝ անձնագրերի, վիզաների հարց է: Մրցաշարերը Եվրոպայում են լինում, իսկ անձնագրերը պետք է վավեր լինեն 6 ամիս առաջ: Այսպիսի հարցեր ունենք, որոնց լուծման համար դիմել ենք եւ պետք է փորձենք լուծել:

Այս մասով ունենք որոշակի կասկածներ, որ տղաների բանակային տարիքը գուցե խանգարի մրցաշարերին նրանց մասնակցությանը: Պետք է նշեմ, որ հիմա ամեն ինչ անում են, ամեն ինչ ժամանակին է լինում, ուղղակի պետք է հասցնել:

Ո՞ր մրցաշարի համար մտավախություն ունեք:

Նպատակ ունեմ 2026 թ. Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում լինել: Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու օգոստոսին, պետք է թիմով մասնակցենք: Այստեղ թիմով պետք է 13-րդ տեղը գրավենք, որպեսզի իրավունք ստանանք աշխարհի առաջնությանը թիմով մասնակցել:

Ի հեճուկս մեզ, օգոստոսին է Եվրոպայի առաջնությունը, այն դեպքում, երբ սովորաբար գարնանն են անցկացնում: Օգոստոսին Համլետի եւ Մամիկոնի բանակ զորակոչվելու հարցն է լինելու: Անորոշ վիճակ է: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի:

Կրկնվեմ՝ ամեն ինչ անում են: Երբ հարկ է լինում, դիմում ենք, շատ արագ սպորտային վաշտից Արման Դավթյանը արձագանքում եւ լուծում մեր խնդիրները: Նա շատ պատրաստակամ է մեր տղաներին օգնի, ուղղակի իրենցից կախված չէ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.