Շատ էի ուզում 77 կգ քաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն: Ասես՝ առաջին անգամ աշխարհի չեմպիոն լինեմ: Զգացողություններս անբացատրելի են: Հայրենիքում արդեն լիարժեք զգացողություններ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են ուրախանում այս հաղթանակով: Ջերմություն եմ զգում:
Այս մասին «Զվարթնոցում» ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ Երեւան:
«Խորվաթիա մեկնել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Կուսակայի հետ ռեւանշի մասին չէի մտածում, քանի որ ինձ համար նշանակություն չուներ, թե ով կլիներ մրցակիցս: Նպատակս մեկն էր՝ դառնալ աշխարհի առաջնության հաղթող՝ կրկնակի չեմպիոն:
Բոլոր գոտեմարտերս բարդ ստացվեցին, քառորդ եզրափակիչը առավել բարդ տրվեց: Արդեն եզրափակիչում ավելի լավ էի տրամադրվել: Գոտեմարտեցի ճապոնացի ըմբիշի հետ, որին պարտվել էի Օլիմպիական խաղերում: Այդ պարտությունն ինձ համար շատ ցավոտ էր: Օլիմպիական չեմպիոնին հաղթեցի ճիշտ մարզումների, լավ մարզավիճակում գտնվելու շնորհիվ, որոնք ինձ օգնեցին լավ գոտեմարտ վարել եւ հաղթել:
Օլիմպիական խաղերում ճապոնացի ըմբիշին պարտվելուց հետո սկսել էի ուսումնասիրել նրան: Իրականում նրա հետ շատ դժվար է գոտեմարտել: Պարտությունից հետո շատ դժվար էր այդ ըմբիշի հետ գոտեմարտել, տրամադրվել եւ հաղթել: Եվրոպայի առաջնությունից հետո իմ մարզումները բերել էին նրան, որ ես հոգեպես արդեն պատրաստ էի նրան հաղթել: Ես կարողացա գորգի վրա հոգեպես հաղթել, հետո նոր ֆիզիկապես:
77 կգ քաշային կարգում շատ էի ուզում աշխարհի չեմպիոն դառնալ, ասես՝ առաջին անգամ լիներ, այդ պատճառով ուրախությունս այլ էր: Հաղթանակից հետո ինձ թվում է՝ երեւաց, թե որքան ուրախ էի»,- ասաց Մալխաս Ամոյանը:
Խորվաթիայի մայրաքաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը 9:1 հաշվով պարտության մատնեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային: Մինչեւ եզրափակիչ, Ամոյանը 4 հաղթական գոտեմարտ է անցկացրել Զագրեբի մրցագորգում՝ Քամալ Բեյի (ԱՄՆ, 1/16 եզրափակիչ, 2:1), Մատեուս Բերնատեկի (Լեհաստան, 1/8 եզրափակիչ, 10:0), Ահմեդ Յիլմազի (Թուրքիա, քառորդ եզրափակիչ, 3:1) եւ Ալիրեզա Աբդեվալիի (Իրան, կիսաեզրափակիչ, 5:1):
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի