09:25 23 սեպտեմբերի, 2025Շատ էի ուզում 77 կգ քաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն: Ասես՝ առաջին անգամ աշխարհի չեմպիոն լինեմ: Զգացողություններս անբացատրելի են: Հայրենիքում արդեն լիարժեք զգացողություններ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են ուրախանում այս հաղթանակով: Ջերմություն եմ զգում:
Այս մասին «Զվարթնոցում» ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ Երեւան:
«Խորվաթիա մեկնել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Կուսակայի հետ ռեւանշի մասին չէի մտածում, քանի որ ինձ համար նշանակություն չուներ, թե ով կլիներ մրցակիցս: Նպատակս մեկն էր՝ դառնալ աշխարհի առաջնության հաղթող՝ կրկնակի չեմպիոն:
Բոլոր գոտեմարտերս բարդ ստացվեցին, քառորդ եզրափակիչը առավել բարդ տրվեց: Արդեն եզրափակիչում ավելի լավ էի տրամադրվել: Գոտեմարտեցի ճապոնացի ըմբիշի հետ, որին պարտվել էի Օլիմպիական խաղերում: Այդ պարտությունն ինձ համար շատ ցավոտ էր: Օլիմպիական չեմպիոնին հաղթեցի ճիշտ մարզումների, լավ մարզավիճակում գտնվելու շնորհիվ, որոնք ինձ օգնեցին լավ գոտեմարտ վարել եւ հաղթել:
Օլիմպիական խաղերում ճապոնացի ըմբիշին պարտվելուց հետո սկսել էի ուսումնասիրել նրան: Իրականում նրա հետ շատ դժվար է գոտեմարտել: Պարտությունից հետո շատ դժվար էր այդ ըմբիշի հետ գոտեմարտել, տրամադրվել եւ հաղթել: Եվրոպայի առաջնությունից հետո իմ մարզումները բերել էին նրան, որ ես հոգեպես արդեն պատրաստ էի նրան հաղթել: Ես կարողացա գորգի վրա հոգեպես հաղթել, հետո նոր ֆիզիկապես:
77 կգ քաշային կարգում շատ էի ուզում աշխարհի չեմպիոն դառնալ, ասես՝ առաջին անգամ լիներ, այդ պատճառով ուրախությունս այլ էր: Հաղթանակից հետո ինձ թվում է՝ երեւաց, թե որքան ուրախ էի»,- ասաց Մալխաս Ամոյանը:
Խորվաթիայի մայրաքաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը 9:1 հաշվով պարտության մատնեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային: Մինչեւ եզրափակիչ, Ամոյանը 4 հաղթական գոտեմարտ է անցկացրել Զագրեբի մրցագորգում՝ Քամալ Բեյի (ԱՄՆ, 1/16 եզրափակիչ, 2:1), Մատեուս Բերնատեկի (Լեհաստան, 1/8 եզրափակիչ, 10:0), Ահմեդ Յիլմազի (Թուրքիա, քառորդ եզրափակիչ, 3:1) եւ Ալիրեզա Աբդեվալիի (Իրան, կիսաեզրափակիչ, 5:1):
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.