20:09  ,  15 սեպտեմբերի, 2025

FIDE Grand Swiss․ Գիրին ու Բլյուբաումը նվաճեցին հավակնորդների մրցաշարի ուղեգրեր

Հոլանդացի Անիշ Գիրին ու գերմանացի Մատիաս Բլյուբաումը նվաճեցին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում շվեյցարական մրցակարգով անցկացված FIDE Grand Swiss մրցաշարի արդյունքում։ Գիրին 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ առաջինն է։ Վերջին տուրում նա պարտության մատնեց ամերիկացի Հանս Նիմանին։

Բլյուբաումը վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով առաջ անցավ նույնքան միավոր վաստակած գերմանացի Վինսենտ Կեյմերից եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայից։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Շանթ Սարգսյանը, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ուզբեկ Ջավոխիր Սինդարովի հետ եւ վաստակեց 6,5 միավոր՝ բաժանելով 19-25-րդ տեղերը։

Հավակնորդների մրցաշարի եւս երեք ուղեգրեր կվիճարկվեն աշխարհի գավաթի խաղարկությունում (հոկտեմբերի 31 - նոյեմբերի 27), մեկական ուղեգիր էլ՝ FIDE Circuit 2025-ում եւ ՖԻԴԵ վարկանիշային աղյուսակի միջոցով։

Առաջինը հավակնորդների մրցաշարի ուղեգիր ավելի վաղ նվաճել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում