12:53  ,  5 սեպտեմբերի, 2025

Ռոբերտո Մարտինես․ Մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ

Մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ: Լավ թիմ է: Վաղվա խաղում միմյանց նկատմամբ առավելություն չունենք, քանի որ գտնվում ենք հավասար պայմաններում:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ինընդունի պորտուգալացիներին։

«Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է իմ թիմի համար: Գիտենք, որ այս թիմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք բարձր անհատականություններ են եւ առանձնանում են բարձր որակներով:

Շատ հարգում ենք Հայաստանի թիմին: Գիտենք, որ թիմն ունի նոր մարզիչ, ինչը ենթադրում է, որ առավել ոգեւորված հանդես կգա վաղը սեփական խաղադաշտում: Ինձ համար եւ իմ  թիմի համար Հայաստանի հավաքական լավ թիմ է:

Կրիշտիանու Ռոնալդուի հետ Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումների մասին զրույց չենք ունեցել: Բոլորիս համար հասկանալի է, որ Հայաստանի հավաքականը նոր մարզիչով նոր նպատակներով, ուժով է հանդես գալու: Վաղվա խաղում մեծ նշանակություն կունենան հայ երկրպագուները, որոնք բավականին եռանդուն են, ակտիվ եւ մեծ աջակցություն կցուցաբերեն իրենց հավաքականին տանը:

Կազմում ունենք որոշ կորուստներ, բայց մեր թիմը պատրաստ է խաղին: Մեզ համար սա հնարավորություն է եւս մեկ ուղեգիր նվաճել աշխարհի առաջնության հիմնական փուլի համար:

Միջազգային ասպարեզում փորձում ենք վերլուծել յուրաքանչյուր մրցակցի, որն ունի նոր մարզիչ: Մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հավաքականին: Կարեւոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եղիշե Մելիքյանը 5  տարի գլխավորել է «Փյունիկը» եւ հասել մեծ հաջողությունների: Սա թույլ է տալիս հասկանալ, որ նա գիտի՝ ինչպես իր թիմին պատրաստել եւ տրամադրել խաղին:

Վաղվա խաղում միմյանց նկատմամբ առավելություն չունենք, քանի որ գտնվում ենք հավասար պայմաններում: Կփորձենք  Երեւանի խաղադաշտում լինել Պորտուգալիա եւ ցույց տալ ուժեղ բնավորություն, ընդգծել ֆուտբոլիստների անհատական որակները: Շեշտը միշտ դնում եմ իմ ֆուտբոլիստների  լավ մրցելույթի որակի վրա»,- ասաց Ռոբերտո Մարտինեսը:

Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news