18:06  ,  27 օգոստոսի, 2025

Armenian Grand Prix՝ նարդու առաջին խոշոր մրցաշարը Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է նարդու խոշոր միջազգային մրցաշար: Հայաստանի թիմն ուժեղ կազմով է մասնակցում: Նպատակ ունենք Armenian Grand Prix-ն դարձնել ամենամյա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը:

Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիան,  Ռուսաստանի նարդու ֆեդերացիայի եւ Նարդու միջազգային ֆեդերացիայի (IBF) հետ համատեղ оգոստոսի 27-31-ը Երեւանում անցկացնում է Armenian Grand Prix 2025  նարդու միջազգային մրցաշար, որին մասնակցում է 16 երկրի շուրջ 128 խաղացող: Ըստ ՀՆԱՖ նախագահ Խաչիկ Մելիքյանի, մրցաշարին մասնակցում են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, միջազգային մրցաշարերի հաղթողներ, Հայաստանի թիմը նույնպես ուժեղ կազմով է ներկայացել։

«Հայաստանում առաջին անգամ է նարդու մեծ մրցաշար անցկացվում: Armenian Grand Prix մրցաշարի գլխավոր հովանավորները Սամվել եւ Արտակ Ալեքսանյաններն են: 

Մասնակիցներ ունենք Ճապոնիայից, եվրոպական 12 երկրից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Մասնակիցների թիվն անցնում է 150-ը, հիմնական տուրին կմասնակցի 128 ուժեղագույն խաղացող:

Հիմնական մրցաշարը կանցկացվի կարճ խաղաձեւով, կանցկացնենք նաեւ ոչ պաշտոնական երկար խաղաձեւ, բլից առաջնություն: Վերջին մրցումային օրը տեղի կունենա Հայաստանի հավաքականի եւ աշխարհի հավաքականի միջեւ մրցախաղ:  Աշխարհի հավաքականի կազմում կլինեն տարբեր երկրների 15 լավագույն խաղացողներ, Հայաստանի թիմի կազմում ՝ 15 ուժեղագույն խաղացողներ:

Հայաստանի թիմը ուժեղ կազմով է ներկայանում,  շուրջ 30 մասնակից: Կին խաղացող դեռ չունենք, բայց հույս ունենք, մինչեւ մրցաշարի մեկնարկը կունենանք: Մեր հավաքականը նախկինում լուրջ հաջողություններ է ունեցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում՝ թիմային աշխարհի չեմպիոններ, աշխարհի գավաթակիրներ:

Այս մրցաշարը Հայաստանում անցկացնելու միտքը Սամվել Ալեքսանյանինն է: Քննարկումներ են եղել Ռուսաստանի, ապա միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում առաջիկա 5 օրերին Երեւանում կխաղան նարդի:

Մրցանակային ֆոնդը 50 հազար ԱՄՆ դոլար է: Մրցաշարին մասնակցելը մուտքավճարով է: Հավաքված ամբողջ գումարը եւս կդառնա մրցանակային: Մասնակիցների տարիքը սկսում է 18-ից: Ամենատարեց խաղացողը Իրանից է՝ 87 տարեկան»,- ասաց Խաչիկ Մելիքյանը:

Ռուսաստանի նարդու ֆեդերացիայի եւ միջազգային ֆեդերացիայի (IBF) նախագահ Տատյանա Կոմարովայի խոսքով, միջազգային ֆեդերացիան առաջին համատեղ մրցաշարն է անցկացնում Հայաստանի հետ:

«Նարդու միջազգային ֆեդերացիան մեկ տարի առաջ է ստեղծվել եւ սա մեր առաջին համատեղ մրցաշարն է Հայաստանի հետ: Ռուսաստանն արդեն խոշոր մրցաշարեր անցկացնելու մեծ փորձ ունի, ճանաչված ենք որպես պաշտոնական մարզաձեւ եւ պետական աջակցություն ունենք Ռուսաստանի կառավարությունից: Մենք դուրս ենք քաղաքականությունից եւ ամեն ինչ անում ենք սպորտի շրջանակներում: Այս մրցաշարը նմանատիպ օրինակներից մեկն է»,- նշեց Տատյանա Կոմարովան:

Ռուսաստանի թիմի ներկայացուցիչ, IBF սպորտային տնօրեն Ացամազ Արսագովը մրցաշարի օրերին թեժ պայքար է ակնկալում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի թիմերից: 

«Ես ներկայացնում եմ Ռուսաստանի թիմը, որն իսկապես ուժեղ կազմով է ներկայացել այս մրցաշարին: Մեր կազմում ունենք երկու աշխարհի չեմպիոններ, մրցանակակիրներ, Եվրոպայի չեմպիոններ: Այս օրերին ականատես կլինենք հետաքրքիր պայքարի: Չեմ կարող ասել, թե ովքեր են ֆավորիտները: Ուրախ եմ, որ Հայաստանն ընդունել է այս մրցաշարրը: Մեծ հույս ունեմ, որ այն կդառնա ամենամյա: Հետաքրքիր խաղ ենք ակնկալում Վրաստանից, Իրանից: Ինչպես նշեց Խաչիկ Մելիքյանը, Հայաստանն էլ ուժեղ թիմով է ներկայանում: Պայքարը թեժ է լինելու»,- նկատեց Ացամազ Արսագովը:

IBF ներկայացուցիչ, Armenian Grand Prix մրցաշարի տնօրեն, թուրք Արդա Ֆնդկօղլին առաջին անգամ է Երեւանում: Հրապուրված է հայերի հյուրընկալությամբ եւ մրցաշարի կազմակերպվածությամբ:

«Ես 45 տարեկան եմ եւ արդեն 26 տարի նարդու մրցաշարեր եմ կազմակերպում: Նարդին նման չի մյուս մարզաձեւերին, նարդու համայնքը յուրահատուկ է, որն էլ պահում է ինձ այս ոլորտում: Նարդի խաղացողները մրցում են միմյանց դեմ, հետո միասին նշում հաղթանակը: Տարիների ընթացքում նարդին ինձ շատ ընկերներ է տվել, ինչպիսին է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը: Երկար սպասել եմ Երեւան գալուս ճիշտ պահին: Սա իմ առաջին այցն է: Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում անցկացվող մրցաշարի տնօրեն, որի հրավերը ստացա Ռուսաստանի ֆեդերացիայից: Ես սիրով համաձայնեցի լինել քաղաքականապես առանձնացված համայնքների համար կապող օղակ:

Տարիներով ընկերներիցս լսել էի, որ Արարատ լեռը ավելի լավ տեսք ունի հայկական կողմից: Այս մի քանի օրերին համոզվեցի դրանում, որ իսկապես ճիշտ եք: Հրապուրված եմ հայերի ընդունելությամբ եւ հյուրասիրությամբ: Վստահ եմ, որ շատ լավ օրեր ենք ունենալու մրցաշարի ընթացքում: Հայկական կողմը հրաշալի աշխատանք է կատարել կազմակերպչական գործում: Իմ հերթին թիմիս հետ կանենք առավելագույնը, որը Armenian Grand Prix-ը դառնա հիշարժան մրցաշար»,- ասաց թուրք Արդա Ֆնդկօղլին:

Armenian Grand Prix մրցաշարը կավարտվի օգոստոսի 31-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print