18:06 27 օգոստոսի, 2025Հայաստանում առաջին անգամ անցկացվում է նարդու խոշոր միջազգային մրցաշար: Հայաստանի թիմն ուժեղ կազմով է մասնակցում: Նպատակ ունենք Armenian Grand Prix-ն դարձնել ամենամյա:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը:
Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիան, Ռուսաստանի նարդու ֆեդերացիայի եւ Նարդու միջազգային ֆեդերացիայի (IBF) հետ համատեղ оգոստոսի 27-31-ը Երեւանում անցկացնում է Armenian Grand Prix 2025 նարդու միջազգային մրցաշար, որին մասնակցում է 16 երկրի շուրջ 128 խաղացող: Ըստ ՀՆԱՖ նախագահ Խաչիկ Մելիքյանի, մրցաշարին մասնակցում են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, միջազգային մրցաշարերի հաղթողներ, Հայաստանի թիմը նույնպես ուժեղ կազմով է ներկայացել։
«Հայաստանում առաջին անգամ է նարդու մեծ մրցաշար անցկացվում: Armenian Grand Prix մրցաշարի գլխավոր հովանավորները Սամվել եւ Արտակ Ալեքսանյաններն են:
Մասնակիցներ ունենք Ճապոնիայից, եվրոպական 12 երկրից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Մասնակիցների թիվն անցնում է 150-ը, հիմնական տուրին կմասնակցի 128 ուժեղագույն խաղացող:
Հիմնական մրցաշարը կանցկացվի կարճ խաղաձեւով, կանցկացնենք նաեւ ոչ պաշտոնական երկար խաղաձեւ, բլից առաջնություն: Վերջին մրցումային օրը տեղի կունենա Հայաստանի հավաքականի եւ աշխարհի հավաքականի միջեւ մրցախաղ: Աշխարհի հավաքականի կազմում կլինեն տարբեր երկրների 15 լավագույն խաղացողներ, Հայաստանի թիմի կազմում ՝ 15 ուժեղագույն խաղացողներ:
Հայաստանի թիմը ուժեղ կազմով է ներկայանում, շուրջ 30 մասնակից: Կին խաղացող դեռ չունենք, բայց հույս ունենք, մինչեւ մրցաշարի մեկնարկը կունենանք: Մեր հավաքականը նախկինում լուրջ հաջողություններ է ունեցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում՝ թիմային աշխարհի չեմպիոններ, աշխարհի գավաթակիրներ:
Այս մրցաշարը Հայաստանում անցկացնելու միտքը Սամվել Ալեքսանյանինն է: Քննարկումներ են եղել Ռուսաստանի, ապա միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում առաջիկա 5 օրերին Երեւանում կխաղան նարդի:
Մրցանակային ֆոնդը 50 հազար ԱՄՆ դոլար է: Մրցաշարին մասնակցելը մուտքավճարով է: Հավաքված ամբողջ գումարը եւս կդառնա մրցանակային: Մասնակիցների տարիքը սկսում է 18-ից: Ամենատարեց խաղացողը Իրանից է՝ 87 տարեկան»,- ասաց Խաչիկ Մելիքյանը:
Ռուսաստանի նարդու ֆեդերացիայի եւ միջազգային ֆեդերացիայի (IBF) նախագահ Տատյանա Կոմարովայի խոսքով, միջազգային ֆեդերացիան առաջին համատեղ մրցաշարն է անցկացնում Հայաստանի հետ:
«Նարդու միջազգային ֆեդերացիան մեկ տարի առաջ է ստեղծվել եւ սա մեր առաջին համատեղ մրցաշարն է Հայաստանի հետ: Ռուսաստանն արդեն խոշոր մրցաշարեր անցկացնելու մեծ փորձ ունի, ճանաչված ենք որպես պաշտոնական մարզաձեւ եւ պետական աջակցություն ունենք Ռուսաստանի կառավարությունից: Մենք դուրս ենք քաղաքականությունից եւ ամեն ինչ անում ենք սպորտի շրջանակներում: Այս մրցաշարը նմանատիպ օրինակներից մեկն է»,- նշեց Տատյանա Կոմարովան:
Ռուսաստանի թիմի ներկայացուցիչ, IBF սպորտային տնօրեն Ացամազ Արսագովը մրցաշարի օրերին թեժ պայքար է ակնկալում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի թիմերից:
«Ես ներկայացնում եմ Ռուսաստանի թիմը, որն իսկապես ուժեղ կազմով է ներկայացել այս մրցաշարին: Մեր կազմում ունենք երկու աշխարհի չեմպիոններ, մրցանակակիրներ, Եվրոպայի չեմպիոններ: Այս օրերին ականատես կլինենք հետաքրքիր պայքարի: Չեմ կարող ասել, թե ովքեր են ֆավորիտները: Ուրախ եմ, որ Հայաստանն ընդունել է այս մրցաշարրը: Մեծ հույս ունեմ, որ այն կդառնա ամենամյա: Հետաքրքիր խաղ ենք ակնկալում Վրաստանից, Իրանից: Ինչպես նշեց Խաչիկ Մելիքյանը, Հայաստանն էլ ուժեղ թիմով է ներկայանում: Պայքարը թեժ է լինելու»,- նկատեց Ացամազ Արսագովը:
IBF ներկայացուցիչ, Armenian Grand Prix մրցաշարի տնօրեն, թուրք Արդա Ֆնդկօղլին առաջին անգամ է Երեւանում: Հրապուրված է հայերի հյուրընկալությամբ եւ մրցաշարի կազմակերպվածությամբ:
«Ես 45 տարեկան եմ եւ արդեն 26 տարի նարդու մրցաշարեր եմ կազմակերպում: Նարդին նման չի մյուս մարզաձեւերին, նարդու համայնքը յուրահատուկ է, որն էլ պահում է ինձ այս ոլորտում: Նարդի խաղացողները մրցում են միմյանց դեմ, հետո միասին նշում հաղթանակը: Տարիների ընթացքում նարդին ինձ շատ ընկերներ է տվել, ինչպիսին է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը: Երկար սպասել եմ Երեւան գալուս ճիշտ պահին: Սա իմ առաջին այցն է: Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում անցկացվող մրցաշարի տնօրեն, որի հրավերը ստացա Ռուսաստանի ֆեդերացիայից: Ես սիրով համաձայնեցի լինել քաղաքականապես առանձնացված համայնքների համար կապող օղակ:
Տարիներով ընկերներիցս լսել էի, որ Արարատ լեռը ավելի լավ տեսք ունի հայկական կողմից: Այս մի քանի օրերին համոզվեցի դրանում, որ իսկապես ճիշտ եք: Հրապուրված եմ հայերի ընդունելությամբ եւ հյուրասիրությամբ: Վստահ եմ, որ շատ լավ օրեր ենք ունենալու մրցաշարի ընթացքում: Հայկական կողմը հրաշալի աշխատանք է կատարել կազմակերպչական գործում: Իմ հերթին թիմիս հետ կանենք առավելագույնը, որը Armenian Grand Prix-ը դառնա հիշարժան մրցաշար»,- ասաց թուրք Արդա Ֆնդկօղլին:
Armenian Grand Prix մրցաշարը կավարտվի օգոստոսի 31-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.