Արթուր Ալեքսանյանը երիտասարդ, պատանի ըմբիշի նման է մարզվում, ռեժիմ պահում, բոլորից լավ պատրաստվում յուրաքանչյուր մրցաշարի: Ինչպես միշտ՝ առաջինն է մտնում մարզադահլիճ եւ ամենավերջինը դուրս գալիս: Նա ցանկություն ունի: Հույս ունենք, որ իր կարգապահության եւ աշխատասիրության հաշվին մինչեւ 2028 թ. կմասնակցի աշխարհի, Եվրոպայի առաջնություններին եւ Օլիմպիական խաղերին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Հավաքականների կազմերը դեռ հայտնի չեն: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր մասնակից երկների նախնական հայտերը, որի կազմում ընդգրկված չէր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Այս տեղեկությունը անհանգստություն էր առաջացրել երկրպագուների շրջանում, բայց ՀԸՖ հայտարարեց, որ աշխարհի քառակի չեմպիոնը մասնակցելու է աշխարհի առաջնությանը:
Պարոն Բաղդադյան, Հայաստանի հավաքականներն ի՞նչ փուլերով են պատրաստվում ԱԱ-2025-ին:
Մի քանի հավաքներ ենք անցել: Եվրոպայի առաջնությունից հետո հունահռոմեականները մասնակցեցին Բենուր Փաշայանի միջազգային մրցաշարին, որը նախընտրական էր աշխարհի առաջնության նախնական կազմի համար:
Դրանից հետո թիմը մեկնեց Ծաղկաձոր հավաքի: Երկրորդ հավաքն անցկացրին Բաթումիում: Այս հավաքից հետո թիմը մասնակցեց երկու միջազգային մրցաշարի: Երեք ըմբիշ հանդես եկավ Հունգարիայի միջազգային մրցաշարում, 7-ը՝ Լեհաստանի: Այդ ընթացքում եւս մեկ հավաք ունեցան Գյումրիում:
Օգոստոսի 17-27-ը թիմը Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեծ հավաք անցավ Լեհաստանում, որին մասնակցում էին մի քանի երկրների հավաքականներ:
Այդ հավաքին մասնակցեցինք 11 ըմբիշով, բոլոր քաշային կարգերում առաջին համարներով: Նրանց հետ էր նաեւ Հայկ Խլոյանը: Նա երիտասարդ ըմբիշ է: Մեծահասակների հետ հավաքին նրա մասնակցելը նպատակային է: Ամեն ինչ անում ենք, որ հետագայում Արթուր Ալեքսանյանին արժանի փոխարինող ունենանք:
Ազատ ոճայինները Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մի քանի փուլով են պատրաստվել աշխարհի առաջնությանը: Օգոստոսին երկու հավաք ունեցան, մեկը Գյումրիում, երկրորդը՝ Վրաստանի Գորի քաղաքում: Այստեղ էլ հունահռոմեականների պես համատեղ հավաք էր մի քանի երկրների թիմերի հետ:
Սեպտեմբերի 1-ից ազատ ոճայինները վերջին մարզումային փուլը կանցնեն Երեւանի «Օլիմպավանում», հունահռոմեականները Երեւանում վերջին հավաքը կանեն սեպտեմբերի 4-ից, որտեղի էլ թիմերը կմեկնեն մրցավայր:
Ինչպե՞ս եք գնահատում ըմբիշների մարզավիճակը, ի՞նչ վնասվածներ կան:
Թիմերը լավ մարզավիճակում են: Թեթեւ վնասվածքներ կան. առանց դրանց չի կարող լինել: Թեթեւ վնասվածք ունի Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը:
Փարիզի Օլիմպիական խաղերից հետո առաջին աշխարհի առաջնությունն է լինելու բոլոր քաշային կարգերում: 2024 թ. անցկացվեց միայն ոչ օլիմպիական 4 քաշային կարգերի առաջնություն:
Երկու թիմերում էլ ունենք սերնդափոխություն, երիտասարդ նոր անուններ կլինեն: Կարծում եմ՝ բոլոր մասնակից երկրների թիմերում էլ այս տարի կլինեն փոփոխություններ, սերնդափոխություն: Գուցե տարիքով ըմբիշներ չմասնակցեն, մեկ տարի հանգստանան: Հասկանալի է, որ այս աշխարհի առաջնությունում բոլոր առաջատար երկրները փորձարկելու են երիտասարդների:
Նոր անուններ կլինե՞ն մեր կազմերում:
Մեր կազմերում եւս կլինեն փոփոխություններ: Քաշային կարգ փոխած ըմբիշ չունենք: Մի քանի երիտասարդի կտրվի հնարավորություն:
Ազատ ոճայիններում մեր առաջատարներն անպայման կլինեն՝ Վազգեն Թեւանյանը 65 կգ քաշային կարգում, Արման Անդերասյանը՝ 70 կգ: Ինչ վերաբերում է Արսեն Հարությունյանին, Վրաստանի հավաքից վերադառնալուց հետո լիարժեք պարզ կլինի, թե այս աշխարհի առաջնությունում նա որ քաշային կարգում հանդես կգա: Մյուսների մասով դեռ ամեն ինչ հստակ չի, քանի դեռ գլխավոր մարզիչները չեն հայտարարել կազմերը:
Արթուր Ալեքսանյանն ի՞նչ մարզավիճակում է, ինչպե՞ս է իրեն զգում գորգի վրա Օլիմպիական խաղերից հետո:
Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը եւ նա կպայքարի իր 5-րդ չեմպիոնության համար: Ամեն ինչ նորմալ է, նշեցի, որ ունի թեթեւ վնասվածքներ: Արթուրի տրամադրվածությունը մարտական է, տրամադրված է մասնակցելուն:
Ինքս էլ տեսնում եմ նրա մեջ չեմպիոնության մեծ ցանկություն, որը չի մարում: Դժվար է լինելու, երիտասարդ, պատահական ըմբիշ չի: Նա տրամադրված աշխատում է Արմեն Բաբալարյանի, Գեւորգ Ալեքսանյանի հետ: Երիտասարդ, պատանի ըմբիշի նման մարզվում է, ռեժիմ է պահում, բոլորից լավ է պատրաստվում՝ առաջինը մտնում մարզադահլիճ եւ ամենավերջինը դուրս գալիս: Նա ցանկություն ունի եւ դեռ այնպես չի, որ շատ մեծ է ըմբշամարտի համար: Հույս ունենք, որ իր կարգապահության եւ աշխատասիրության հաշվին մինչեւ 2028 թ. մասնակցելու է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ Օլիմպիական խաղերին:
Նույնիսկ չի քննարկվում նրա մարզվելը: Նորմալ է, որ Օլիմպիական խաղերից հետո Արթուրին միշտ «հանում են» թիմի կազմից: «Հանողներն են» հանում, բայց առաջինը ինքը պետք է որոշի: Արթուր Ալեքսանյանը մեր ամենատիտղոսակիր ըմբիշն է եւ ինքն է որոշելու եւ ասելու՝ ուզում է մասնակցել այս մրցաշարին, թե ոչ, ուզում է շարունակել կամ ոչ: Որեւէ մեկն իրեն այդ հարցը չի տալիս եւ չի ուզում տա: Բոլորս ամեն օր տեսնում ենք, թե նա ինչ քրտանաջան է մարզվում:
Մալխաս Ամոյանի մասին ի՞նչ կասեք:
Մալխասն էլ շատ լավ է աշխատում: Հրաշալի մարզումներ է անցկացրել այս ընթացքում: Վարշավայի մրցաշարում հաղթող դարձավ, 5 գոտեմարտ հաղթեց: Աշխարհի առաջնությունից առաջ ինքը ցանկացավ մասնակցել այդ մրցաշարին որպես ստուգատես: Մալխասն էլ որոշակի վնասվածքներ ունի, բայց հուսանք, նրան չի խանգարի: Բոլորս սպասում ենք, որ նա նույնպես պետք է իր բարձր կարգը պահի: Արթուր Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի հետ մեծ հույսեր կան. առաջ չընկնենք:
Կարեն Ասլանյանից, Սլավիկ Գալստյանից եւս ակնկալիքներ կան, Հրաչյա Պողոսյանը փորձառու ըմբիշ է, Եվրոպայի մրցանակակիր է. մեր թիմում բոլորը փորձառու են, բոլորից սպասելիքներ ունենք:
Ի՞նչ սպասելիքներ կան ազատ ոճայիններից:
Ինչպես ասացի՝ մեր առաջատարները կլինեն: Մանվել Խնձրցյանի հետ Արսեն Հարությունյանը կորոշի, թե որ քաշում է մասնակցելու: Պարզ կլինի սեպտեմբերի հավաքին: Ազատ ոճայինները հավանաբար կմասնակցեն 5 կամ 6 ըմբիշով: Բարձր քաշային կարգերում ազատ ոճում շարունակում ենք խնդիրներ ունենալ: Աշխարհի առաջնությունը պատահական մրցաշար չի եւ չենք կարող անփորձ ըմբիշի տանել: Եթե ըմբիշը մեդալի գոնե 20 տոկոս շանս չունի, իմաստ չունի մասնակցի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի