Արայիկ Բաղդադյան․ Հույս ունենք, որ Արթուր Ալեքսանյանը կմասնակցի 2028-ի Օլիմպիական խաղերին

10:04   27 օգոստոսի, 2025

Արթուր Ալեքսանյանը երիտասարդ, պատանի ըմբիշի նման է մարզվում, ռեժիմ պահում, բոլորից լավ պատրաստվում յուրաքանչյուր մրցաշարի: Ինչպես միշտ՝ առաջինն է մտնում մարզադահլիճ եւ ամենավերջինը դուրս գալիս: Նա ցանկություն ունի: Հույս ունենք, որ իր կարգապահության եւ աշխատասիրության հաշվին մինչեւ 2028 թ. կմասնակցի աշխարհի, Եվրոպայի առաջնություններին եւ Օլիմպիական խաղերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Հավաքականների կազմերը դեռ հայտնի չեն: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  ներկայացրել էր մասնակից երկների նախնական հայտերը, որի կազմում ընդգրկված չէր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Այս տեղեկությունը անհանգստություն էր առաջացրել երկրպագուների շրջանում, բայց ՀԸՖ հայտարարեց, որ աշխարհի քառակի չեմպիոնը մասնակցելու է աշխարհի առաջնությանը:

Պարոն Բաղդադյան, Հայաստանի հավաքականներն ի՞նչ փուլերով են պատրաստվում ԱԱ-2025-ին:

Մի քանի հավաքներ ենք անցել: Եվրոպայի առաջնությունից հետո հունահռոմեականները մասնակցեցին Բենուր Փաշայանի միջազգային մրցաշարին, որը նախընտրական էր աշխարհի առաջնության նախնական կազմի համար:

Դրանից հետո թիմը մեկնեց Ծաղկաձոր հավաքի: Երկրորդ հավաքն անցկացրին Բաթումիում: Այս հավաքից հետո թիմը մասնակցեց երկու միջազգային մրցաշարի: Երեք ըմբիշ հանդես եկավ Հունգարիայի միջազգային մրցաշարում, 7-ը՝ Լեհաստանի: Այդ ընթացքում եւս մեկ հավաք ունեցան Գյումրիում:

Օգոստոսի 17-27-ը թիմը Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեծ հավաք անցավ Լեհաստանում, որին մասնակցում էին մի քանի երկրների հավաքականներ:

Այդ հավաքին մասնակցեցինք 11 ըմբիշով, բոլոր քաշային կարգերում առաջին համարներով: Նրանց հետ էր նաեւ Հայկ Խլոյանը: Նա երիտասարդ ըմբիշ է: Մեծահասակների հետ հավաքին նրա մասնակցելը նպատակային է: Ամեն ինչ անում ենք, որ հետագայում Արթուր Ալեքսանյանին արժանի փոխարինող ունենանք:

Ազատ ոճայինները Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մի քանի փուլով են պատրաստվել աշխարհի առաջնությանը: Օգոստոսին երկու հավաք ունեցան, մեկը Գյումրիում, երկրորդը՝ Վրաստանի Գորի քաղաքում: Այստեղ էլ հունահռոմեականների պես համատեղ հավաք էր մի քանի երկրների թիմերի հետ:

Սեպտեմբերի 1-ից ազատ ոճայինները վերջին մարզումային փուլը կանցնեն Երեւանի «Օլիմպավանում», հունահռոմեականները Երեւանում վերջին հավաքը կանեն սեպտեմբերի 4-ից, որտեղի էլ թիմերը կմեկնեն մրցավայր:

Ինչպե՞ս եք գնահատում ըմբիշների մարզավիճակը, ի՞նչ վնասվածներ կան:

Թիմերը լավ մարզավիճակում են: Թեթեւ վնասվածքներ կան. առանց դրանց չի կարող լինել: Թեթեւ վնասվածք ունի Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերից հետո առաջին աշխարհի առաջնությունն է լինելու բոլոր քաշային կարգերում: 2024 թ. անցկացվեց միայն ոչ օլիմպիական 4 քաշային կարգերի առաջնություն:

Երկու թիմերում էլ ունենք սերնդափոխություն, երիտասարդ նոր անուններ կլինեն: Կարծում եմ՝ բոլոր մասնակից երկրների թիմերում էլ այս տարի կլինեն փոփոխություններ, սերնդափոխություն: Գուցե տարիքով ըմբիշներ չմասնակցեն, մեկ տարի հանգստանան: Հասկանալի է, որ այս աշխարհի առաջնությունում բոլոր առաջատար երկրները փորձարկելու են երիտասարդների:

Նոր անուններ կլինե՞ն մեր կազմերում:

Մեր կազմերում եւս կլինեն փոփոխություններ: Քաշային կարգ փոխած ըմբիշ չունենք: Մի քանի երիտասարդի կտրվի հնարավորություն:

Ազատ ոճայիններում մեր առաջատարներն անպայման կլինեն՝ Վազգեն Թեւանյանը 65 կգ քաշային կարգում, Արման Անդերասյանը՝ 70 կգ: Ինչ վերաբերում է Արսեն Հարությունյանին, Վրաստանի հավաքից վերադառնալուց հետո լիարժեք պարզ կլինի, թե այս աշխարհի առաջնությունում նա որ քաշային կարգում հանդես կգա: Մյուսների մասով դեռ ամեն ինչ հստակ չի, քանի դեռ գլխավոր մարզիչները չեն հայտարարել կազմերը:

Արթուր Ալեքսանյանն ի՞նչ մարզավիճակում է, ինչպե՞ս է իրեն զգում գորգի վրա Օլիմպիական խաղերից հետո:

Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը եւ նա կպայքարի իր 5-րդ չեմպիոնության համար: Ամեն ինչ նորմալ է, նշեցի, որ ունի թեթեւ վնասվածքներ: Արթուրի տրամադրվածությունը մարտական է, տրամադրված է մասնակցելուն:

Ինքս էլ տեսնում եմ նրա մեջ չեմպիոնության մեծ ցանկություն, որը չի մարում: Դժվար է լինելու, երիտասարդ, պատահական ըմբիշ չի: Նա տրամադրված աշխատում է Արմեն Բաբալարյանի, Գեւորգ Ալեքսանյանի հետ: Երիտասարդ, պատանի ըմբիշի նման մարզվում է, ռեժիմ է պահում, բոլորից լավ է պատրաստվում՝ առաջինը մտնում մարզադահլիճ եւ ամենավերջինը դուրս գալիս: Նա ցանկություն ունի եւ դեռ այնպես չի, որ շատ մեծ է ըմբշամարտի համար: Հույս ունենք, որ իր կարգապահության եւ աշխատասիրության հաշվին մինչեւ 2028 թ. մասնակցելու է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ Օլիմպիական խաղերին:

Նույնիսկ չի քննարկվում նրա մարզվելը: Նորմալ է, որ Օլիմպիական խաղերից հետո Արթուրին միշտ «հանում են» թիմի կազմից: «Հանողներն են» հանում, բայց առաջինը  ինքը պետք է որոշի: Արթուր Ալեքսանյանը մեր ամենատիտղոսակիր ըմբիշն է եւ ինքն է որոշելու եւ ասելու՝ ուզում է մասնակցել այս մրցաշարին, թե ոչ, ուզում է շարունակել կամ ոչ: Որեւէ մեկն իրեն այդ հարցը չի տալիս եւ չի ուզում տա: Բոլորս ամեն օր տեսնում ենք, թե նա ինչ քրտանաջան է մարզվում:

Մալխաս Ամոյանի մասին ի՞նչ կասեք:

Մալխասն էլ շատ լավ է աշխատում: Հրաշալի մարզումներ է անցկացրել այս ընթացքում: Վարշավայի մրցաշարում հաղթող դարձավ, 5 գոտեմարտ հաղթեց: Աշխարհի առաջնությունից առաջ ինքը ցանկացավ մասնակցել այդ մրցաշարին որպես ստուգատես: Մալխասն էլ որոշակի վնասվածքներ ունի, բայց հուսանք, նրան չի խանգարի: Բոլորս սպասում ենք, որ նա նույնպես պետք է իր բարձր կարգը պահի: Արթուր Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի  հետ մեծ հույսեր կան. առաջ չընկնենք:

Կարեն Ասլանյանից, Սլավիկ Գալստյանից եւս ակնկալիքներ կան, Հրաչյա Պողոսյանը փորձառու ըմբիշ է, Եվրոպայի մրցանակակիր է. մեր թիմում բոլորը փորձառու են, բոլորից սպասելիքներ ունենք:

Ի՞նչ սպասելիքներ կան ազատ ոճայիններից:

Ինչպես ասացի՝ մեր առաջատարները կլինեն: Մանվել Խնձրցյանի հետ Արսեն Հարությունյանը կորոշի, թե որ քաշում է մասնակցելու: Պարզ կլինի սեպտեմբերի հավաքին: Ազատ ոճայինները հավանաբար կմասնակցեն 5 կամ 6 ըմբիշով: Բարձր քաշային կարգերում ազատ ոճում շարունակում ենք խնդիրներ ունենալ: Աշխարհի առաջնությունը պատահական մրցաշար չի եւ չենք կարող անփորձ ըմբիշի տանել: Եթե ըմբիշը մեդալի գոնե 20 տոկոս շանս չունի, իմաստ չունի մասնակցի մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.