09:03  ,  12 օգոստոսի, 2025

ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյան. Էլինա Ավանեսյանը մեր օլիմպիական հույսն է, Կարեն Խաչանովին առաջարկ կարվի

Էլինա Ավանեսյանը հաջորդ տարվանից կհամալրի Հայաստանի հավաքականը: Նա մեծ մոտիվացիա է հայկական թենիսում: Էլինայի հետ օլիմպիական մեծ նպատակ ունենք Լոս Անջելես-2028-ում: Նա մեր հույսն է: Ծրագրում եմ նաեւ հանդիպում Կարեն Խաչանովի հետ: Թե ինչ առաջարկ եմ փորձելու անել նրան, կհայտնեմ հանդիպումից հետո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը:

2025թ. փետրվարի 2-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի  արտահերթ ժողովում Վարդան Զաքարյանն ընտրվեց ՀԹՖ նախագահ: Մինչեւ այդ 2000 թվականից ֆեդերացիայի նախագահը գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն էր:

Պարոն Զաքարյան, արդեն շուրջ 6 ամիս գլխավորում եք Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Սկզբի համար, ի՞նչը Ձեզ բերեց մեծ թենիս: Ո՞ւմ խորհրդով կամ ինչո՞ւ որոշեցիք նախագահի թեկնածություն դնել:

Փոքր տարիքից սիրել եմ թենիսը, նաեւ զբաղվել եմ, բայց ոչ պրոֆեսիոնալ: Վերջին տարիներին Ծաղկաձորի մարզաբազայում կառուցեցինք 9 բացօթյա եւ 4 փակ՝ ռետինե ծածկույթով կորտեր: Այս առումով շփումներս խորացան թենիսիտների եւ թենիսի հանրության հետ: Այդ ընթացքում միջազգային մրցաշարեր անցկացվեցին  Ծաղկաձորում: Շփումների արդյունքում հասկացա, որ միայն թենիսով հետաքրքրվածությունը բավարար չէ: Մեր մրցաշարերին պարբերաբար մասնակցում է նաեւ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւի դուստրը, շփումներս նաեւ շատ են պարոն Տարպիշչեւի հետ: Մի օր նա ինձ ասաց, որ լավ կլիներ՝ ֆեդերացիայի նախագահի թեկնածություն դնեի: Կարելի է ասել՝ նրա եւ թենիսային հանրության խորհրդով եկա մեծ թենիս:

Մինչեւ այդ, որքանո՞վ էիք առնչվել հայկական թենիսի հետ, հետեւե՞լ եք մարզաձեւի ներկայացուցիչների, հավաքականի անդամների մրցելույթներին:

Հայկական սպորտի մեծ երկրպագու եմ եւ մշտապես հետեւում եմ հայ մարզիկների մրցելույթներին՝ անկախ մարզաձեւից, այդ թվում հայ թենիսիստներին, բայց ոչ այդքան խորքային: Պատճառը գուցե եղել է այն, որ թենիսում այդքան էլ լավ արդյունքներ չենք ունեցել, ինչպես ըմբշամարտում, ծանրամարտում կամ մյուս մարզաձեւերում: Եթե ավելի անկեղծ, թենիսում վերջին տարիներին լավ արդյունքներ չենք ունեցել, որն ունի իր պատճառները: Իրականում եղել են պատճառներ, թե ինչու չենք ունեցել բարձր արդյունքներ:

Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ նախագահ Հարություն Փամբուկյանից:

Չեմ ցանկանում վերլուծել, թե ինչ ժառանգություն ենք ստացել նախորդ ղեկավարությունից: Ունենք այն, ինչ ունենք...  Հայկական թենիսում ունենք մեծ խնդիրներ: Առաջին մեծ ու լուրջ խնդիրը ենթակառուցվածքներն են: Շատ քիչ կորտեր ունենք, այնինչ՝ պետք է շատ լինեին: Ենթակառուցվածքներով պայմանավորված՝ մարզաձեւի մասսայականությունը թույլ է, ինչից էլ գալիս է լավ թենիսիստների եւ դրական արդյունքների պակասը: Ֆեդերացիան շատ քիչ ֆինանսավորում է ստանում Կառավարությունից: Սա էլ ժառանգություն կարելի է համարել: Տեղեկություն չունեմ՝ նախկին ղեկավարությունը դիմել է ֆինանսավորման ավելացման համար, թե ոչ: Փաստն այն է, որ ունենք շատ քիչ բյուջե, ենթակառուցվածքների լուրջ խնդիր, հետեւաբար՝ թույլ արդյունքներ: Այնպես չի, որ ամեն ինչ զրոյից պետք է սկսել: Օրինակ՝ այս տարի 14 տարեկանների տղաների եւ աղջիկների մեջ ունեցել ենք Tennis Europe մրցաշարի  հաղթողներ՝ Առնո Ավետիսյան եւ Մարիա Ազիզյան:  Մինչեւ 18 տարեկանների ITF մրցաշարում զուգախաղում հաղթողներ են դարձել Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը:

Նախկին նախագահը 25 տարի է ղեկավարել ֆեդերացիան, բայց Ձեր նշած խնդիրները շարունակել են ակտուալ մնալ: Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ինչո՞ւ եք եկել մեծ թենիս:

Չեմ եկել գումար աշխատելու: Մինչեւ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելը գործարար եմ. այս ոլորտում գումար աշխատելու կարիք չունեմ: Եկել եմ, քանի որ սիրում եմ մարզաձեւը եւ ցանկանում եմ հայկական թենիսը զարգանա, գա մի ժամանակ, որ ունենանք լավ թենիսիստներ, թենիսիստուհիներ, որոնք աշխարհի մակարդակով կարողանան խոսք ասել: Թե ինչու են այս խնդիրները շարունակել մնալ անլուծելի, դժվար է ասել, չեմ ուսումնասիրել, չի հետաքրքրել:

Ղեկավարման առաջին կիսամյակում ի՞նչ հաջողություններ եք գրանցել, ի՞նչ ձախողումներ են եղել:

Հաջողություն եմ համարում Անգլիայի թենիսի ֆեդերացիայի կողմից «Ուիմբլդոնի» մրցաշարին հրավիրվելը, որի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի նախագահի, տարբեր կառույցների եւ երկրների ֆեդերացիաների նախագահների հետ: Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման ծրագրեր, նաեւ ձեռք ենք բերել պայմանավորվածություն անմիջապես ITF-ի կողմից աջակցություն ստանալ նոր կորտեր կառուցելու ուղղությամբ: Նախնական համաձայնություն ենք ստացել նաեւ 2027 թ. միջազգային ֆեդերացիայի գլխավոր համաժողովն անցկացնել Հայաստանում:

Առաջիկա երկու ամսվա ընթացքում քայլ առ քայլ կունենանք մշակված ծրագիր, թե ինչպես պետք է զարգացնել թենիսը: Չեմ ուզում որեւէ մարզիչի, մրցավարի կամ թենիսիստի հասեցին բացասական խոսք ասել, բայց ունեմ հստակ պատկերացում, թե որտեղ ենք թերանում: Մեծ աշխատանք ունենք անելու մարզչական կազմում, մրցավարությունում: Լավ թենիսիտների հետ ճիշտ աշխատանքի կարիք կա, որպեսզի պրոֆեսիոնալ թենիսում հաջողություններ ունենանք: Շեշտը դրված է 14 տարեկանից հետո պրոֆեսիոնալ դաշտ անցումը ճիշտ կատարելուն, որը կվերահսկվի ֆեդերացիայի կողմից: Այնպես չի, որ մարզիչները սխալ են աշխատում, բայց 14 տարեկանից հետո կա արդյունքների անկում: Պատճառը ֆինանսական ծախսերի պակասն է, ոչ ճիշտ կառավարումը, միջազգային մրցաշարերի մասնակցության պակասը: Մշակում ենք մարզչական ծրագիր, որպեսզի ամեն տարիքային խումբ ունենա իր ավագ մարզիչը: Հիմա այդպես չի: Մեզ արդյունք է պետք, այլ ոչ միայն գեղեցիկ խաղ:

Այսինքն՝ մարզիչների խնդիր կա՞:

Ունենք բանիմաց մարզիչներ, բայց քիչ են: Բոլորը ներգրավված են այս ծրագրում: Ստեղծելու ենք մարզչական խորհուրդ, լինելու է խորհրդի նախագահ, որն ուղիղ աշխատելու է ինձ հետ: Աշխատանքը պետք է համակարգված տանենք, որպեսզի արդյուք ստանանք:

Արդյունքների բացակայության հարցում չեմ ցանկանում մեղադրել միայն մարզիչներին: Ծրագիրը պատրաստ լինելուց հետո մարզիչների առաջ կոնկրետ խնդիր է դրվելու: Մարզիչները ստանալու են բավարար ֆինանսավորում, բայց դրա դիմաց ունենալու են հստակ խնդիրներ: Արդյունքները չստանալու դեպքում կլինեն հստակ փոփոխություններ: Ինձ չի գոհացնելու միայն ներքին առաջնությունների արդյունքները, առաջին ռակետներ լինելը, այլ միջազգային մրցաշարերում բարձր արդյունքները:

Ձեր նախագահության օրոք արդեն Վահե Ավետիսյանի գլխավորած տղաների թիմը խայտառակ ձախողում ունեցավ Դեւիսի գավաթում: Հետեւե՞լ եք մրցելույթներին:

Արձագանքս, միանշանակ, բացասական է: Բոլոր խաղերում պարտվել ենք: Պատճառները տարբեր են՝ վատ մարզավիճակ, հոգեբանական անպատրաստ վիճակ: Չի ստացվել: Թենիսում պրոֆեսիոնալ չեմ, բայց կյանքում կառավարման մեծ փորձ ունեմ: Վատ արդյունքն արդեն ունենք: Իրականում, ես ոչինչ չէի կարող անել 4-5 ամսվա ընթացքում: Ֆեդերացիան իր կողմից ամեն ինչ արել էր: Թիմը գնացել, մասնակցել է, տղաները լավ չեն խաղացել: 

Մրցաշարից հետո գլխավոր մարզիչի հետ հանդիպե՞լ եք, ինչպե՞ս է մեկնաբանել ձախողումը: Մարզիչի փոփոխություն նախատեսու՞մ եք:

Հավաքականի մարզիչի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում եմ: Կարող եմ նրան կանչել եւ ասել, որ երկար տարիներ ղեկավարում ես, բայց հավաքականը որեւէ տեղ, որեւէ լավ արդյունք չունի, որի պատճառով ազատում եմ աշխատանքից: Սա հարցի լուծում չի: Ես դեռ չեմ կարող այսպես հարցին լուծում տալ, քանի դեռ ծրագրով չենք աշխատում: Փաստում եմ, որ ֆեդերացիայում չունենք անփոխարինելի մարդ՝ սկսած ինձանից: Ով լավ արդյունք գրանցի, նրա հետ էլ աշխատելու ենք:

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում տղամարդկանց թիմում:

Միանշանակ, հավաքականում փոփոխություն է պետք: Ակնկալում եմ, որ 2 տարում կունենանք լավ արդյունքներ, եթե ճիշտ աշխատանք տարվի երիտասարդների հետ:

Տղամարդկանց համեմատ կանանց թիմը հաջող հանդես եկավ Բիլի Ջին Քինգի մրցաշարում: Կանանց թիմի մասին ի՞նչ կասեք:

Կանանց հավաքականն ավելի կայուն է, ունենք լավ խաղացողներ: Հեռանկարային են ներքեւից եկող աղջիկները:

Շուտով կանանց թիմը կհամալրի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը: Ի՞նչ ծրագրեր կան նրա հետ:

Շատ ուրախ եմ, որ Էլինա Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը: Պայմանագիր ունենք նրա եւ «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ: Էլինան կանանց հավաքականը կհամալրի 2026 թ. օգոստոսից եւ կմասնակցի մրցաշարերի, լավ արդյունքներ կգրանցի թիմի հետ: Էլինա Ավանեսյանը մեծ մոտիվացիա է տալու հայկական թենիսին: Սեպտեմբերին կժամանի Հայաստան, կլինեն տարբեր ծրագրեր նրա մասնակցությամբ, վարպետության դաս, կունենա նաեւ հանդիպում ինձ հետ: Ծրագրում եմ նրան առաջարկել տարվա մեջ թիմի հետ երկու հավաք անցնել Ծաղկաձորում: Այդ հավաքներն ամբողջությամբ կֆինանսավորվի իմ կողմից: Էլինայի հետ օլիմպիական մեծ նպատակ ունենք Լոս Անջելես-2028-ում: Նա մեր հույսն է: Մեր հանդիպման ընթացքում կքննարկենք նաեւ այս հարցը, կլսեմ նրա խնդիրները, թե ինչ է անհրաժեշտ Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար, կփորձեմ լուծել այդ խնդիրները: Մեծ հույս ունեմ, որ մինչեւ Օլիմպիական խաղեր լավագույն 50-ում կլինի եւ կնվաճի ուղեգիր: Եթե Ծաղկաձորում մարզվի, լավագույն 50-ում, վստահ, կլինի (ծիծաղում է):

Նախատեսում եմ հանդիպել նաեւ Կարեն Խաչանովի հետ: Նա շատ է սիրում Հայաստանը: Գուցե իմ կողմից առաջարկ հնչի մարզական քաղաքացիությունը փոխելու մասին: Այդ մասին կխոսեմ նրա հետ հանդիպումից հետո: Փորձեր արվելու են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News