Այլ երկրի դրոշի ներքո հանդես գալն իմ որոշումն է, որեւէ մեկին չեմ մեղադրում, որեւէ մեկից նեղացած չեմ: Ես Հայաստանը շատ եմ սիրում, իմ հավաքականը շատ եմ սիրում: Ուղղակի, այն տարիքում եմ, որ մեր հավաքականում այլեւս չեմ կարող լուրջ արդյունքներ գրանցել, իսկ կարիերան դեռ չեմ ուզում ավարտել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը, որը հեռացել է ծանրամարտի Հայաստանի հավաքականից եւ հանդես կգա Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո:
Անդրանիկ, օրերս հայտնի դարձավ, որ դու փոխել ես մարզական քաղաքացիությունդ եւ ներկայացնելու ես Բոսնիա եւ Հերցեգովինան: Ինչո՞ւ որոշեցիր հեռանալ Հայաստանի հավաքականից, ինչպե՞ս եկար այդ որոշմանը:
Ես հեռացել եմ Հայաստանի հավաքականից: Բոսնիա եւ Հերցեգովինայից առաջարկ ստացա, մտացեծի եւ որոշեցի ընդունել այն, փորձել ուժերս այնտեղ: Որոշումը կայացրել եմ 2024 թ. աշխարհի առաջնությունից հետո: Դեկտեմբերին մարզիչներին ասել էի, որ եթե աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճեմ, մարզվելու իմաստ այլեւս չկա, կավարտեմ կարիերաս: Մեդալ չնվաճեցի ու դադարեցրի մարզումներս:
Հայաստան վերադառնալուց հետո Բոսնիայից առաջարկ ստացա՝ հանդես գալ իրենց երկրի դրոշի ներքո: Նրանց առաջարկը, տարբերակը դիտարկեցի, ավելի լավ պայմաններ առաջարկեցին, ես համաձայնեցի: Բոսնիայի հավաքականն այդքան էլ բարձր արդյունքներ չի պահանջում ինձանից, գումարն էլ նորմալ է: Այդպես համաձայնեցի: Մարզական քաղաքացիությունս փոխելու իրավունք ունեի օլիմպիական տարում, դեկտեմբերին ընդունեցի առաջարկը:
Այդ գործընթացին ֆեդերացիան տեղյակ եղե՞լ է, աշխարհի առաջնությունից հետո որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է՝ ավարտում ես կարիերադ, թե ոչ:
Աշխարհի առաջնության ժամանակ մարզիչներին արդեն ասել էի, որ էլ չեմ մարզվելու: Հետո մարզիչները եկան, հարցազրույցներ տվեցին, որ ինձ հեռացրել են հավաքականից: Իրականում լրիվ այլ խոսակցություն էր եղել, ես էի ասել, որ էլ չեմ ուզում մարզվել: Հետո այդ առաջարկը ստացա Բոսնիայից եւ համաձայնեցի: Ավելի ուշ հանդիպեցի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ներկայացրեցի ամեն ինչ, ասացի, որ այն մարզավիճակում չեմ, որ շատ լուրջ արդյունքներ գրանցեմ, ավելի երիտասարդ ծանրորդներ կան իմ քաշային կարգում, որոնք կարող են փոխարինել ինձ: Ֆեդերացիայի նախագահը հասկացավ ինձ, եկանք համաձայնության:
Ֆեդերացիան ասում է, որ քեզ առաջարկվել է լավագույն պայմանները: Այդ առաջարկները դիտարկե՞լ ես:
Ֆեդերացիայից առաջարկեցին ինձ իրենց պայմանները, բայց ես արդեն կայացրել էի իմ որոշումը: Արդեն խոսել էի Բոսնիայի հավաքականի հետ, համաձայնությունս տվել էի. գեղեցիկ չէր լինի, որ այդքանից հետո հրաժարվեի: Այդ ժամանակ արդեն փաստաթղթերիս մեծ մասը պատրաստ էր: Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ինձ առաջարկեց մնալ Հայաստանում, մարզչական գործունեություն ծավալել, բայց ասացի, որ դեռ ինձ չեմ տեսնում մարզչությունում :
Ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մնայի, ուղղակի ես իմ որոշումն արդեն կայացրել էի: Իրենք շատ լավ առաջարկներ են արել, բայց արդեն ուշ էր:
Գտնում ես, որ Հայաստանի հավաքականի կազմում այլեւս ոչինչ չէիր կարող անե՞լ:
Այդ մասին կողքից հետեւողները կարող են ասել: Հիմնական խնդիրն այն է, որ Բոսնիայում պարգեւատրում են առանձին վարժությունների համար: Մեզ մոտ այդպես չի: Բոսնիայում ներքին առաջնություններից բացի, ակումբային մրցաշարերն են շատ: Այնտեղ կարող ես ոչ այդքան շատ կիլոգրամներ բարձրացնել, բայց մեծ գումարներ ստանալ:
Նախկինում այլ երկիրներից առաջարկներ ստացե՞լ ես: Երբեւէ մտածե՞լ էիր մարզական քաղաքացիությունը փոխելու մասին:
Շատ առաջարկներ եմ ունեցել իմ կարիերայում, բայց երբեք չեմ մտածել Հայաստանի հավաքականից հեռանալու մասին:
Որեւէ մեկին մեղադրո՞ւմ ես որոշմանդ մեջ:
Սա իմ որոշումն է, որեւէ մեկին չեմ մեղադրում այդ որոշումը կայացնելուս մեջ: Որեւէ մեկից նեղացած չեմ: Այնպես չի, որ իմ երկիրը չեմ սիրում, դրա համար եմ գնում: Ես Հայաստանը շատ եմ սիրում, իմ հավաքականին եմ շատ սիրում: Միակ պատճառը տարիքս է, որ չեմ կարող մեր հավաքականում լուրջ արդյունքներ գրանցել: Բոսնիայում ավելի հեշտ կլինի: Շատ ծանրաբեռնված չեմ լինի: Կշարունակեմ մարզվել Հայաստանում, մշտական բնակության չեմ տեղափոխվելու, միայն կմասնակցեմ մրցաշարերին:
Քաղաքացիությունդ փոխե՞լ ես:
Բոսնիայի եւ Հերցեգովինայի քաղաքացիություն ստացել եմ, Հայաստանի քաղաքացիությունից չեմ հրաժարվել: Երկքաղաքացի եմ: Եթե Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու հարց լիներ, այդ ժամանակ կմտածեի...
Այս տարվա փետրվարին անցկացված Հայաստանի առաջնությանը հայտավորված ես եղել: Եթե արդեն որոշել էիր, որ այլ երկրի դրոշի ներքո պիտի շարունակես հանդես գալ, ինչո՞ւ էիր հայտավորվել, եւ, եթե հայտավորվել էիր, ինչո՞ւ չմասնակցեցիր:
Այդ ժամանակ ես արդեն ստացել էի առաջարկը եւ տվել էի համաձայնությունս, բայց լիարժեք համոզված չէի, չէի հասկանում՝ կստացվի՞, թե՞ ոչ: Անպայման ուզում էի մասնակցել Հայաստանի առաջնությանը, նոր սպորտից հեռանալ: Ուզում էի հաղթանակած ավարտել մրցելույթներս հավաքականում: Հայաստանի առաջնության օրը ինձ ավիատոմսեր գնեցին, մեկնեցի Բոսնիա: Այնպես ստացվեց, որ մրցման գիշերը մեկնեցի, չհասցրեցի մասնակցել, նոր գնալ: Մեկնեցի Բոսնիա այդ գիշեր եւ այնտեղ արդեն վերջնական փաստաթղթերս ստացվեց:
Եթե մնայի Հայաստանում, չընդունեի Բոսնիայի առաջարկը, միեւնույն է՝ չէի մարզվելու: Դեռ չեմ ուզում ավարտել մարզական կարիերաս, եթե մնայի Հայաստանում, կավարտեի:
Ի՞նչ հետք թողեց Ռիո-2016-ի վնասվածքը քո կարիերայում:
Շատ մեծ... Այդ վնասվածքը մեծ ազդեցություն ունեցավ իմ կարիերայի վրա: Եթե այդ կոտրվածքը չունենայի, ամեն ինչ այլ ընթացք կունենար: Անգամ եթե այդ օրը օլիմպիական մեդալ չնվաճեի, որեւէ տեղ չգրավեի, առանց վնասվածքի վերադառնայի, շատ աշխարհի առաջնություններ հաղթած կլինեի: Հոգեբանական առումով եւս շատ վատ ազդեց: Այդ ամենի միջից դուրս գալը շատ դժվար էր:
Ի՞նչ խոսքերով ես հրաժեշտ տալիս Հայաստանի հավաքականին, քո երկրպագուներին:
Շատ շնորհակալ եմ բոլորին, մարդկանց, որոնք լիարժեք ուրախացել են իմ հաջողություններով, տխրել՝ իմ պարտություններով: Շատ ձախողումներ եմ ունեցել, բայց բոլորն էլ ըմբռնումով են մոտեցել: Այս 15 տարիների մեջ փորձել եմ ամեն ինչ անել իմ երկրի համար: Հուսամ՝ ստացվել է:
Պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը, որին արդեն կներկայացնեմ Բոսնիա եւ Հերցեգովինան: Հուլիսի 30-ին կմեկնեմ Վիենա, որտեղ հավաք կանցնեմ, այդ ընթացքում կմասնակցեմ միջազգային մրցաշարի:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի